«Մեզ մոտ բավականին հանգիստ իրավիճակ է: Ունենք վարակման դեպքեր, թեև այն լիովին կառավարելի է, նվազագույն մակարդակի վրա է։ Որոշ երկրներում այն համեմատաբար ավելի բարձր է։ Մեր դեպքում կտրուկ աճ չկա։ Եթե համեմատենք թվերը, օրինակ՝ մեկ շաբաթ առաջ օրական 100 դեպք էր գրանցվել, ապա այսօր 3,7 միլիոնանոց երկրում ունենք 500 նոր դեպք»,- ասել է Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարը հորդորել է բնակիչներին չանհանգստանալ և անպայման պատվաստվել:
«Ուզում եմ հանգստացնել բնակչությանը, որ նյարդայնության և սթրեսի պատճառ չկա, նրանք, ովքեր հիվանդանոցում բուժման կարիք կունենան, մենք պատրաստ ենք նրանց բուժել հիվանդանոցում, իսկ նրանց, ում հատուկ դեղամիջոցներ անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի դեմ, մենք ունենք նաև այդ դեղերը:
Ցանկացողները նաև կարող են շարունակել պատվաստումը տարբեր տեսակի պատվաստանյութերով»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ իմունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե կորոնավիրուսի դեպքերի շաբաթական ցուցանիշը կրկնապատկվի, համակարգող և իմունիզացիայի խորհուրդները հավանաբար կքննարկեն վիճակագրության ամենօրյա հրապարակման և փակ տարածքներում դիմակ կրելու կանոնի վերականգնման հարցը։
Վարակաբանները կարծում են, որ աշնանը երկրում սպասվում է կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետը։ Նրանք նաև նշել են կոնկրետ ամիսը և գործածել հատուկ տերմին սպասվող սցենարի վերաբերյալ: Նրանց խոսքով վարակի տարածման նոր ալիքը կլինի հոկտեմբերին և այն կունենա «ցունամիի» էֆեկտ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկնապատկվել են: Ապրիլին վարակի նահանջից հետո, առաջին անգամ 7 օրյա դրականության ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսը:
Վերջին մեկ շաբաթվա վիճակագրությունը Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտոնը դեռ չի հրապարակել: