«Երբ առաջնեկին ունեցա, գյուղում մի տղամարդ չկար, որ ինձ մեքենայով տեղափոխեր ծննդատուն։ Իմ բախտը բերեց՝ ամուսինս այդ օրերին եկավ Ռուսաստանից, այլապես ես հավանաբար տանը կծննդաբերեի»,- մեզ հետ զրույցում ասում է 28-ամյա Լենա Խաչատրյանը։ Լենան Սիմոնյանների հարսն է։ Նրանց ընտանիքը բաղկացած է տասներկու անդամից։ Երեք եղբոր երեք կին, հինգ երեխա և Սաթենիկ տատը։
Տեսախցիկով աղջիկ տեսնելուց զարմացած ընտանիքի անդամներին Լենան բացատրում է իմ այցելության նպատակը՝ միայն նա գիտի մի քիչ վրացերեն, մի քիչ էլ ռուսերեն, ուստի ամբողջ ընտանիքի ասածը ինքն է թարգմանում ինձ։
«Ջավախեթիում ձմեռելու համար երեք մեքենա վառելափայտ է պետք, յուրաքանչյուրն արժե 400 լարի։ Առանձին նաև աթար ենք պատրաստում ՝ վառելափայտի հետ վառելու համար։ Ընտանիքում հինգ երեխա կա, ինչ կարող ենք անել, վառելափայտն ու ջերմությունը չենք կարող խնայել։ Մեզնից ոչ ոք աշխատանք չունի։ Գյուղում միայն մանկապարտեզ ու դպրոց կա, որտե՞ղ աշխատենք։ Մեր ընտանիքի երեք տղամարդիկ բոլորի նման Ռուսաստանում են։ Եթե չգնան՝ մենք սովից կմեռնենք։ Երբեմն կարտոֆիլը ապրանքներով ենք փոխանակում գյուղ եկող առևտրականների մոտ, բայց ամեն ինչ կարտոֆիլով չենք կարող գնել։ Կարտոֆիլով հագուստի, վառելափայտի, դեղորայքի և շատ այլ բաների համար չես կարող վճարել»։
Լենան շատ լավ զրուցակից է, եռանդուն ու կենսուրախ։ Պատմում է իր կյանքի մասին, չսպասելով իմ հարցերին։
«Մեր ամուսիններին տեսնում ենք միայն Ամանորին՝ հունվար-փետրվար ամիսներին։ Մարտի սկզբից նրանք կրկին վերադառնում են Ռուսաստան։ Տեղացիներն այնտեղ հիմնականում տներ ու ճանապարհներ են կառուցում, ապրում են բանվորների համար նախատեսված հատուկ կացարաններում։
Երեխաները երբ ընտելանում են հայրերի հետ ապրելուն, հետո դժվարությամբ են բաժանվում նրանցից։ Հետո բոլորովին մոռանում են հայրերին ու գալուց չեն ճանաչում նրանց։ Կանանց համար նույնպես շատ դժվար է՝ կարտոֆիլը մենակ ենք ցանում, մենակ էլ բերքն ենք հավաքում։ Մենք ենք խնամում անասուններին, տնային գործերը կիսում ենք իրար մեջ, սակայն միայն մեր ընտանիքը չէ այդպես, բոլորն են այդպես ապրում։ Վաչիաը մենակ մնացած կանանց գյուղ է»։
Մինչ ես ու Լենան զրուցում ենք, մյուսները իրար մեջ փսփսալով կարտոֆիլ են տապակում, երեխաները նկուղից հատապտուղների կոմպոտ են հանում։ Հանկարծ հայտնվում է նաև ալրոտված Սաթենիկ տատը` թարմ թխած հայկական լավաշով և համեղ պանրով։ Ոչ ոք, ոչ մեկին, ոչինչ չի ասում՝ առանց դրա էլ գիտեն, ով, որ ժամին, ինչ է անելու:
«Մենք շատվոր ենք»,- ասում է Լենան, երբ հարցնում եմ, թե ինչպես են երեք հարսները կարողանում միասին ապրել հինգ փոքր երեխաների հետ,- «բայց մենք օգնում ենք միմյանց։ Երբ հարսների ծնողներն են հյուր գալիս, ես գիտեմ, որ պետք է օգնեմ, սեղան գցեմ, երեխաներին զբաղեցնեմ։ Երբ իմ ծնողներն են մեզ այցելում, նրանք նույնն են անում։ Մենք կիսելու բան չունենք։ Մենք հավասար ունենք ամեն ինչ, երեք հարսներս ունենք երեք կով։ Այս տարի երեք հորթ է ծնվել։ Մենք հերթով խնամում ենք անասուններին։ Երբ մեզնից մեկի ծննդյան օրն է լինում, մեր սկեսուրը նվերներ է գնում նաև մյուսների համար, որ ոչ ոք չնեղանա»։
Ջավախեթիում հացը ընտանիքների ավելի տարիքով կանայք են թխում։ Սիմոնյանների ընտանիքը բազմանդամ է, իսկ Սաթենիկ տատիկին միշտ օգնում է ավագ հարսը` Մարինան, խմորը շաղելու և բարակեցնելու գործում: Միանգամից շատ հաց են թխում՝ ամբողջ շաբաթվա համար բավական է։ Թխելու ընթացքում թոնրի մոտ շատ զվարճալի է։ Երեխաները պարով ու երգով ուրախացնում են մեծերին, հետն էլ ուտում թարմ թխած հացը։ Ամեն ինչ բնական է՝ պանիրը իրենք են սարքում, ցորենն էլ աճեցնում են Ջավախեթիում և հենց այնտեղ աղում։
«Սիրտս կոտրվում է, որ երեխաներս օտար երկրում են գտնվում ու ամեն տարի չեն կարողանում ուտել այն, ինչ այստեղ ենք պատրաստում»,- Սաթենիկի ասածը թարգմանում է Լենան։
Այն, թե Վրաստանի ազգային փոքրամասնություններից քանի մարդ է մեկնում արտագնա աշխատանքի Ռուսաստան՝ ոչ ոք չգիտի։ Այս տվյալների ստույգ վիճակագրություն գոյություն չունի։ Գործազրկության պատճառը երբեմն լեզվի չիմացությունն է, բայց աշխատանք գտնելը խնդիր է նաև լեզվին այսպես թե այնպես տիրապետողների համար։
Ջավախեթիում, տեղեկատվական վակուումի պատճառով, շատերը չգիտեն, որ պետությունը «Լեռների մասին» օրենք է ընդունել, և բարձրլեռնային շրջանի ձեռնարկությունները կարող են արտոնություններից օգտվել։
«Վրացերեն դժվարանում եմ խոսել, մեկ տարի սովորել եմ Ախալքալաքի լեզվի դպրոցում, դա էլ այն պատճառով, որ ուշ եմ ամուսնացել՝ 25 տարեկանում։ Այստեղ շուտ են ամուսնանում՝ տասնվեց տարեկանից, իսկ հետո, էլ ո՞վ ժամանակ ունի լեզուն սովորելու համար։ Մեկ տարի լավ սովորում էի վրացերեն։ Ուզում էի Թբիլիսիում սովորել, բայց ծնողներս չթողեցին մենակ գնամ քաղաք ու կամաց-կամաց մոռացա սովորածս։ Ու՞մ հետ խոսեմ վրացերեն: Այստեղ վրացի չկա, մեզ ոչ ոք երբեք չի այցելում, որպեսզի խոսի մեզ հետ և զգանք լեզուն սովորելու կարիքը»,- ասում է Լենան։
Մեր զրույցի ընթացքում երեկոն մոտեցավ։ Վաղը երկուշաբթի է և երեխաները պատրաստվում են դպրոցին՝ գրքերը դասավորելով պայուսակներում: Տնից դպրոց հասնելու համար նրանք պետք է գյուղի երկար ու ցեխոտ ճանապարհով անցնեն, իսկ նրանց հայրերը ստիպված են կառուցել ու զարդարել այն երկրի շենքերն ու ճանապարհները, որը օկուպացրել է մեր երկրի տարածքները։
Նյութը՝ «Մթիս Ամբեբի»-ի արխիվից
Հեղինակ՝ Թամունա Ներգաձե
16․03․2017