«Այսօր Եվրախորհրդարանի պատվիրակությունը Վրաստանում է։ Սա շարունակությունն է այն շատ մեծ քայլի, որ արվեց մեր նկատմամբ՝ Եվրոպական խորհուրդը մեզ տվեց եվրոպական հեռանկար, որը մենք չենք գնահատում այն մակարդակով, որը պետք է գնահատվի։ Մեզ վեց ամիս ժամանակ են տվել, ասվել է՝ եթե 12 կետերը կատարենք, թեկնածուի կարգավիճակ կստանանք։ Այս գործընթացում գալիս է եվրոպացի խորհրդարանականների պատվիրակություն՝ հենց այն հանձնաժողովից, որն աշխատում է Վրաստանի և արտաքին հարաբերությունների հարցերով։ Այս պահին տեղի է ունենում մի անհավանական բան, որ Բրյուսելում և Վաշինգտոնում միաժամանակ մամուլի խոսնակները մեզ ասում են՝ սովորե՛ք, ինչպես պահել ձեզ:
Ես չգիտեմ, թե որքան պետք է շարունակենք այս երկակի խաղը, որ ձևացնում ենք, թե ուզում ենք գնալ դեպի Եվրամիություն, ուզում ենք ստանալ թեկնածուի կարգավիճակ, ինչպես ստացան Ուկրաինան և Մոլդովան։
Այս պահին մենք չենք անում այն, ինչ պետք է անել։ Կարծես թե բոլոր ուժերը պատրաստ չեն սրան, բայց միևնույն ժամանակ, ոչ միայն դա չենք անում, այլ հակաքայլեր ենք ձեռնարկում։ Սկսած Շառլ Միշելի փաստաթղթի չեղարկումից, մեկ տարվա ընթացքում արված յուրաքանչյուր քայլից՝ բավական նպաստավոր վարկից հրաժարվելը, հապճեպ կերպով դատավորների նշանակումը, տեսուչի վերացումը՝ ցանկացած քայլ, որը վերջին մեկ տարում արվել է բացասական է գնահատվում ԵՄ-ի կողմից: Սրա հետ մեկտեղ անհավանական հռետորաբանություն կա, այսինքն՝ մենք լսում ենք անվերջ հարձակումներ Եվրախորհրդարանի պատգամավորների վրա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Անվերջ հակաարևմտյան հռետորաբանությունը շարունակվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ լռություն է տիրում, նույնիսկ այսօր, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Աբխազիայում, Բիչվինտայում: Դա չի՞ վերաբերում Վրաստանին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով՝ պատերազմի թեման շինծու է, և շատ հետաքրքիր է, որ այն համապատասխանում է Ռուսաստանի հռետորաբանությանը։
«Ես չգիտեմ, թե ուր են գնում Եվրոպայում և ում են հանդիպում։ Եվրախորհրդարանի հետ իշխող թիմի ակտիվ աշխատանք չեմ տեսել, ոչ էլ առանձին-առանձին լսել եմ տարբեր մայրաքաղաքներում։ Այնպես որ, ես չգիտեմ, թե որտեղից են դա լսել:
Եթե ինչ-որ մեկը եկել ու բարձր մակարդակով հանդիպել է եվրոպացիներին՝ դա ես եմ։ Եթե որևէ մեկը երբևէ եկել է ԱՄՆ և հանդիպել հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ դա ես եմ և ես երբեք չեմ լսել «պատերազմին միանալու» ոչ մի խնդրանք:
Սա ամբողջովին հորինված է, և ի դեպ շատ հետաքրքիր է, որ այն համապատասխանում է ռուսական հռետորաբանությանը։ Ես սա չեմ լսել ոչ մի այլ տեղ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Կարծում եմ՝ մենք չենք կարող աշխարհում միակ երկիրը լինել, որ այս տոնով վիճում է երբեմն Եվրախորհրդարանի, երբեմն ԱՄՆ դեսպանի, երբեմն առանձին այլ դեսպանների հետ։ Ես ոչ մի տեղ չեմ լսել, 40 տարվա դիվանագիտական փորձ ունեի։ Ես նման կանոններ չեմ տեսել»,- ասել է Վրաստանի նախագահը: