Նա նշել է, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին տվել է եվրոպական հեռանկար՝ բարեփոխումների ճանապարհային քարտեզի հետ մեկտեղ, որոնք Վրաստանը պետք է իրականացնի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Մենք գիտենք, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը։ Մենք, անշուշտ, աջակցում ենք այս ձգտումներին։ Այնուամենայնիվ, վրացի որոշ պաշտոնյաների վերջին հռետորաբանությունը, ըստ երևույթին, ուղղված է վրաց բնակչության ուշադրությունը այդ նպատակից շեղելուն»,- նշել է Փրայսը:
Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, դեսպան Դեգնանը, նրա թիմը և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հավատարիմ են Վրաստանի ժողովրդի հետ աշխատել և աջակցել նրանց եվրատլանտյան ձգտումներին:
«Դեսպան Դեգնանը ունի մեր լիարժեք աջակցությունը։ Դեսպան Դեգնանի կամ նրա թիմի վրա անձնական հարձակումները չեն համապատասխանում մեր գործընկերների միջև հաղորդակցությանը: Մենք կշարունակենք կենտրոնանալ մեր ընդհանուր նպատակներին աջակցելու վրա»,- ասել է Փրայսը։
Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը, «30 տարի մենք կողք կողքի աշխատում ենք ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական զարգացման և անվտանգության ուղղությամբ»:
Նեդ Փրայսի այս հայտարարությանը նախորդել էր Վրաստանի իշխող կուսակցության նախագահի և անդամների քննադատությունը դեսպան Դեգնանի հասցեին։ «Վրացական երազանք»-ից դուրս եկած պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր Քելի Դեգնանին: Երկար նամակում Կավելաշվիլին գրել է, որ այն նարատիվը, թե Ամերիկան ցանկանում է ներքաշվել Վրաստանի պատերազմին, պետք է փնտրել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կամ նրա հետ փոխկապակցված մարդկանց հայտարարություններում։ Կավելաշվիլին գրել է, որ լիովին անհասկանալի է, թե ինչու Դեգնանը դեմ չի արտահայտվում կառավարության հրաժարականի և տեխնիկական կառավարություն ստեղծելու պահանջին։ Պատգամավորը նշել, որ «նա, ով վճարում է փողը, պատվիրում է նաև երաժշտությունը», և երբ դեսպանը չի շեղվում այս խնդրանքից, «մարդիկ տրամաբանորեն կարծում են, որ նա գոնե պաշտպանում է այս խնդրանքը, իսկ վատագույն դեպքում՝ կարծում են, որ այդ խնդրանքը հենց նրա գաղափարն է»:
Այն բանից հետո, երբ Քելլի Դեգնանը հայտարարեց, որ Կավելաշվիլիի նամակը լի է ստերով և դավադրության տեսություններով, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն դեսպանին մեղադրեց խորհրդարանին և պետությանը վիրավորելու մեջ։
Միխեիլ Կավելաշվիլիին աջակցություն են հայտնել մի քանի մունիցիպալիտետների սակրեբուլոներում, որտեղ «Վրացական երազանքի» անդամները լքել են իշխող կուսակցությունը, որպեսզը ինչպես նրանք են նշում, «ավելի անկաշկանդ հայտարարություններ անեն»:
Հուլիսի 15-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան վերաբերյալ և ասել, որ դեսպանատունը «հաշիվ է խնդրել» Նիկա Գվարամիայի գործով մայիսի 16-ին կայացված դատավճռից։ Դատավորը պնդում է, որ դատավճռի հրապարակումից հետո դեսպանատան ներկայացուցիչը հարցրել է գործի փաստերի մասին և ասել, որ դեսպանը զարմանում է, թե ինչու է մեղադրական դատավճիռ ստացել և ինչու է որպես պատիժ ազատազրկում կիրառել։
Ընդդիմության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները դատավոր Չխիկվաձեի հայտարարությունը գնահատել են որպես ամերիկյան դեսպանի դեմ ուղղված արշավի մի մաս։ Դեսպան Քելլի Դեգնանն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից դատավարությանը մասնակցության ցանկացած ենթադրություն «ուղղակի ճիշտ չէ»: