«Ներկա փուլում Վրաստանի կառավարությունն իրականացնում է այնպիսի մոտեցում, որի հիման վրա երկիր է բերվում հնարավոր ամենաէժան ալյուրը՝ բնակչությանը հնարավորինս էժան հացով ապահովելու համար։ Մյուս կողմից՝ մենք աշխատում ենք, ուղիներ ենք փնտրում, որ հնարավորության դեպքում այս պայմաններում աշխատեն նաև աղացները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գիորգի Խանիշվիլին։
Վրաստանը ցորենի ներկրումից անցավ ալյուրի ներկրման՝ համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացման պատճառով, ինչը հանգեցրեց աղացների փակմանը։ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը ներմուծել է շուրջ 32 հազար տոննա ալյուր։ Ներմուծման գերակշիռ մասը իրականացվել է Ռուսաստանից։ Գյուղատնտեսության նախարարությունից բազմիցս են հայտարարություններ հնչել, որ երկրում ալյուրի դեֆիցիտ չի լինի:
Մի քանի օր առաջ հրապարակված վիճակագրության համաձայն Վրաստանում հունիսին հացն ու հացաբուլկեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել են 35%-ով։
Կառավարության որոշմամբ, հուլիսի 4-ից մեկ տարով արգելվեց երկրից ցորենի ու գարու արտահանումը։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն ամբողջությամբ կախված է ցորենի ներմուծումից և չի կարողանում արտահանել քիչ արտադրանքի պատճառով, գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան կարծում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կարող է վտանգ առաջացնել, եթե երկրից որոշակի քանակությամբ ցորեն արտահանվի։
Վրաստանը զգալիորեն կախված է ցորենի ներկրումից։ 2021 թվականին Վրաստանն ունեցել է ընդամենը 136 հազար տոննա ցորենի բերք: Երկիրը տարեկան գնում է 500 հազար տոննա ցորեն։ Տեղական ցորենը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր: 2021 թվականին Վրաստան ներկրված ցորենի 92,1%-ը ռուսական է եղել։