Իմունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե կորոնավիրուսի դեպքերի շաբաթական ցուցանիշը կրկնապատկվի, համակարգող և իմունիզացիայի խորհուրդները հավանաբար կքննարկեն վիճակագրության ամենօրյա հրապարակման և փակ տարածքներում դիմակ կրելու կանոնի վերականգնման հարցը։
«Եթե այս միտումը շարունակվի և դեպքերի թիվը ամեն շաբաթ կրկնապատկվի՝մենք առաջին հերթին ստիպված կլինենք անցնել ամենօրյա վիճակագրության, ոչ թե շաբաթական, քանի որ այս ցուցանիշն իսկապես տագնապալի է», - ասել է Չխաիձեն:
Ինչ վերաբերում է դիմակ կրելու հարցին, ապա, նրա խոսքով,
«Համակարգող և իմունիզացիայի խորհուրդը դեռ չի հայտարարի դիմակ կրելու պարտավորության մասին՝ հաշվի առնելով այս թվերը, բայց եթե կրկնապատկման միտումը պահպանվում է, հնարավոր է, որ առաջիկա շաբաթների ընթացքում այս հարցը քննարկվի խորհրդում»,- ասել է Չխաիձեն:
Նրա խոսքով, աշնանը սպասվում է կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետը։ Մասնագետները նաև նշել են կոնկրետ ամիսը և գործածել հատուկ տերմին սպասվող սցենարի վերաբերյալ: Նրանց խոսքով վարակի տարածման նոր ալիքը կլինի հոկտեմբերին և այն կունենա «ցունամիի» էֆեկտ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկնապատկվել են: Ապրիլին վարակի նահանջից հետո, առաջին անգամ 7 օրյա դրականության ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տեղեկությամբ՝ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում (հունիսի 27- հուլիսի 3) երկրում կորոնավիրուսի 2 570 նոր դեպք է հաստատվել: Նույն ժամանակահատվածում վարակից բուժվել է 1 103 մարդ, վարակի հետևանքով մահացել է 3 մարդ:
Ամենաշատ վարակի դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Թբիլիսիում՝ 1 860 դեպք, ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Սամցխե-Ջավախեթիում, համապատասխանաբար՝ 5 և 11 դեպք:
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր հաշվով երկրում իրականացվել է 63 443 թեստավորում ( 56 699 արագ թեստ, 6 744 ՊՇՌ ): 7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 4.05 %:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի Վրաստանում հիմնականում տարածվում է օմիկրոնի B.A.2 շտամը: Կենտրոնի տվյալներով հունիսի վերջի դրությամբ երկրում իրականցվել է 2 902 085 պատվաստում: