Ինչպես նշել է Կոբախիձեն, հունիսի 17-ին Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ առկա հարցերի մեծ մասը ասոցացման օրակարգի մի մասն է, որը համաձայնեցվել է Վրաստանի և Եվրոպական միության միջև մի քանի ամիս առաջ։
«Իշխող թիմը կապահովի Եվրոպական միության կողմից սահմանված 12 կետերի կատարումը համապատասխան ժամանակում և համապատասխան որակով՝ համաձայն հետևյալ պլանի.
Կետ 1. Քաղաքական բևեռացման նվազեցում
Բևեռացումը նվազեցնելու նպատակով Վրաստանի խորհրդարանի բազայում կստեղծվի բևեռացման մոնիտորինգի խումբ՝ բոլոր խորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ, որը մշտական մոնիտորինգ կիրականացնի և շաբաթական հաշվետվություն կներկայացնի խորհրդարանին։ Դիտորդական խմբի կազմը և աշխատանքային ձևաչափը կհստակեցվի խորհրդարանական քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների հիման վրա։
Ապաբևեռացման առումով առանձնահատուկ նշանակություն կունենան միջազգային գործընկերների դիրքորոշումը և նրանց արդար ու առողջ վերաբերմունքը բևեռացնող գործողությունների նկատմամբ։
Առաջին կետի կատարման համակարգումն ապահովում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Կետ 2. Պետական կառույցների արդյունավետ գործունեություն, խորհրդարանական վերահսկողություն, ընտրական օրենսդրություն
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովում կստեղծվի աշխատանքային խումբ՝ խորհրդարանական բոլոր կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը համապարփակ գնահատական կտա խորհրդարանի կանոնակարգերի կատարմանը։
Համապատասխան օրինագիծը նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարան կներկայացվի սեպտեմբերի 21-ից ոչ ուշ և կընդունվի նոյեմբերի 1-ից ոչ ուշ։
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում կստեղծվի ընտրական օրենսգրքի վերանայման աշխատանքային խումբ, որը կներկայացնեն խորհրդարանական բոլոր քաղաքական կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Պետական աուդիտի ծառայության ներկայացուցիչները և քաղաքացիական հատվածը։ Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են նախապատրաստվելու, որոնցում պատշաճ կերպով արտացոլվելու են ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։
Կետ 3. Դատական բարեփոխումներ, գլխավոր դատախազի ընտրության և Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության կարգի փոփոխություն.
Ինչպես գիտեք, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում արդեն ստեղծվել է դատաիրավական բարեփոխումների աշխատանքային խումբ, որում ներկայացված են բոլոր խորհրդարանական քաղաքական կուսակցությունները։ Նշված աշխատանքային խումբն առաջիկա օրերին ակտիվորեն կվերսկսի իր աշխատանքը և դատաիրավական համակարգում առկա իրավիճակի խորը վերլուծության հիման վրա կպատրաստի դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ինչպես նաև համապատասխան օրինագծերի փաթեթ։ .
Մինչև հոկտեմբերի 1-ը կպատրաստվի և կհրապարակվի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի հիման վրա մինչև նոյեմբերի 1-ը կպատրաստվեն օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնությամբ կներկայացվեն խորհրդարանին։ Օրենքի նախագծի քննարկումը խորհրդարանում կսկսվի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները ստանալուն պես։
Գլխավոր դատախազի ընտրության ընթացակարգի մասին սահմանադրական օրենքի նախագիծը Վրաստանի խորհրդարան կներկայացվի մինչև սեպտեմբերի 1-ը, և այն կընդունվի խորհրդարանի կողմից նոյեմբերի 29-ից ոչ ուշ։
Վրաստանի խորհրդարանը Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության մրցույթը կհայտարարի ոչ ուշ, քան սեպտեմբերի 30-ը, իսկ խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը կանցկացվի նոյեմբերի 15-ից ոչ ուշ։ Հիշեցնենք, որ Խորհրդի անդամների ընտրության համար անհրաժեշտ է խորհրդարանի 90 անդամների ձայնը։ Ուստի և՛ իշխող թիմի, և՛ ընդդիմության պարտականությունն է ապահովել, որ նրանք ընտրվեն ԵՄ վերապահման համաձայն։
Կետ 4. Հակակոռուպցիոն միջոցառումներ
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կպատրաստի հակակոռուպցիոն գործառույթների համախմբման հայեցակարգը և առաջարկներ՝ Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների ծառայության հետագա ինստիտուցիոնալ հզորացման համար։
Աշխատանքային խմբում ընդգրկված են լինելու բոլոր խորհրդարանական կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաև կառավարության վարչակազմի, դատախազության, պետական անվտանգության ծառայության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։
Համապատասխան օրենքների նախագծերը նախաձեռնությամբ խորհրդարան կներկայացվեն հոկտեմբերի 19-ից ոչ ուշ, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը կընդունվեն խորհրդարանի կողմից։
Կետ 5. Ապաօլիգարխացում
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն խորհրդարանական բոլոր կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։
Աշխատանքային խումբը կաշխատի ապաօլիգարխացման մասին օրինագծի վրա, որը նախաձեռնության կարգով Վրաստանի խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ և խորհրդարանի կողմից կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ։
Կետ 6. Կազմակերպված հանցավորության դեմ պայքար և իրավապահ մարմինների վերահսկողություն
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն պատգամավորներ բոլոր խորհրդարանական կուսակցություններից, ինչպես նաև դատախազության, Արդարադատության բարձրագույն խորհրդի, ՆԳՆ-ի, Արդարադատության նախարարության, Պետական անվտանգության ծառայության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։
Մինչև նոյեմբերի 1-ը աշխատանքային խումբը կնախապատրաստի առկա իրավիճակի խորը գնահատականը և առաջարկներ կմշակի թերությունները շտկելու և կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ավելի ամրապնդելու համար։
Կետ 7-8. Համապատասխան լրատվական միջավայրի ապահովում, լրագրողների դեմ հանցագործությունների արդյունավետ հետաքննություն և խոցելի խմբերի նկատմամբ իրականացված բռնություններին արդյունավետ արձագանք
Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը՝ Վրաստանի դատախազության և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կապահովի բոլոր համապատասխան գործերի հետաքննության մասին տեղեկատվության հրապարակայնությունը։
Կետ 9. Գենդերային հավասարություն և բռնություն կանանց նկատմամբ
Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը և Գենդերային իրավահավասարության խորհուրդը կանցկացնեն ակտիվ աշխատանքային գործընթաց՝ օրենսդրական առաջարկություններ պատրաստելու՝ գենդերային հավասարությունը խթանելու և կանանց նկատմամբ բռնության դեմ առավել արդյունավետ պայքար ապահովելու համար:
Համապատասխան օրենքների նախագծերի փաթեթը նախաձեռնությամբ խորհրդարան կներկայացվի ոչ ուշ, քան հոկտեմբերի 5-ը, և այն կընդունվի խորհրդարանի կողմից նոյեմբերի 15-ից ոչ ուշ։
Կետ 10. Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում
Վրաստանի խորհրդարանի նախագահը կհամակարգի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ ներգրավվածությունը ԵՄ պայմանների կատարման հետ կապված բոլոր գործընթացներում։ Բացի այդ, կապահովվի ներգրավման արդյունավետ մեխանիզմների պահպանումը նույնիսկ ԵՄ պայմաններով աշխատանքի ավարտից հետո։
Կետ 11. Ստրասբուրգի դատարանի որոշումների գործնական դիտարկում վրացական դատարանի կողմից
Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը, հաշվի առնելով ԵԽ Նախարարների կոմիտեի կատարման ընթացակարգերը, մինչև սեպտեմբերի 1-ը կպատրաստի համապատասխան օրենքի նախագիծը և նախաձեռնությամբ կներկայացնի խորհրդարան։ Նախագիծը կքննարկվի և կընդունվի հոկտեմբերի 18-ից ոչ ուշ։
Կետ 12. Հանրային պաշտպանի ընտրություն
Խորհրդարանական մեծամասնությունը մինչև սեպտեմբերի 1-ը խորհրդարանական ընդդիմությանը կառաջարկի հանրային պաշտպանի թեկնածուների ընտրության ներառական ընթացակարգ, որը պետք է ապահովի մեծամասնության և ընդդիմության կողմից հավասարապես ընդունելի և բարձր լեգիտիմությամբ ընտրվող անձի առաջադրում՝ հանրային պաշտպանի պաշտոնի համար։ Հանրային պաշտպանի ընտրության քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ։
Հանրային պաշտպանի ընտրությունը պահանջում է խորհրդարանի առնվազն 90 պատգամավորի աջակցությունը։ Ուստի պատասխանատվությունը հավասարապես կկրեն թե՛ իշխող թիմի, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։ Եվրահանձնաժողովը կհետևի Վրաստանի առաջընթացին և մինչև 2022 թվականի վերջը կպատսրաստի համապատասխան հաշվետվություն։
Թբիլիսիում հունիսի 20-ին և 24-ին բազմահազարանոց բողոքի ակցիաներ է անցկացվել: Ցուցարարները մինչև հուլիսի 3-ը իշխանությանը ժամանակ են տվել պահանջելով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ձևավորել նոր՝ ազգային համաձայնության կառավարությունը, որը կկատարի բոլոր 12 կետերը, որոնք նշված են ԵՄ-ի ռեկոմենդացիայում: