76-ամյա Զաիրա Փարջիանին իր ողջ կյանքն անցկացրել է Լատալիում (գյուղ Սվանեթիում)։ Մայիսին, երբ Թբիլիսիում ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ ոչ մի երիկամ չի աշխատում և չի կարող գոյատևել առանց դիալիզի, մայրն ու աղջիկը կանգնեցին ընտրության առաջ՝ մայրը պետք է լքեր Սվանեթին և տեղափոխվեր իր աղջկա մոտ, Թբիլիսիի իտալական բակերից մեկը։ Նա պատրաստ էր մեռնել, որդու գերեզմանն ու Սվանեթիի սարերը լքելուն չէր համակերպվում։ Զաիրա Փարջիանիի որդին մահացել է 39 տարեկանում։ Ընտանիքը մի կերպ համաձայնություն է ստացել նրան Թբիլիսի տանել։ Մայիսից նա Ինգորողվա կլինիկայի նեֆրոլոգիական կենտրոնի պացիենտ է։ Հեմոդիալիզը կատարվում է ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
Ո՛չ Զատկական, ո՛չ Սուրբ Մարիամի տոներին չի կարողացել գնալ որդու գերեզմանին։ Շատ ծանր է տարել։ Թբիլիսիից Մեստիա ճանապարհորդությունը տևում է 8 ժամ։ Ամեն երկրորդ օրը դիալիզից կախված պացիենտի համար Սվանեթի գնալն ու ետ վերադառնալը գործնականում անհնար է՝ առանց սեանս բաց թողնելու: Իսկ դա կյանքի համար վտանգավոր է:
Ընտանիքի անդամները նկատել են, որ հոկտեմբերի 29-ին անսովոր սթրեսային է եղել։ Վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ նա չի կարողացել լաց լինել որդու գերեզմանին։ Նյարդային վիճակի պատճառով ինսուլտ է ստացել։ Բժիշկները փրկել են, սակայն խոսելու ունակությունը մասնակի կորցրել է։
«Մայրս Սվանեթիում մեծ բակ ունի։ Այստեղ, երբ դուրս է գալիս բակ, նայում այս մոխրագույն պատին... Ինձ ամեն ինչ չի ասում, բայց զգում եմ։ Դուրս է գալիս, նստում, նայում է այստեղ ուշ- ուշ ընկնող արևին։ Ուզում ենք անել այն, ինչ նրան է դուր գալիս։ Գուլպաներ է գործում, իր համար, մեզ համար, իր թոռների համար։ Սվանական խնձոր է տնկել կաթսայի մեջ, ասում է կմեծանա, կաճեցնեմ ու կտնկեմ Սվանեթիի մեր բակում: Ուզում է տրամադրություն ստեղծել, ինչպես Սվանեթիում, բայց դուք էլ եք տեսնում, ուր Սվանեթին, երբ դուրս ես գալիս, նայում սարերին և ուր այստեղի իրավիճակը: Հավանաբար սա էլ է ազդում, էմոցիոնալ ֆոն է ստեղծվում։ Հետո գալիս է տուն, ճնշումն է բարձրանում, կարգավորում ենք։ Ահա այսպիսի իրավիճակում ենք։ Երբ հեռուստատեսությամբ Սվանեթիի մասին հաղորդում կամ տեսանյութ է լինում ուզում է մոտենալ կադրերին։ Նստած տեղից բարձրանում է՝ երեխայի նման, կարծես այս մեծ հեռուստացույցը չի բավականացնում։ Գնում մոտիկից է նայում կադրերը, ձեռքը դնում հեռուստացույցին ու ասում՝ այ սա է։ Ոչ մեկս ձայն չենք հանում, նայում ենք մայրիկի ապրումներին»,- ինսուլտից հետո բժիշկները Մաիային մորը տեսակցելու թույլտվություն տալուց առաջ ասել են, եթե կարող է, թող այնպիսի բան ասի, որ նա ուրախանա։ Մաիան մորը խոստացել է, որ ամեն ինչ կանի, որ ամռանը Սվանեթիում դիալիզի կենտրոն բացվի։
Մաիան այս հարցով դիմել է Վրաստանի առողջապահության նախարարին և հարցրել, թե ինչու պետք է դիալիզի կարիք ունեցող մարդիկ լքեն Սվանեթին։ Նախարարությունը չի արձագանքել։
Սվանեթիի մոտակա կլինիկան, որտեղ կարելի է հեմոդիալիզ անել՝ Զուգդիդիում է։ Մեստիայից Զուգդիդի 140 կիլոմետր է։ Միայն գնալը տևում է մինչև 3 ժամ: Ձմռանը՝ առատ ձյան ժամանակ, կամ երբ ճանապարհին մերկասառույց է, ավելի շատ է տևում։ Զեմո Սվանեթիում քաղաքային տրանսպորտ չկա։ Մեկ ուղղությամբ տաքսին Մեստիայից Զուգդիդի արժե 150 լարի։ Եթե ընտանիքն ապահովված չէ մեծ եկամուտով, ապա անհնար է այդ ծախսերը հոգալ։
52-ամյա Զազա Շուկվանին 7 տարի առաջ կնոջ և մանկահասակ երեխայի հետ լքել է Լենջերին և ապրում է Թբիլիսիին մոտ գտնվող Վազիանիում։ Պատճառը կրկին Մեստիայի մունիցիպալիտետում դիալիզի կենտրոնի բացակայությունն է։ Զազան նույնպես շաբաթը երեք անգամ է իրականացնում դիալիզ։ Վազիանիից Ինգորողվայի կլինիկա գնալու համար Զազան անցնում է 80 կիլոմետր ճանապարհ՝ փոխելով չորս երթուղային տաքսի, որպեսզի հասնի կլինիկա և վերադառնա տուն: «Այստեղ նույնպես շատ եմ տանջվում, բայց ողջ եմ», - սա է մխիթարում Զազայի տարեց մորը, 80-ամյա Զոյա Իլդանին և քրոջը, ովքեր մնացել են Սվանեթիում, որպեսզի հոգ տանեն տան և գերեզմանների համար: Նրանք ամեն երեկո ֆեյսբուքով խոսում են միմյանց հետ և դրանով իսկ մեղմացնում ընտանիքի ստիպված բաժանման պատճառած ցավը․
Զազա. Եթե այլ ճանապարհ լիներ, ինչ-որ լուծում, եթե ստիպված չլինեի Զուգդիդի գնալ, մի վայրկյան չէի մտածի այստեղից հեռանալու մասին։ Ոչ միայն Զուգդիդի, այլ այստեղ էլ եմ դժվարանում դիալիզից հետո վերադառնալ տուն: Ամբողջ կյանքս պետք է ճանապարհին լինեմ, երթուղային տաքսիի մեջ։
Մայր. Զուգդիդիում ձմեռ-ամառ չես կարող գնալ:
Զազա․ Իհարկե ոչ: Տղաները մի քանի անգամ բաց են թողել սեանսն ու այլևս չկան։
Մայր․ Դրա համար չեմ ուզում, որ գաս: Քեզ հետ անցկացրած մեկ ժամն ինձ համար շատ բան է նշանակում, բայց ինչ կարող եմ անել, ինչ կարող եմ անել…»:
Բացի հեմոդիալիզից, պետությունը ֆինանսավորում է նաև երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։ Զազային երիկամ է տվել քույրը։ Վիրահատությունը հաջող է անցել։ Նրան թույլ են տվել վերադառնալ Սվանեթի, սակայն հետագա բարդությունների պատճառով Զազայի նոր փոխպատվաստված երիկամը շուտով հեռացվել է։ Առանց դիալիզի նա կրկին չի կարող ապրել։
Լենջերիի բնակիչ, 55-ամյա Դանիել Ուդեսիանին նրանցից մեկն էր, ով չէր կարողացել հեռանալ Սվանեթիից և ողջ մնալու համար, շաբաթը երեք անգամ դիալիզի էր գնում Զուգդիդի։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երբ երթևեկությունն արգելված էր, տեղաշարժն ավելի դժվարացավ։ Մեստիայից Զուգդիդի գնալիս վարակվել է և զարգացել է սեպսիս, ինչի հետևանքով նա մահացել է։
«10 տարի դիալիզ էր անում։ Երկու օրը մեկ նա առավոտյան ժամը 6-ին էր արթնանում: Ամեն օր ինչ-որ մեկի հետ գնում էր: Այնտեղից էլ երեկոյան ուշ էր վերադառնում՝ 4 ժամ դիալիզի կուրսից հետո։ Դժվար է օրական երկու անգամ անցնել այդքան երկար ճանապարհ։ Դժվարության մեջ են ոչ միայն հիվանդները, այլև առողջները։ Երբեմն Զուգդիդիից Մեստիա տրանսպորտ չէր լինում, և նա ստիպված էր լինում այնտեղ մնալ կա՛մ վարձակալած բնակարանում, կա՛մ բարեկամի մոտ։ Երբ փետրվար ամսին սկսվեց համաճարակը և Զուգդիդի ուղղությամբ տրանսպորտ չէր շարժվում, մենք չունեինք համապատասխան միջոցներ և չէինք կարող անձնական տրանսպորտ վարձել։ Նույնիսկ մի քանի անգամ բաց ենք թողել փոխներարկումը։
Շատ է եղել, երբ ամուսինս 2 լարիով է Մեստիայից գնացել Զուգդիդի։ Վերջին տարիներին նա այնքան էր հոգնել այս ճամփորդությունից, այնքան հոգնած էր, տանջված, ես էի խնդրում որ գնար։ Ասում էր այլևս ոչինչ չեմ ուզում, ինձ հանգիստ թող, կմեռնեմ, դու էլ կհանգստանաս, ես էլ։
«Վերջին տարիներին արդեն շատ էր հոգնել, դառնացած էր ամեն ինչից»,- հիշում է Ասմաթ Կորձաիան, և նշում, որ իր ամուսինը մահից առաջ մի քանի անգամ հանդիպել է պատգամավորին, քաղաքապետին, իսկ Մեստիայի հիվանդանոցում նույնիսկ տեսել է դիալիզի ապարատը, որը մի քանի տարի առաջ են գնել, սակայն չեն աշխատում, քանի որ բժիշկ-նեֆրոլոգ չունեն։ Մեծ գումարներ են պահանջում այստեղ գալու համար: Խեղճը չհասցրեց տեսնել դրա տեղադրումն ու աշխատանքը, ասում էր ֆիզիկապես ու տնտեսապես կլավանա մեր վիճակը։ Ես ուզում եմ, որ ոչ ոք չզգա այս տառապանքը, որը ես եմ կրել այս 10 տարիների ընթացքում»։
Մեստիայի վերևում գտնվող գյուղերում ապրող և դիալիզի կարիք ունեցող մարդկանց վիճակը էլ ավելի ծանր է։ Նրանք նախ Ուշգուլիից, Կալիից, Մուլախիից և այլ գյուղերից պետք է հասնեն Մեստիա, Մեստիայից մի կերպ հասնեն Զուգդիդի՝ առավելագույնը մինչև ժամը 1-ին, դիալիզ անեն, որը տևում է 4 ժամ, հետո վերադառնան Մեստիա, այնտեղից էլ գյուղեր, ինչն անհնար է։ Հանդիպել ենք նաև մարդկանց, ովքեր տառապում են երիկամների հիվանդությամբ և նույնիսկ հետազոտություններ չեն անում, քանի որ Սվանեթիում չեն կարողանալու բուժվել։
Մեստիայի հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Չարթոլանին քաջատեղյակ է դիալիզից կախվածություն ունեցող մարդկանց տառապանքին, սակայն Մեստիայում նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հիվանդանոցն ապահովել գոնե մեկ որակավորված նեֆրոլոգով. «Ցավոք սրտի, կադրերի խիստ պակաս ունենք։ Որպես նեֆրոլոգ հնարավոր է վերապատրաստել սրտաբանին և թերապևտին։ Սրտաբան չունենք, առցանց խորհրդակցում ենք, երեք թերապևտ ունենք, նրանք էլ թոշակառու են և 8-ամսյա կուրս ներառող վերապատրաստում անցնել չի ստացվում։
Եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, և այս կլինիկան համալրված չլինի՝ ծանր արդյունքի կարող են հասնել: Սա լեռնային հանգստավայր է, այցելուների հոսքը գնալով ավելանում է, իսկ բժիշկներ չունենք, վնասվածքաբան բերում ենք միայն ձմեռային սեզոնին»։
Մեստիայի հիվանդանոցը պատկանում է մունիցիպալիտետին և ֆինանսավորվում է բյուջեից։
Պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե Զեմո Սվանեթիում բնակվող քանի հոգի ունի դիալիզի կարիք։ Մեստիայի հիվանդանոցում երիկամների հետազոտություն չի կատարվում։
«Մթիս Ամբեբիի» տեղեկությամբ, ներկայումս Թբիլիսիի կլինիկաներում դիալիզի ծառայություններ են ստանում Զեմո Սվանեթիից ստիպված կերպով մայրաքաղաք տեղափոխված 17 մարդ:
Դիալիզի պետական ծրագիրը Վրաստանում իրականացվում է 1996 թվականից։ 2021 թվականին ծրագրի տարեկան բյուջեն կազմում է 53 650 000 լարի։ Ծրագրում ընդգրկված է 3400 մարդ։