Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով է կալանավորվել ՊԱԾ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Օրեր առաջ «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հաղորդավար Գիա Գաչեչիլաձեն հրապարակել էր ձայնագրությունը, որը հավանաբար ձեռք է բերվել «Մթավարի» ալիքի աշխատասենյակում ապօրինի ձայնալսումների արդյունքում, որտեղ զրուցում են հեռուստաընկերության «Պոստ Ֆակտում» հաղորդման լրագրողները: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ «Մթավարի» ալիքի և այլ քննադատական հեռուստաընկերությունների «ՊԱԾ-ի գաղտնի աղբյուրը» եղել է Սոսո Գոգաշվիլին։
Ձայնագրության հրապարակումից հետո՝ հուլիսի 15-ին, Գոգաշվիլին հայտարարություն է հրապարակել Facebook-ում, որտեղ գրել է, որ ձեռք է բերել 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծումը հաստատող ապացույցներ, որոնք նա հանձնել է «բոլոր համապատասխան կազմակերպություններին»։ Սոսո Գոգաշվիլիի խոսքով՝ ինքը «ապացույցներ» է ներկայացրել նաև դիվանագիտական կորպուսի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Սոսո Գոգաշվիլին 2015-2018 թվականներին եղել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը։ Պաշտոնը լքելուց հետո աշխատել է «Վրացական երազանք»-ում։ 2020 թվականին Գոգաշվիլին լքեց կուսակցությունը և շուտով հայտարարեց, որ ծրագրում է ստեղծել վերկուսակցական կազմակերպություն, որը կզբաղվի ազգային անվտանգության հարցերով։
Սոսո Գոգաշվիլիի անունը կապված է 2017 թվականի դեկտեմբերի վերջին Պանկիսիի հովտում իրականացված հատուկ գործողության հետ, որի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից գլխից մահացու վիրավորում էր ստացել 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին։ Սպանված Մաչալիկաշվիլիի ընտանիքը կարծում է, որ հատուկ գործողությունը ղեկավարել է Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը, ինչը Գոգաշվիլին հերքում է։