Մրգեր և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի ղեկավար Վախթանգ Բեժիտաշվիլիի խոսքով՝ խնդրի պատճառը Վրաստանում բերքի առատությունն է: Ըստ նրա՝ նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է ֆերմերների, ասոցիացիայի և պետության համագործակցությունը։
«Երկրում սեխի ու ձմերուկի առատ բերք կա։ Չնայած դրան՝ գինը շատ ցածր է և գյուղացիները դժվարանում են նույնիսկ բերքը դաշտից դուրս բերել: Մեծ քանակությամբ է մատակարարվում ներքին շուկա, արտահանում չի իրականացվում, գինը ցածր է, բերքն այնքան շատ է, որ նույնիսկ սառնարանային տնտեսություններում չի տեղավորվում, վերամշակող ընկերությունները քիչ են։
Հիմնական խնդիրը տեղեկատվության պակասն է։ Գյուղացին պետք է որոշի, թե որքան է արտադրում, որքան է սպառվում: Այս ամենը պետք է նախապես հաշվարկել, ճիշտ կառավարում անել։ Միևնույն ժամանակ, ֆերմերները պետք է շփվեն միմյանց և ասոցիացիաների հետ»,- ասել է Բեժիտաշվիլին։
Բեժիտաշվիլին խոսել է նաև ձմերուկի և սեխի արտահանման ներուժի մասին և նշել, որ խնդիրը լոգիստիկայի ու համապատասխան փաթեթավորման բացակայությունն է։ Ըստ նրա՝ եթե խնդիրը ժամանակից շուտ լուծվի, Վրաստանից ցանկալի գնով մեծ քանակությամբ սեխ ու ձմերուկ կարտահանվի։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ հունվար-հունիսին Վրաստան է ներկրվել 11 849 տոննա ձմերուկ։ Ներմուծման արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 133,3%-ով (ավելի քան 2 մլն դոլար)։ Ձմերուկը հիմնականում ներմուծվել է Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից և Նիդերլանդներից։
Ինչ վերաբերում է ձմերուկի արտահանմանը, ապա առաջին վեց ամիսներին միայն Հայաստան է արտահանվել ընդամենը 819 տոննա ձմերուկ՝ 214 հազար դոլար արժողությամբ։ Արտահանման եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 61,8%-ով։