Ղարիբաշվիլիի խոսքով՝ իր այս որոշումը հիմնված է բացառապես երկրի ազգային շահերի վրա։
«Որպես վարչապետ, մեր երկրի ու ժողովրդի առաջ ուզում եմ ասել հետևյալը՝ ոչինչ չեմ անելու և որևէ որոշում չեմ կայացնելու, որը որևէ կերպ կվնասի մեր երկրի և ժողովրդի ազգային շահերին։
Իհարկե, մենք տեղյակ ենք Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո մեր միջազգային գործընկերների գործողությունների մասին, նկատի ունեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, և
Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին և նրա բնակչությանը։
Ես որպես պատասխանատու մեր երկրի ժողովրդի առաջ և կառավարության ղեկավար, ով պատասխանատու է ներքին և արտաքին քաղաքականության համար, առաջնորդվելու եմ միայն մեր երկրի շահերով։
Ուզում եմ հիշեցնել մեր բնակչությանը՝ մեր ժողովուրդն այս 30 տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել։ Մենք բավական շատ սխալներ ենք թույլ տվել։
1990-ին հիշում եք, որ երկաթգիծը փակելով՝ որոշ քաղաքական գործիչներ հավատում էին, որ շրջափակելու են Ռուսաստանը։ Պետք չէ նման ծիծաղելի դրության մեջ հայտնվել
և վնասել մեր երկրի ու մեր ժողովրդի ազգային շահերը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում։
Ուկրաինա ներխուժման և պատերազմ սկսելու պատճառով ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ պատժամիջոցների են ենթարկվել ևս չորս խոշոր ռուսական բանկեր, այդ թվում՝ «Սբերբանկը» և «ՎՏԲ» բանկը։ Սա նշանակում է, որ այս բանկերի բազմամիլիարդանոց ակտիվները ԱՄՆ-ում կսառեցվեն։ Նման որոշումներ են ընդունել նաև Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն։ Պատժամիջոցները վերաբերում են նաև ՎՏԲ Բանկի խմբի անդամ, Վրաստանում գործող «ՎՏԲ Բանկ Վրաստան» ԲԲԸ-ին։
Վրաստանի Ազգային բանկն այսօր հայտարարել է, որ նախապես «ՎՏԲ Բանկ Վրաստանի» ավելի վաղ մշակվել է պատժամիջոցների կիրառման դեպքում գործողությունների ծրագիրը։ Արդյունքում բանկն այսօրվա դրությամբ լիովին պատրաստ է և շարունակում է գործունեությունը։ Ըստ Ազգային բանկի՝ «ՎՏԲ» բանկը վճարունակ է, և նրա ավանդատուների շահերը լիովին պաշտպանված են։ Դրա հետ մեկտեղ, լրացուցիչ իրացվելիության անհրաժեշտության դեպքում, Վրաստանի Ազգային բանկը պատրաստ է «ՎՏԲ»-ին տրամադրել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի կառավարությանը հաջողվել է ազգային շահերի վրա հիմնված իր պրագմատիկ քաղաքականությամբ վերջին 9 տարիներին երկրում խաղաղության ու կայունության հասնել։
«Այսօր մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Մենք պետք է հանգստություն պահպանենք։ Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։ Մենք մեր ազգային քաղաքականությամբ, պրագմատիկ, մեր ազգային շահերից բխող քաղաքականությամբ հասել ենք նրան, որ այս 9 տարիների ընթացքում երկրում հաստատվել է խաղաղություն և կայունություն։
Միևնույն ժամանակ մենք առանց կորուստների և ապակայունացումների՝ հասել ենք Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, առանց վիզայի և ազատ առևտրի համաձայնագրերին։ Զուգահեռ մեզ հաջողվեց հնարավորինս կայունացնել իրավիճակը, այդ թվում Ռուսաստանի հետ իրավիճակի դեէսկալացիան, ինչը, իհարկե, բխում էր մեր երկրի ազգային շահերից», - ասել է Ղարիբաշվիլին։