Արդեն առավոտյան ժամը 8-ն է։ Մեքենան կանգնեցնում ենք Գորելովկայի կենտրոնում։ Դրսում Ջավախեթիին բնորոշ ցուրտ ձմեռ է։ Ուզում ենք երկար ճանապարհից հետո մի քիչ հանգստանալ, սակայն գույնզգույն շրջազգեստներով և տաք վերարկուներով կանայք են գալիս և մեզ կանչում «Որբի տուն»։ Ձմռանը աղոթքը սկսում են ժամը 8-ին, ամռանը ավելի շուտ՝ արևի բարձրանալուն պես։
Շատ չեն՝ 7 կին է ու 4 տղամարդ, այդ թվում մեկը շատ երիտասարդ։ Ընդամենը այսքանն են։ Նախ գլխի շարժումով բարևում են իրար, հետո սկսում երգել ու սաղմոսներ կարդալ։
«Ամեն շաբաթ գալիս ենք աղոթքի, առաջ այստեղի բոլոր նստարանները զբաղված էին, այսօր քիչ էինք։ Երբեմն ավելի քիչ ենք, երբեմն ավելի շատ, հիմնականում տոն օրերին։ Շնորհակալ ենք Աստծուց, որ ամեն կիրակի օրը կարող ենք աղոթք անել, եթե բաց թողեցինք ապա վերջը մոտենալու է», - ասում է Տատյանան։
Դուխոբորները Վրաստանում
«Որբի տունն» առաջիններից է, որը կառուցել են Ջավախեթիում բնակություն հաստատած Դուխոբորները։ Հյուսիսային Կովկասից մինչև Ջավախեթի հասնելու ճանապարհին շատ մարդիկ են մահացել։ Իսկ մահացածների ծեր ծնողներին ու որբ երեխաներին խնամել էր պետք։ Հենց այս տանն էին բնակվում տարեցներն ու որբերը, որոնց կարիքները հոգումէր հենց նրանց համայնքը։ Հիմա այստեղ որբեր այլևս չկան, թեև այս վայրը համարվում է առանձնահատուկ վայր՝ փաստացի համայնքի թանգարանն է: Կիրակի օրերին հավաքների ու աղոթքների մեծ մասն այստեղ է անցկացվում։
Դուխոբորները ռուսական ծագման հոգևոր քրիստոնեական կրոնական խումբ են։ Դուխոբորների շարժումը սկզբնավորվել է XVIII դարի 2-րդ կեսին՝ Վորոնեժի, Տամբովի, Եկատերինոսլավի նահանգներում։ Ըստ Դուխոբորների ուսմունքի, կյանքի հիմքում ընկած է հոգու պայքարը մարմնականի դեմ։ Աստված անմիջականորեն ներկայանում է ցանկացած մարդուն, հետևաբար ավելորդ են եկեղեցական խորհուրդները, ծեսերը, սրբապատկերները, քահանայությունը, ինչպես և Աստվածաշունչը։ Նրանք արտահայտում էին գյուղացիության բողոքը Ռուսաստանի ճորտատիրական կարգերի դեմ, քարոզում էին խաղաղության, հավասարության և աստվածային եղբայրության գաղափարներ։ XIX դարում արտաքսվել են Մերձվոլգյան շրջաններ, Անդրկովկաս, անցել են նաև Կանադա։
«Մեր նախնիները 1841 թվականին Հյուսիսային Կովկասից Ալեքսանդր I-ի հրամանով աքսորվել են Վրաստան, ավելի ճիշտ՝ այն ժամանակվա Թբիլիսի նահանգի Ախալքալաքի մազրա, Մոլոչնի Վոդեբիից։ Համայնքի ղեկավարն էր Իլարիոն Վասիլի Կալմիկովը, ով այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր։ Առաջին խմբի դուխոբորները մանկատուն կառուցեցին, վրաններ տեղադրեցին, սկսեցին հող մշակել և կոմունաներ ստեղծեցին», - մեզ պատմում է Վասիլի Սլաստուխինը։
Այդ առաջին դուխոբորների գերեզմաններն այստեղ են, որոնք նրանց համար համարվում են սուրբ վայր։ Ամռանը նրանք հաճախ հենց այնտեղ են աղոթում։ Այս գերեզմանները տեսնելու են գալիս նաև այլ երկրներից։
20-րդ դարում, խորհրդային տարիներին, դուխոբորներն ապրում էին Բոգդանովկայի (ներկայիս Նինոծմինդա) շրջանում և շրջակա գյուղերում։ Բոգդանովկան Վրաստանում նրանց հիմնած առաջին բնակավայրերից էր։ Անվանվել է Ռուսաստանում գտնվող բնակավայրի անունով։ Համայնքի կենտրոնը, անկասկած Գորելովկան էր։
Վրաստանում հաստատված դուխոբորներին արտոնություններ էին տալիս։ Նրանք հարկեր չէին վճարում, չէին զորակոչվում զինվորական ծառայության և ունեին կրոնական ազատություն։
«Քանի՞սն էինք։ Դժվար թե հստակ ասեմ, միայն Գորելովկայում 2000-ից ավելի մարդ կար։ Գորելովկա, Սպասովկա, Օրլովկա, Եֆրեմովկա, Տրոիցկա, Տամբովկա, Ռադիոնովկա - 7 գյուղ բնակեցված էր դուխոբորներով, ինչպես նաև Բոգդանովկան։ Մենք շատ էինք։ Ավելի քան 10-12 հազար մարդ»,- ասում է Վասիլի Սլաստուխինը։
Ինչո՞վ էին զբաղվում դուխոբորները։
«Հիմնականում անասնապահությամբ էինք զբաղվում։ Այստեղ կան ալպիական արոտավայրեր։ Շատ լավ պանիր էին պատրաստում։ Այսօր լրիվ այլ կերպ են անում պանիրը, մի բան ավելացնում են, ինչ-որ բան հանում ու ակնհայտորեն այնպես չի ստացվում»,- մեզ հետ զրույցում ասաց Վասիլին։
Խորհրդային տարիներին Գորելովկայում գործում էր հայտնի կոլտնտեսություն։
«Մենք լավ էինք ապրում։ Ինչո՞ւ։ Աշխատանք ունեինք, շատ էինք ու գործը նույնպես շատ էր, աշխատում էինք երգով, ուրախությամբ ու զվարճանքով։ Կոլտնտեսություն ունեինք մեծ՝ Լենինի անունով։ Աշխատում էինք նաև ֆերմայում՝ ամռանը դաշտում խոտ հավաքելով, ձմռանը ճանապարհներն ու տները ձյունից մաքրելով։ Կար նաև շինարարական կազմակերպություն, որտեղ հիմնականում տղամարդիկ էին աշխատում»,- հիշում է Տատյանա Օսլոպովան։ Ազատ ժամանակ երգում էին երգչախմբում և համերգներով հանդես գալիս շրջանում։
Դուխոբորների մեծ մասը հեռացել է 90-ականներին։
«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, նախագահ Գամսախուրդիան ասում էր, որ Վրաստանը պետք է լինի միայն վրացիների համար։ Նա չէր սիրում ռուսներին, բայց ասում էր, որ դեմ չէ դուխոբորներին: Երբ մենք նշում էինք Վրաստանում մեր հիմնադրման 150-ամյակը, ուղղաթիռ ուղարկեցին մեզ պաշտպանելու, որպեսզի ոչինչ չպատահի…
Հետո կյանքը դժվարացավ, աշխատանք չկար։ Գնացին՝ Ռուսաստան, Ուկրաինա, ով որտեղ։ Ռուսաստանում շատ բարեկամներ ունենք՝ եղբայրներս, մայրս, որդիս, բայց մենք չենք կարող ազատ գնալ նրանց մոտ։ Եթե հրավեր չլինի, մեզ թույլ չեն տա։
Կյանքն այժմ դժվար է։ Քիչ ենք մնացել։ Ձանձրալի է, հիմնականում տանն ենք, անասուններին ենք խնամում։ Այդպես է անցնում ժամանակը»,- ասում է Տատյանան։
Զրուցեցինք նաև մեկ ուրիշ աղոթողի՝ Ռաիսա Աստաֆարովայի հետ, ով կենսաբանություն է դասավանդում Գորելովկայի ռուսական հանրային դպրոցում։
«Դպրոցը փոքր է, բայց կարող եմ ասել, որ մենք լավ կահավորված ենք, ունենք համակարգիչներ, աշակերտներին նույնպես համակարգիչներ են տալիս։ Կատարվել են նաև վերանորոգումներ։ Մենք չենք կարող բողոքել այս առումով։
Միջնակարգ դպրոց է, չնայած ընդհանուր 35 աշակերտ ունենք։ Բոլոր դասարանները՝ 2-3-ական աշակերտով, նախկինում դասարանում ունեինք 30-35 հոգի, զուգահեռ պարապմունքներ էլ կային։ Մենք սովորում էինք երկու հերթափոխով, և դպրոցում առնվազն 500-600 աշակերտ կար»,- ասում է Ռաիսա Աստաֆարովան։
Որքանո՞վ են դպրոցի շրջանավարտները հասնում ինքնաիրացման: Ոմանք չեն շարունակում ուսումը, ոմանք՝ գնում են։
«Թոռնիկս սովորում է Գյումրիում։ Վրաստանում այլևս ռուսական ֆակուլտետ չկա, մեր երեխաները դժվարանում են ընդունելության քննությունները վրացերեն հանձնել։ Այդ պատճառով երիտասարդները գնում են Հայաստան սովորելու»,- մեզ հետ զրույցում ասում է Տատյանա Օսլոպովան։
Շատերը գնացել են։ Ձեզ ի՞նչն է այստեղ պահում:
«Մայրս այստեղ է, իմ ընտանիքն էլ է այստեղ։ Մի քիչ դժվար է, բայց հիմա իրավիճակը հանդարտվել է և մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք»,- ասում է Վասիլին։
«Գորելովկան և Վրաստանը մեր հայրենիքն են, այդ պատճառով մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ։ Երևի ճակատագիրն է այդպես։ Չենք ուզել ու չենք ուզում լքել մեր նախնիների գերեզմանները։ Ինչ-որ ուժ է մեզ այստեղ պահում։ Ինչ որ Աստված է տալիս, դա պետք է անել… Ապագայում ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի մեր կյանքը, ինչպես Աստված կամեցավ,այդպես էլ կլինի», - ասում է Տատյանան:
Հեղինակ՝ Թինաթին Մոսիաշվիլի