«Մենք շատ շահագրգռված ենք, որ Վրաստանը խորը և մանրակրկիտ աշխատի առաջնահերթությունների կատարման ուղղությամբ։ Ուստի, քննարկեումներից հետո մենք որոշեցինք, որ չպետք է շտապեցնենք վրաց քաղաքական վերնախավին՝ փորձելով ապաբևեռացնել երկիրը և նստել ընդհանուր սեղանի շուրջ՝ հիմնարար կերպով աշխատելու բարեփոխումների վրա։
Ինչպես պահանջել է Եվրոպական խորհուրդը, մենք 2023 թվականին զեկույց կպատրաստենք այն մասին, թե ինչպես են կատարվում ընդլայնման փաթեթում նշված առաջնահերթությունները։
Դա Վրաստանի քաղաքական համակարգին բավական ժամանակ կտա նշված առաջնահերթությունների վրա խորությամբ աշխատելու համար»,- ասել է Միխաել Ռուփը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։
Այսօր Եվրախորհրդարանում քննարկվել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի իրականացումը և երկրում ընթացող գործընթացները։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։
Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախնական որոշման համաձայն՝ Եվրահանձնաժողովը պետք է Վրաստանի վերաբերյալ զեկույցը հրապարակեր մինչև 2022 թվականի ավարտը:
Այս թեմայով կարող եք ծանոթանալ նաև՝
Ի՞նչ ծրագիր ունի «Վրացական երազանքը»՝ ԵՄ-ի 12 հանձնարարականները կատարելու համար