«Նա համառորեն ասում է, որ հեռացել է վրացական քաղաքականությունից։ Նա նաև լքել է իր կուսակցությունը և չի ուզում որևէ առնչություն ունենալ վրացական քաղաքականության հետ։ Ինչպես ինքն է ասում, գոյություն ունի մի քանի գործոն: Նա այժմ չի մանրամասնում այս գործոնները, սակայն, որքան գիտեմ, պատրաստվում է հրապարակային հայտարարություն անել։
«Ազգային շարժման» բոլոր 29 պատգամավորները կարող են մտնել, նրա հետ առանձին խոսել, կամ ինչ-որ պատվիրակություն ստեղծել, մտնել ու Սաակաշվիլիին հարցնել իր դիրքորոշման մասին։ Ինչո՞ւ պետք է սուտ ասենք», -
ասել է Խաճապուրիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մինչ այդ «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ասել էր, որ վրացական քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունները Սաակաշվիլիի փաստաբանների ռազմավարության մաս են կազմում։
Ուկրաինայից վերադառնալուց հետո Վրաստանի երրորդ նախագահը Թբիլիսիում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մայիսի 12-ին նրան առողջական խնդիրների պատճառով Ռուսթավիի թիվ 12 ՔԿՀ-ից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա և մինչ օրս Սաակաշվիլին գտնվում է այնտեղ։