Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։
«Նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված յոթ հարց։ Քննարկված հարցերի թվում է եղել «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Վրաստանի օրենքի նախագիծը, որը նախատեսում է փողոցային առևտրի հարցերի կարգավորում։
Ըստ փոփոխության, պատժամիջոցներ և տուգանքներ կկիրառվեն մունիցիպալիտետի տարածքում առանց թույլտվության փողոցային առևտրի և ոչ պատշաճ գովազդի համար։
Նշված հոդվածներին ավելացվում են պատժամիջոցներ՝ սույն հոդվածներով նախատեսված գործողությունների կրկնակի կատարման համար»,- տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։ Օրինագիծը դեռ չի հրապարակվել։