«Հուլիսի 5-ի անօրինական գործողությունների և լայնածավալ բռնությունների կազմակերպիչ խումբը 2021 թվականին ստեղծել է քաղաքական կուսակցություն:
Նրանց նախորդ և հետագա հայտարարություններից շատերը պարունակում են սահմանադրական կարգը տապալելու նշաններ, հրահրում են տարատեսակ բախումներ, խրախուսում են բռնությունը կամ իրենց մեջ պարունակում են բռնության նշաններ և հանդիսանում են պատերազմի քարոզչություն:
Հենց այդ պատճառով մենք սահմանադրական հայց ենք պատրաստել, որը վերաբերում է նշված կուսակցության արգելմանը»,- նշել է հանրային պաշտպանը։
Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ հուլիսի 5-ի բռնությունների կազմակերպումն ու ղեկավարումը արձանագրած հրապարակային տեսագրությունները հստակ հիմք են տալիս, որ թեկուզ «Ալտ Ինֆոյի» առաջնորդներից մեկը և կուսակցության նախկին նախագահ Զուրաբ Մախարաձեն քրեական պատասխանատվության ենթարկվի՝ խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով:
«Սակայն հուլիսի 5-ի բռնի իրադարձություններից նույնիսկ մեկ տարի անց, դատախազությունը խմբակային բռնություն կազմակերպելու համար որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսել: Մեղադրանք չի առաջադրվել նաև Սպիրիդոն Ցքիփուրիշվիլիի դեմ, ով հարյուրավոր մարդկանց հրապարակայնորեն բռնության կոչ է արել։ Այս պահին հուլիսի 5-ի խմբակային բռնության գործով տուժող է ճանաչվել 53 մարդ, իսկ 27 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- ասված է հանրային պաշտպանի հաղորդագրությունում։
Հանրային պաշտպանը պարզաբանում է, որ հայցի նախագիծը ներկայացրել է Սահմանադրական դատարան բողոքարկելու լիազորություններ ունեցող մի քանի սուբյեկտների և «հույս է վերապահում, որ նրանք դատական գործընթաց կնախաձեռնեն»: