Հայոց լեզվի և ադրբեջաներենի ու գրականության ուսուցիչները այսօր ունեն պրակտիկոսի կարգավիճակ։ Ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար նրանք մայրենի լեզվի քննությունը հանձնելուց հետո պետք է նաև երկարաժամկետ վերապատրաստում անցնեն Մասնագիտական զարգացման ազգային կենտրոնում։ Այս դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նրանք կստանան համապատասխան կարգավիճակ և վարձատրություն:
«Ուսուցչի տունը առաջարկում է երկարաժամկետ վերապատրաստում այն ուսուցիչներին, որոնք լեզվական խոչնդոտի պատճառով դժվարանում են հանձնել մասնագիտական ունակությունների քննությունը։
Նախարարության նախաձեռնությամբ այս ուսուցիչները վրացերենի դասընթացն ավարտելուց հետո հնարավորություն ունեն անցնելու երկարաժամկետ վերապատրաստում։ Արդյունքում ուսուցիչներին տրվում է կարիերայի զարգացման հեռանկար»,- «Մթիս Ամբեբիին» տեղեկացրին ԿԳՆ մամուլի ծառայությունից։
Հայոց լեզվի ու գրականության և Ադրբեջաներենի ու գրականության մանկավարժների առարկայական քննությամբ և մասնագիտական իրավասությունների հաստատման քննությամբ կստուգվի՝
- ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
- առարկայի ուսուցման համար պարտադիր լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
- ուսումնական գործընթացն ապահովելու համար գնահատման տարբեր մեթոդների կիրառումը,
- անծանոթ տեքստն ըմբռնելու և վերլուծելու ունակությունը,
- քննադատական մտածողության ունակությունը,
- գրելու կուլտուրան։
Քննությունների ազգային կենտրոնի կայքում հրապարակված տեղեկության համաձայն, ուսումնական ծրագրի լավ իմացությունից բացի, մանկավարժից պահանջվում է գեղարվեստական գրականության քննադատական ընկալում, այս կամ այն դարաշրջանին հատուկ գաղափարների ու խնդիրների իմացություն և վերլուծություն։
Կրթության նախարարության տվյալներով՝ ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթին գրանցվել է ավելի քան 2500 մարդ, մագիստրոսական քննություններին`ավելի քան 9500, իսկ ուսուցչի առարկայական ու մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34 500 մարդ:
Քննության մասնակիցները քննական կենտրոն ներկայանալիս իրենց հետ անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և A4 ձևաչափի քննաթերթիկ, հակառակ դեպքում նրանց թույլ չի տրվի մասնակցել քննությանը:
Նշենք, որ ԿԳ նախարարության որոշմամբ՝ քննական կենտրոններում դիմակ կրելու պարտավորությունը հանվել է, ինչպես նաև վերացվել են համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: