Վրաստանի կախվածությունը ռուսական շուկայից տարեցտարի աճում է։ 2012 թվականից հետո ռուսական արտադրանքի ներմուծումը գրեթե կրկնապատկվել է։ Հյուսիսային հարևանը վրացական գինու, ցիտրուսային և այլ ապրանքների արտահանման հիմնական շուկան է։ Ահռելի է նաև Ռուսաստանի բաժինը դրամական փոխանցումներում: Վրացական շուկայում աճում է ռուսական ընկերությունների թիվն ու կապիտալը։ Մասնագետների կարծիքով, փոխարենը՝կառավարությունը հոգա ռուսական շուկայի փոխարինման մասին, ավելի է նպաստում Վրաստանին Ռուսաստանից կախման մեջ մնալուն, ինչը վնասում է երկրի անվտանգությանն ու շահերին։
Ներմուծում-արտահանում - Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում վրացական շուկայում միայն սննդամթերքի ներկրմամբ։ Վրաստանի ցորենի սպառման 70%-ը բաժին է ընկնում ռուսական ցորենին, իսկ ցորենի ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը հասնում է 90%-ի։
Ռուսաստանից հետո, վերջին տվյալներով, ամենաշատ սննդամթերք ու խմիչք է ներմուծվում Թուրքիայից և Ուկրաինայից։
Մինչև 2012 թվականը Վրաստանի համար սննդամթերքի հիմնական ներկրողը Ուկրաինան էր։ 2010-2011 թվականներին Ուկրաինայից ներկրվել է 350 505 մլն դոլարի արտադրանք, իսկ Ռուսաստանից՝ 285 357 մլն-ի։ Ռուսական արտադրանքի մասնաբաժինը 2012-2013 թվականներից սկսած ամեն տարի աճում է, իսկ Ուկրաինականը՝ նվազում։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվարին Ռուսաստանից ներմուծվել է 85,929 մլն դոլարի արտադրանք, ինչը 30,2 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
19,9 մլն-ով աճել է նաև Վրաստանից Ռուսաստան արտահանումը և կազմել 42,684 մլն ԱՄՆ դոլար։
Ռուսաստանից հիմնականում ներկրվում է նավթ, նավթագազեր, հեռախոսային սարքավորումներ, ցորեն, կաթնամթերք և այլ ապրանքներ։ Վրաստանից հիմնականում արտահանվում է խաղողի գինի, հանքային ջուր, ցիտրուսներ։
Ռուսաստանից Վրաստան ներկրված ապրանքների ընդհանուր արժեքը անցյալ տարի գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ երկրից արտահանվել է 610,026 մլն դոլարի ապրանք։ Ներմուծման ծավալով Ռուսաստանին միայն Թուրքիան, իսկ արտահանման ծավալով՝ Չինաստանն են գերազանցում։
Դրամական փոխանցումներ - Թեև վերջին տարիներին Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտում է նկատվում, միևնույն է Ռուսաստանը դեռևս առաջատար դիրքեր է զբաղեցնում: Ազգային բանկի տվյալներով՝ անցյալ տարի Ռուսաստանից փոխանցվել է 443 մլն դոլար։ 2022 թվականի հունվարին՝ 22,3 մլն, այս տվյալներով՝ Ռուսաստանին գերազանցում է միայն Իտալիան։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին արտերկրից Վրաստան փոխանցումների ծավալը կազմել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 13%-ն է։
Ռուսական խոշոր ընկերությունները վրացական շուկայում - Ռուսական խոշորագույն ընկերությունները երկար տարիներ գործում են վրացական շուկայում, որոնց թիվն ու կապիտալն աճում է։ Դրանց թվում է «ՎՏԲ» բանկը, որը ռուսական այլ բիզնեսների հետ միասին ենթարկվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից սահմանված պատժամիջոցներին։
Տաքսի ծառայություն «Յանդեքս» և «Մաքսիմ», «ՎՏԲ» բանկ, «Սոփլիս Նոբատի» կաթնամթերք, «Beeline» հեռահաղորդակցության ցանց, «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների ընկերություն՝ սա Վրաստանում հաջողված ռուսական բիզնեսների ոչ լրիվ ցանկն է:
Հանրային ռեգիստրի տվյալներով՝ 2012 թվականից ի վեր Վրաստանում գրանցվել է ավելի քան 3 500 ընկերություն, որոնց սեփականատերերը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» 2021 թվականի «Օֆշորային ընկերություններ Վրաստանում՝ բիզնեսի շահեր և կոռուպցիոն ռիսկեր» հետազոտությունում նշվում է այնպիսի խոշորագույն ընկերությունները, որոնց կառավարման մեջ Ռուսաստանի քաղաքացիներ են ներգրավված: Դրանցից մեկը հանքային ջրերի «IDS Borjomi» ընկերությունն է, որի վրացական մասնաճյուղի կառավարիչը ՌԴ քաղաքացի Միխայիլ Պրովոտորովն է։ Ինչպես նաև մոլախաղերի բիզնեսով զբաղվող ընկերությունները, որոնց համասեփականատերերը օֆշորային ընկերությունների հետ միասին՝ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Օրինակ, Բաթումիում գտնվող խաղատան և զվարճանքի կենտրոնի սեփականատեր ՍՊԸ Aliud Unita Georgia-ն, որի 65%-ը պատկանում է Կիպրոսում գործող Peftersona Limited ընկերությանը, 30%-ը՝ ՌԴ քաղաքացի Իլյա Բուլիչևին, իսկ 5%-ը՝ Լևան Կորկաշվիլիին։ . «Aliud Unita Georgia»-ն հիմնադրվել է 2015 թվականի նոյեմբերին, որի տնօրենը ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Յուդինն է։
Որո՞նք են ռուսական շուկայից կախվածության վտանգները, և որո՞նք են այն փոխարինելու այլընտրանքները, որպեսզի վրացական տնտեսությունը չտուժի։ Այս հարցերի շուրջ Reginfo-ն զրուցել է «Հասարակություն և բանկերի» հիմնադիր Գիորգի Կեպուլաձեի հետ։
Գիորգի Կեպուլաձեն, ինչպես շատ այլ տնտեսագետներ, ռուսական շուկան անվանում է «քաղաքական շուկա» և կարծում է, որ «Վրացական երազանքի» համատեքստում Ռուսաստանի հետ Վրաստանի սերտ կապերը տագնապալի են թե՛ տնտեսության կայունության, թե՛ երկրի անվտանգության համար։
«Ռուսաստանի հիմնական զենքը ռազմական ուժն է, որը մենք բազմիցս փորձարկել ենք մեզ վրա, բայց 2012 թվականից ի վեր նա որոշակի ազդեցություն է պահպանել՝ մեծացնելով այս տնտեսական կախվածությունը, և դրա վառ օրինակն է Իրակլի Ղարիբաշվիլիի բացարձակ կապիտուլյացիոն հայտարարությունն այն մասին, որ մենք չենք միանալու պատժամիջոցներին։ Դա գոնե բարձրաձայն չպետք է ասեր։ Ցավոք սրտի, սա այն քաղաքական ազդեցությունն է, որին Ռուսաստանը հասնում է տնտեսական ազդեցության միջոցով»,- Գիորգի Կեպուլաձեն հիշում է այն օրինակները, երբ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով վտանգի տակ է դրել Վրաստանի տնտեսությունը։
- 2005 թվականին Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի դաշնային դեպարտամենտն արգելեց Վրաստանից կենդանի բուսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:
- 2006 թվականի հունվարին Հյուսիսային Կովկասում մայրուղային գազատարի պայթյունին հաջորդեց էլեկտրաէներգիայի անջատումը և Վրաստանը հայտնվեց էներգետիկ շրջափակման մեջ։
- 2006 թվականի մարտին Ռուսաստանն արգելեց Վրաստանից գինու և հանքային ջրերի արտահանումը։ Հենց դրանից հետո վրացի ձեռներեցները սկսեցին ակտիվորեն փնտրել այլ շուկաներ։
- 2006 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը երկրից վտարեց Վրաստանի 4 634 քաղաքացու։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 10 միլիոն եվրո վճարել վրացիների զանգվածային արտաքսման համար։
- 2006 թվականի հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրեց Վրաստանի հետ փոստային, ճանապարհային, օդային, ծովային և երկաթուղային կապերը։ Խախտեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան, ինչպես նաև Վրաստանի հետ կնքված մի շարք երկկողմ և բազմակողմ պայմանագրեր։
Յոթամյա էմբարգոն ավարտվեց 2013 թվականին:
«Լավ ենք հիշում նաև 2019 թվականը, երբ Վրաստանում բողոքի ցույցերի պատճառով արգելվեցին ուղևորատար ուղիղ թռիչքները»,- մեզ հետ զրույցում ասում է Գիորգի Կեպուլաձեն։ «Ռուսական շուկան միշտ ռիսկ է պարունակում և շատ վատ է, որ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Ռուսաստանից տնտեսական կախվածությունն ու առևտրային հարաբերությունները զգալիորեն աճում են, ինչը շատ դեպքերում առաջացնում է նմանատիպ տնտեսական ցնցումներ, քանի որ գործոնները, որոնք բացասաբար են ազդում Ռուսաստանի տնտեսությանը՝ վերաբերում է նաև մեզ: Եթե ինչ-որ տեղ ներգրավվում է պատերազմի մեջ դա նույնպես ազդում է ու շատ այլ գործոններ: Ուստի կարևոր է ավելի քիչ կախվածություն ունենալ Ռուսաստանի տնտեսությունից, և դա անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության այլ տեսակների և մեր երկրի ազգային շահերի համար։