53-ամյա Վանիկ Մոսոյանն ապրում է Ախալքալաքի Դիլիսկա գյուղում։ Արդեն 6 տարի է դիալիզի կարիք ունի։ Դիալիզի համար նախ գնացել է Բորջոմի, ապա սեանսները շարունակել՝ Ախալցիխեում։
«Մունիցիպալիտետի բյուջեից օգնություն ստանում եմ տարին մեկ անգամ՝ 1500 լարի, որը ծախսում ենք տրանսպորտի, դեղորայքի համար։ Մեզ համար հատուկ տրանսպորտ է նշանակված Ախալքալաքից Ախալցիխե գնալու համար, սակայն վարորդին լրացուցիչ ամսական 20 լարի ենք վճարում՝ վառելիքի թանկացման պատճառով։ Շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ենք գնում: Հեշտ չէ օրումեջ այդքան երկար ճանապարհ անցնելը։ 4 ժամ դիալիզի սեանսից հետո նորից երթուղայինով տուն վերադառնալը շատ դժվար է։ Ճանապարհին ճնշումս բարձրանում է։ Հիմա միակ բանը, որ ուզում ենք, Ախալքալաքում դիալիզի կենտրոն բացելն է, այլապես ոչ կարող ենք առողջանալ, ոչ էլ ուրիշ բան։ Ամեն տարի ասում են, որ պետք է բացվի, բայց մինչ օրս ոչինչ չի փոխվել»։
Սամցխե-Ջավախեթիում դիալիզ անցկացնել հնարավոր է միայն Բորջոմիում և Ախալցիխեում։ Նինոծմինդացիները հիմնականում Ախալցիխե են գնում, սակայն դեռ իրենց գյուղերից պետք է հասնեն Ախալքալաք, որպեսզի այնտեղից կլինիկայի կողմից նրանց համար նշանակված հատուկ տրանսպորտով գնան Ախալցիխե։
Ախալքալաքից շաբաթական երեք անգամ 14 մարդ է օգտվում հատուկ տրանսպորտից, որը տրամադրում է Սուրբ Պանտելեյմոնի անվան կլինիկան, իսկ մնացածը գնում են սեփական մեքենաներով։ Վանիկի բախտը բերել է, որ իր գյուղը մոտ է Ախալքալաքին։ Յուրաքանչյուր ուղևորության համար դեպի Ախալքալաք տաքսին արժե 5 լարի, մինչդեռ ավելի հեռու գյուղերից մինչև քաղաք հասնելու համար մարդիկ վճարում են 20 լարի։
Նինոծմինդայի Դիլիֆ գյուղում բնակվող 70-ամյա Հակոբ Չոփուրյանին արդեն ավելի քան 14 տարի դիալիզ է անհրաժեշտ։ Քանի որ Նինոծմինդայում և Ախալքալաքում չէր կարող ստանալ այս բուժօգնությունը, տեղափոխվել է Բորջոմի։ Հակոբը 10 տարի վարձով է ապրել Բորջոմիում, հիմա կրկին վերադարձել է իր գյուղ, և այժմ, ինչպես մյուսները, կիլոմետրեր է անցնում մինչև կլինիկա։
Ինչպես մեզ հետ զրույցում Հակոբն է ասում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում նրա նման դիալիզի կարիք ունի մոտ 20 մարդ։ Հակոբը նույնպես քաղաքապետարանից ստանում է միանվագ օգնություն՝ տարեկան 1500 լարի, սակայն այս գումարը չի փակում նրա ծախսերը։ Ախալքալաքից Ախալցիխե գնացող հատուկ տրանսպորտին հասնելու համար նա գյուղից նախ պետք է Ախալքալաք հասնի։ Ամեն ճանապարհորդության ժամանակ միայն բենզինի համար 30-40 լարի է ծախսում։
«Շատ լավ կլիներ, որ դիալիզի կենտրոնը լիներ Ախալքալաքում կամ Նինոծմինդայում։ Մեր Ախալցիխե գնալը բազմաթիվ ծախսերի ու դժվարությունների հետ է կապված, բայց այլ ճանապարհ չունենք, քանի որ մյուս կողմը մահն է։ Եթե մի օր բաց թողնենք՝ մեծ վտանգի տակ կհայտնվենք։
Այս տարի լավ եղանակ է, անցած տարի ձմռանը մի քանի անգամ Նինոծմինդա քաղաքում՝ իմ բարեկամի տանն եմ մնացել, որ այնտեղից գնայի Ախալցիխե, քանի որ մեր գյուղի ճանապարհը հաճախ փակվում էր»,- Հակոբը զրույցում հիշում է նաև իր այն ծանոթներին, որոնք «հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողացել դիալիզ ընդունել և զրկվել են իրենց կյանքից»։
57-ամյա Լալան, վերջերս Թբիլիսիում անցկացրած հետազոտություններից հետո է տեղեկացել, որ դիաբետի հետ միասին, պետք է պայքարի նաև երիկամային անբավարարության դեմ։ Դիալիզի առաջին սեանսի համար նա հաջորդ երեքշաբթի պետք է գնա Ախալցիխե։
Լալան օգնություն էլ չի ստանում։ Դեռ պետք է փաստաթղթերը հավաքի, հետո նոր քաղաքապետարանում դիմում ներկայացնի։ Ինչպես բոլորը, այնպես էլ նա՝ հարցին, թե ամենաշատը ինչի կարիք ունեք, պատասխանում շատ պարզ է՝ դիալիզի կենտրոն Ախալքալքում։
Կենտրոնի բացմաը արդեն երեք տարի սպասում է Ախալքալաքի հոսպիտալի գլխավոր մենեջերը։ Ալեքսան Թորոյանը «Մթիս Ամբեբիին» պատմում է, որ գաղափարը, ի սկզբանե, նրանն է։
«Դիալիզի կենտրոնի բացումը համաձայնեցված է բոլոր կողմերի հետ, մնացել է շենքի հարցը, որը տարբեր պատճառներով չի կառուցվում։ Ախալքալաքում պետք է կառուցվի շտապօգնության նոր շենք, որից հետո դիալիզի կենտրոնը կբացվի շտապօգնության հին շենքում։ Դրանից հետո կաշխատենք կենտրոնն ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և մասնագետներով», - ասում է Թորոյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շտապօգնության նոր շենքի կառուցման համար կենտրոնական իշխանությունից է ֆինանսավորման սպասում։
«Նախագծային փաստաթղթերը մոտավորապես մեկ ամսում վերջնականապես պատրաստ կլինի, որից հետո ֆինանսավորում ստանալու համար կդիմենք կառավարությանը։ Ուշացման պատճառը նախորդ տարիներին հողատարածքի հետ կապված խնդիրներն էին, որոնք լուծված են և հոսպիտալի տարածքում մենք շտապօգնության շենք կառուցելու համար 900 մ2 տարածք ունենք։ Շինանյութերի գների փոփոխման պատճառով անցած տարի մենք նախահաշիվը վերանայել ենք, իսկ այժմ մնացել է միայն ջրի, կոյուղու, գազի և էլեկտրաէներգիայի հարցերը, որոնք մոտակա օրերի ընթացքում կլուծվեն և պատրաստ կլինենք դիմել ֆինանսավորում ստանալու համար»։
Վրաստանում դիալիզի պետական ծրագիրը սկսվել է 1996 թվականից։ 2022 թվականին ծրագրի տարեկան բյուջեն կազմում է 53 259 000 լարի։ Ծրագրում ընդգրկված է 3400 մարդ, սակայն երկրի լեռնային շրջաններում պացիենտներն այս բժշկական ծառայությունը չեն ստանում։