Մինչև ձյուդոյի աշխարհի լավագույն մարզիկ դառնալը և իպոնով մրցակցին հաղթելը, Լենտեխիից փոքրիկ աղջիկը անսովոր բաներ է արել: Ութ տարեկան աղջիկների հետ տունտունիկ խաղալու փոխարեն` Էթոն մտավ ձյուդոյի մարզադպրոց, կանգնեց երեսուն տղաների հետ, սովորեց հնարքներ ու սկսեց ըմբշամարտը։
Մայրը ու հարևան-բարեկամները անհանգստանում էին, ասում էին, ով է տեսել աղջիկը ձյուդոյի գնա, գոնե պարի գնա։ Միայն հայրն էր ոգևորում, իսկ հորեղբայրը, երբ տեսավ Էթոյի ցանկությունն ու համառությունը, նրան բերեց Թբիլիսի՝ պրոֆեսիոնալ մարզչի մոտ, կանանց թիմում մարզվելու համար։
Լենտեխիում այս առումով զարգացման միջոցներ չկար։ Այնտեղ ոչ էլ գիտեին, որ ձյուդոյի կանանց թիմ գոյություն ուներ։ Էթոյի հեռանալուց երկու տարի անց ձյուդոյի տղաների խմբակը նույնպես դադարեցրեց աշխատանքը։
Տաս տարեկան աղջիկը ընտանիքից հեռանալն ու կարոտը սփոփում էր իրեն քաջալերելով։ Հավատում էր, որ եթե մարզվի ու հաղթի, կուրախացնի ծնողներին, սիրելի Լենտեխիին ու Վրաստանին։
«Ինձ համար ամենամեծ խոչընդոտն այն էր, որ ես ստիպված էի մեծանալ առանց ծնողների, քանի որ մեր տունը Սվանեթիում է։ Մայրիկիս ծնողները այնտեղ էին ապրում ու չէինք ուզում լքել նրանց։ Ես գնացի, երբ տասը տարեկան էի, ինձ հորեղբայրս էր մեծացնում։ Նա ամեն կերպ կանգնած էր իմ կողքին», - հիշում է Էթոն՝ պատմելով, որ իր ամբողջ ժամանակը ձյուդոյին է նվիրում։ Սակայն տուն-դպրոց-դահլիճ ռեժիմով ապրելը շուտով բերեց առաջին մեծ հաջողությունը՝ 2015 թվականին Էթեր Լիպարտելիանին դարձավ Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի հաղթող։
Ամենատիտղոսակիր ելույթներն ունեցել է նախորդ տարի։ Օգոստոսի 10-ին Ռումինիայում նվաճեց Կլուժ-Նապոկայի Եվրոպայի պատանիների չեմպիոնի գավաթը։ Սեպտեմբերի 12-ին Ֆինլանդիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց առաջին տեղը։ Հոկտեմբերյան աշխարհի առաջնությունից առաջ հեղինակավոր JUDOINSIDE հրատարակությունը Էթեր Լիպարտելիանիին ներառել է աշխարհի լավագույն աղջիկ ձյուդոյիստների հնգյակում։ Քիչ անց, հոկտեմբերի 16-ին նա Մարաքեշում հաղթեց ճապոնացի մրցակցին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 1-ին, նա ոսկե մեդալով վերադարձավ Ռուսաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունից։
Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Էթոն հաճախ չի տեսնում ծնողներին։ Տաս տարվա ընթացքում նա միայն համաճարակի պայմաններում կարողացավ երեք ամսով այցելել Լենտեխի։ Արևմտյան Վրաստանի մամուլը մեծ ուշադրություն դարձրեց և իրար հետևից հարցազրույցներ էր հրապարակում։ Աշխարհի առաջին չեմպիոն վրացի ձյուդոյիստի համար տեղական իշխանությունը ժամանակ չգտավ։ Անուշադրությունից նեղված Էթոն սոցցանցում գրել է այդ մասին, ինչը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից գնահատվել էր, որպես մեծամտություն։
Ես միակն եմ, շատ ունե՞ն աշխարհի չեմպիոն։ Ի՞նչ էի ուզելու։ Ես ուղղակի սեր էի խնդրում։ Ամենաշատը սիրտս նրա համար է ցավում, որովհետև սիրում եմ իմ սվաններին, Սվանեթին ու ամենաշատը նրանցից ջերմություն եմ պահանջում։ Ես ուզում եմ, որ նրանք միշտ երջանիկ լինեն։
«Ես գոտեմարտում եմ իմ Լենտեխիի անունից։ Երբ ասում եմ՝ Լենտեխիից եմ, հիմնականում չեն լսել դրա մասին։ Ինձ հարցնում են, թե որտեղ է այդ Լենտեխին, ես ուզում եմ, որ ինձ այդպես չհարցնեն ու որ ամբողջ Վրաստանը իմանա, թե որտեղ է գտնվում Լենտեխին և որտեղից են լենտեխցիները կամ սվանները»:
Մյուս կողմից, նրանք, ովքեր աջակցել են աշխարհի չեմպիոնին, առիթը բաց չեն թողել տեսնելու նրան, Լենտեխիում մարզական գործունեության միջոցներ չունեցող պատանիներն են։ Նպատակին հասնելու համար նրանք անպայման պետք է գնան մեծ քաղաքներ, ինչպես Էթոն և կտրվեն իրենց ընտանիքներից ու բարեկամներից։ Իսկ մեկնածները կարիերայի պատճառով չեն ուզում ետ վերադառնալ, քանի որ լեռներ վերադառնալը կնշանակի նրանց մարզական կարիերայի ավարտը։
Էթոն անհանգստանում է, որ ոչ բոլորը կարող են երեխաներին ուղարկել քաղաք, և շատ տաղանդավոր երիտասարդներ «կորչում են»: Եթե նույնիսկ հիմա Լենտեխիում լինեին սպորտային խմբակներ, ապա շրջանի գյուղերում ճանապարհների վատ վիճակի և հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով այն դեռ հասանելի չէր լինի բոլոր երեխաներին։
«Եթե նախկինում ամենաուժեղ մարզիկները գալիս էին լեռնային շրջաններից, ապա հիմա այդպես չէ։ Այս ամենն այլ պլանի, այլ զարգացման և, որ ամենակարևորն է, աջակցության կարիք ունի»,- ասում է չեմպիոնը։
Էթոն դեռևս բացառում է Լենտեխի վերադառնալը և սպորտային ակումբ հիմնելը, քանի որ կարծում է, որ ինքը դեռ փոքր է և պատրաստ չէ նման պատասխանատվության, բայց եթե Լենտեխիի երիտասարդներն իրենք դիմեն տեղական իշխանություններին ակումբ ստեղծելու նախաձեռնությամբ, Էթոն ակտիվորեն կաջակցի նրանց: