Վրաստանի լեռնային շրջաններում դիալիզի ծառայությունն առաջին անգամ հասանելի է դարձել «Մթիս Ամբեբիի» շահերի պաշտպանության արշավի արդյունքում։ «Լքել կամ մեռնել» հատուկ ռեպորտաժում պատմում էինք Զեմո Սվանեթիում դիալիզից կախված հիվանդների մասին։ Նրանք, ովքեր ապրում էին Զեմո Սվանեթիում և դիալիզի կարիք ունեին, այլընտրանք չունենալու պատճառով ստիպված էին լքել Մեստիայի մունիցիպալիտետը, հակառակ դեպքում նրանց կյանքին վտանգ կսպառնար։ Ռեպորտաժի հրապարակումից հետո «Մթիս Ամբեբին» ստորագրահավաքի միջոցով հավաքել է ավելի քան 10 000 ստորագրություն և այն ներկայացրել միաժամանակ երեք գերատեսչության՝ կառավարության վարչակազմին, խորհրդարանին և հանրային պաշտպանի գրասենյակին։ Կառավարությունից պահանջում էինք դիտարկել նշված խնդրագիրը և հնարավորինս արագ և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Սվանեթիի բնակիչները կարողանան օգտվել Մեստիայի հիվանդանոցի դիալիզի պետական ծրագրից: Այս խնդիրը ակտիվորեն լուսաբանում էին նաև կենտրոնական լրատվամիջոցները։
Մյուս լեռնային շրջաններից դիալիզի կախվածություն ունեցող անձանց ակտիվ արձագանքից հետո «Մթիս Ամբեբին» ընդլայնեց իր շահերի պաշտպանության արշավը և համագործակցելով Ռաճայի համայնքային կազմակերպության հետ, պահանջեց դիալիզի կենտրոն բացել նաև Ամբրոլաուրիում։ Շահերի պաշտպանության արշավի շրջանակներում «Մթիս Ամբեբին» ուսումնասիրել է Վրաստանի ավելի քան 20 մունիցիպալիտետներում դիալիզի պետական ծրագրի հասանելիության խնդիրը։ Մինչ այս, ոչ մի բարձրլեռնային շրջանում դիալիզի կենտրոն չէր գործում։
Ապրիլի 2-ին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ դիալիզի կենտրոններ են բացվելու Մեստիայում, Ամբրոլաուրիում, Թիանեթիում և ևս 4 այլ քաղաքներում։ 2022 թվականի մայիսին Զեմո Սվանեթիի Մեստիայի հիվանդանոցում բացվեց դիալիզի կենտրոն։
«Մթիս Ամբեբին» պարբերաբար նախարարությունից գրավոր տեղեկատվություն է խնդրում, թե ինչպես է նախարարը կատարում իր խոստումը։
Նախարարության տեղեկատվության համաձայն, դիալիզի կաբինետների տեղադրման համար անհրաժեշտ շինարարական նախագծերն արդեն պատրաստվել են Թիանեթիում, Ղազբեգիում և Լանչխութիում: Մինչև տարեվերջ, հավանաբար բոլոր երեք մունիցիպալիտետներում կբացվի դիալիզի կենտրոններ։
«Մթիս Ամբեբին» Առողջապահության նախարարությունից նաև տեղեկություն է խնդրում, թե արդյո՞ք ուսումնասիրվել է իրավիճակը Ջավախեթիի և Լեռնային Աջարիայի մունիցիպալիտետներում և ինչու չի որոշվել դիալիզի ծառայություններ սկսել Խուլոյում, Նինոծմինդայում կամ Ախալքալաքում։
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի հետագա ընդլայնման մասով հարցը կդիտարկվի քայլ առ քայլ՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների կարիքները։
Որոշ մունիցիպալիտետներ դիալիզի պետական ծրագրի շահառուներին ամեն ամիս օգնում են 150, 200, 250 լարիով, որպեսզի վերջիններս կարողանան իրենց բնակության վայրից տեղափոխել այլ քաղաքների կլինիկաներ՝ շաբաթական 3 անգամ ծառայություն ստանալու համար։ Լեռնային շրջաններում մունիցիպալ տրանսպորտի բացակայության պատճառով բյուջեից հատկացվող միջոցները չեն բավարարում դիալիզից կախված անձանց նույնիսկ մեկ շաբաթով բուժհաստատություն գնալու համար։ Որոշ մունիցիպալիտետներում շահառուները նույնիսկ չեն ստանում այս օգնությունը։ «Մթիս Ամբեբին» աշխատում է նաև, որ ինքնակառավարման մարմինները դիալիզի կախված անձանց համար հատկացվող փոխադրման ծախսի փոխհատուցումը գոնե կրկնապատկեն, իսկ այն մունիցիպալիտետներում, որտեղ ընդհանրապես նման ծրագիր չկա՝ այն գործարկվի։
Դիալիզը կարող է անհրաժեշտ լինել մի քանի պատճառներով: Ամենից հաճախ դա տեղի է ունենում երիկամների անբավարարության պատճառով: Դիալիզի ծառայությունից օգտվելը մարդկանց ապրելակերպի կտրուկ փոփոխության է հանգեցնում, նրանք կախվածության մեջ է մնում ապարատից: Յուրաքանչյուր պրոցեդուրա տևում է 3-4 ժամ և կատարվում է շաբաթական երեք անգամ։ Դիալիզի պետական ծրագիրը Վրաստանում իրականացվում է 1996 թվականից։ 2022 թվականի բյուջեն կազմում է 53 259 000 լարի։ Երկրում ծրագրից օգտվում է մոտ 3400 մարդ։
Կարող եք ընթերցել նաև՝ Ինչ է սպասվում Ջավախեթիում դիալիզի անհրաժեշտություն ունեցող պացիենտներին