Գոգաշվիլիի հայտարարությունը տարածվել է սոցիալական ցանցերում։ Անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ իր ձերբակալությունը Բիձինա Իվանիշվիլիի հերթական անօրինական հանձնարարությունն է, որը «կուրորեն իրականացվել է» Անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի կողմից։
«Ի դեպ, ապօրինի իրերի և փաստաթղթերի իմ տուն բերելու պահը ֆիքսել են արտաքին և ներքին տեսախցիկները և ընտանիքիս անդամները, սակայն իմացել եմ, որ տեսախցիկները վնասվել են, իսկ ձայնագրությունները ջնջվել, ինչպես նախորդ ապօրինի հանձնարարությունների ժամանակ։
1) Ինչպես եղել է Գելա Խվեդելիձեի ծեծը, հեռախոսով Բիձինային հայհոյելու պատճառով, որն իրականացրել է Փարցխալաձեի բանդան, ապա օպերատիվ-տեխնիկական վարչության կողմից ջնջվել փաստերը, 2) Բիձինայի հանձնարարությամբ Մուխթալիի առևանգումը ՊԱԾ-ի հետախույզների կողմից, որը նույնպես ջնջվել է», - ասում է Իոսեբ Գոգաշվիլին։
2015 թվականից Վրաստանում բնակվող Աֆգան Մուխթարլին 2017 թվականի մայիսի 29-ին անհետացել է Թբիլիսիի կենտրոնից, իսկ հաջորդ օրը նրան գտել են Ադրբեջանի ոստիկանական խցում։ Ադրբեջանում Մուխթարլիին մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, մեծ քանակությամբ արտարժույթի մաքսանենգության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ 2018 թվականի փետրվարին բանտարկված Մուխթարլին ասել էր, որ ինքը Ադրբեջանի նախագահի և Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլիի գործընկերության «զոհն» է։
Լրագրողի խոսքով՝ նա Վրաստանում հետաքննում էր Իլհամ Ալիևի բիզնեսը, ինչի պատճառով էլ նրան առևանգել են Թբիլիսիից և հանձնել Ադրբեջանի իշխանություններին։ Վրաստանի իշխանությունները հերքել են լրագրողի մեղադրանքները նրա գործի հետ իրավապահ մարմինների առնչության վերաբերյալ։ 2020 թվականի մարտին Մուխթարլին ազատ է արձակվել, որից հետո մեկնել է Գերմանիա։
Վրաստանի ՆԳՆ-ն Աֆգան Մուխթարլիի գործով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նշանակում է ազատությունից ապօրինի զրկում։ Հետաքննությունը դեռ չի ավարտվել։ 2021 թվականի ապրիլին Մուխթարլին գտնվում էր Թբիլիսիում և պատրաստվում էր գնալ դատախազություն հարցաքննության։ Ասուլիսում նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր առևանգման համար համաձայնությունը Բիձինա Իվանիշվիլին է տվել։
«Ադրբեջանական կողմը խոշոր չափի կաշառք է տվել։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն այստեղ՝ Թբիլիսիում, երեք տարվա ընթացքում 11 միլիոն դոլար են վճարել հետախուզության համար, 3 միլիոն դոլար՝ իմ առևանգման համար։ Մեր կողմն այս գումարը վճարել է ձեր իշխանությանը»,- ասել է Մուխթարլին։