Այսօր տարածած հայտարարության մեջ Իվանիշվիլին գրում է, որ տարածաշրջանում ամենաբարդ քաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանը և նրա կառավարող թիմը «ստիպված են անցնել շատ ցավոտ գործընթացներով»։
«Վրաստանի և նրա կառավարության համար իրավիճակը հատկապես բարդանում է նրանով, որ որոշակի ուժեր ակտիվորեն փորձում էին ներքաշել Վրաստանին պատերազմի մեջ և նրանց այս ցանկությունն ու նպատակը, ցավոք, այսօր էլ արդիական է։
Չնայած ամենամեծ դժվարություններին, իշխող թիմը ճիշտ աշխատեց, ճիշտ ու սկզբունքային դիրք գրավեց, իսկ հիմնական դժվարությունը՝ պատերազմի սպառնալիքի առաջին փուլը, արդեն հաղթահարված է։ Այս ջանքերի շնորհիվ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշվելու անմիջական սպառնալիքը հնարավորինս չեզոքացվել է։
Սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը որոշակի ռիսկեր դեռ մնում են, և թե՛ կառավարությունը, թե՛ հասարակությունը պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից։
Բացի այդ, այսօր, երբ պատերազմի անմիջական վտանգը հնարավորինս չեզոքացվել է, կարծում եմ, որ կառավարող թիմը հնարավորություն ունի իր ուշադրությունը սևեռել մեկ այլ կարևոր առաջնահերթության և աշխատել, որպեսզի Վրաստանի հարաբերությունները իր ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ չվնասվեն»,- ասվում է Իվանիշվիլիի նամակում:
Իվանիշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իր և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի միջև հանդիպում է կայացել, թեև չի հստակեցնում, թե ինչ հարց է քննարկվել։