«Քանի որ հայրս ազգանունը շարունակող չուներ, երկու անգամ ամուսնացավ, բայց ճակատագիրը թույլ չտվեց։ Ես լավ հայր ունեի, նրան շատ էի սիրում։ Մենք շատ հող ունեինք։ Նվիրում էր բոլորին։ Ասում էի՝ բոլորը լավ տուն ունեն, հայրիկ արի մենք էլ կառուցենք։ Մենք դա անելու հնարավորություն ունեինք։ Ձեռքը թափ էր տալիս ու ոչինչ չէր ասում ինձ։ Մի օր նա ինձ ասաց, որ ինչ ունի դա էլ վառելու է։ Նա հիասթափված էր, որ տղա երեխա չուներ» - Լոլա Բերչլիանին միշտ իր մոտ է պահում ընտանեկան հին ալբոմը։
«Հայրս՝ Սամսոն Բերչլիանին է եղել։ Այն ժամանակ կաբարդացիների հետ շփում կար։ Հորս մեծ եղբորը կաբարդացիներն են սպանել։ Նա անվախ, խիզախ մարդ է եղել։ Կաբարդացիներն անցնում էին այստեղի լեռնանցքով, ապրանք բերում, հողեր զավթում։ Մի անգամ երեկոյան լեռներում սպանել են այստեղից հեռացած վեց տղամարդու, որոնց թվում մեծ հորեղբորս։ Հայրս վրեժ է լուծել եղբոր համար։ Կաբարդացիներն անիծեցին մեզ։ Բոլորը գիտեն, որ մենք անիծված ենք: Հորս բռնել են այստեղ՝ մարդ սպանելու համար, դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Հետո նա համաներմամբ ազատ արձակվեց։ Ավելի հին սերունդը մահանում էր հիվանդություններից, շատ տարածված էր որովայնային տիֆը: Հորս եղբայրներից մեկը 6 տարեկան է եղել, երբ խեղդվել է ջրում։ Այդպես վերջացանք։ Մորական կողմից բարեկամներ շատ ունեմ, բայց իմ ազգանունով ոչ մեկ չի մնացել հայտնվեցինք։ Մենակ ես եմ մնացել։ Ես էլ կմեռնեմ, ազգանունն էլ։
Սա իմ ջահել ժամանակվա նկարներից է։ 6 տարի նշանված էի բայց չէի ամուսնանում։ Հետո ինձ փախցրին։ Երբ մենք ստորագրեցինք ամուսնության համար, ինձ հարցրին չե՞մ ուզում ազգանունս փոխել։ Ասացի ոչ, ես իմ ազգանունը չեմ փոխի։ Ուզում էի, որ ազգանունս չմեռնի։ Հետո ամուսնուս՝ Սոսոյին հարցրին, իսկ նա պատասխանեց, որ չի կարող ստիպել և կարող եմ իմ ազգանունով մնալ։ Նրանք ուրախացան, որովհետև տղամարդկանցից հաճախ չէին լսում նման բան։ Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Աղջիկներս ամուսնացած են, տղաս՝ դեռ ոչ։ Քույրս էլ մի տղա ունի։ Չգիտեմ, թե տղաս ինչ է անելու, բայց․․․ իմ տղան Քալդանիան է ազգանունով, ոչ թե Բերչլիանի»:
Վերջին Բերչլիանին երազում է փրկել երկհարկանի Մաչուբին։ Տարիներ առաջ նրանք ապրելու համար տեղափոխվել են Քվեմո Քարթլիի Թեթրիծղարոյի շրջան, սակայն գարնանից ձմեռ դեռ Բեչոյում (գյուղ Սվանեթիում) է՝ ապրում է հարազատի մոտ։ Հիվանդության պատճառով որևէ բան չի կարող անել՝ նա ամեն օր գնում է Մաչուբիի և մոտիկ գտնվող ծնողների գերեզմանի մոտ, լաց է լինում ու ետ գալիս։ Մաչուբիում հարևանները ձիեր են պահում, խնդրել է որ չքանդեն, գոնե մի որոշ ժամանակ էլ մնա կանգուն։
«Եթե այս տունը փրկվի, կարծում եմ մի երկու տարի էլ կապրեմ։ Որ լսեմ տունը վերականգնվում է, գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում ինձ համար: Բառերով անհնար է դա ասել։ Եթե տունը ապրի, հորս փոքրիկ նկարով քար կդնեմ, ազգանունը մի քիչ էլ կապրի։
Երբ նայում եմ այս ավերակին չեմ կարող դիմանալ, սա քանդվում է, ինձ էլ՝ սպանում։ Ես պարուհի եմ եղել, հիմա ոտքերս արդեն պիտանի չեն, բայց միևնույն է կպարեմ։ Ի՞նչ անեմ, ուրախությունս ինչպե՞ս արտահայտեմ․․․
«Մթիս ամբեբին» դիմել է Պետական ծառայությունների զարգացման գործակալություն, որտեղից հաստատել են, որ քաղաքացիական ռեգիստրում գրանցված է միայն մեկ Բերչլիանի։
Սվանեթիի վերջին Բերչլիանիի մասին ռեպորտաժը սոցցանցերում շուրջ 1 մլն դիտում ունի։ Անցյալ տարվա դեկտեմբերին «Մթիս Ամբեբիի» ներկայացուցիչները հանդիպել են Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության ղեկավար Նիկա Անթիձեին և օգնություն խնդրել Բերչլիանիի նախնիների Մաչուբիի վերականգնման համար։ 2021 թվականի հունվարի 22-ին՝ Մաչուբիին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելու և այն վերականգնելու համար մենք գործակալությանը նաև նամակով դիմեցինք։
Մշակութային ժառանգության պահպանության գործակալության գլխավոր տնօրենի 2021 թվականի մարտի 6-ի N02/13 հրամանով Բերչլիանիների Մաչուբիին շնորհվեց մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ, որից հետո բյուջեից գումար է հատկացվել դրա վերականգնման համար։ 18-րդ դարում կառուցված Մաչուբիի վերականգնման համար պետական բյուջեից փոխանցվել է 64 380 լարի։
2021 թվականի հունիսի 1-ին պայմանագիր է կնքվել «Էն. Այ. Գի» -ի հետ Բերչլիանիի նախնիների Մաչուբիի վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ընկերության տնօրեն Նուգզար Չարթոլանիի խոսքով՝ վերականգնումը ներառում է հողի մաքրում, հիմքերի ամրացում, փլուզված պատերի վերականգնում, պատերի կրաշաղախով ծեփում, հատակի վերանորոգում փայտյա սյուներով, տանիքի դասավորում, փայտե դռան տեղադրում։ Պայմանագրի համաձայն՝ վերականգնումը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի վերջ։
«Մթիս Ամբեբին» հանգանակություններով հավաքել է 4513 լարի Բերչլիանիի Մաչուբի կապակցությամբ մեկնարկած արշավի շրջանակներում։ Այս գումարը կօգտագործվի Լոլա Բերչլիանիի համար Մաչուբիում մեկ սենյակի կահավորման համար։