Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի Վրաստան կատարած այցի շրջանակներում Վրաստանի և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջև ստորագրվել է համաձայնագիր «Վրաստանի հանրային շենքերում էներգաարդյունավետության բաց ծրագրի» ֆինանսավորման վերաբերյալ, որի նպատակն է հանրային դպրոցների ամբողջովին վերանորոգումն ու դրանց էներգաարդյունավետության բարելավումը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի մունիցիպալիտետի Ձալիսի գյուղի հանրակրթական դպրոցի տարածքում։
Փաստաթուղթը ստորագրել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն և Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին: Նախագծի իրականացման համար նաև ստորագրվել են դրամաշնորհային պայմանագրեր Վերակառուցման վարկային բանկի (KfW) և Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության միջև։
Վարկային և դրամաշնորհային պայմանագրերը, ընդհանուր առմամբ, նախատեսում են շուրջ 55,4 միլիոն եվրոյի ֆինանսական միջոցների հատկացում, որից՝
- Վերակառուցման վարկային բանկը (KFW) կտրամադրի 40 մլն եվրո վարկ,
- 15,35 մլն եվրո կհատկացվի որպես դրամաշնորհ Եվրոպական միությունից և Վերակառուցման վարկային բանկից (EU/KfW):
Ըստ Ֆինանսների նախարարության՝ վերոնշյալ նախագծում ներառված է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որի հետ Վրաստանը վարկային և դրամաշնորհային պայմանագրեր է կնքել՝ «Շենքերում կանաչ ներդրումներ նախագծի» շրջանակներում։ Ծրագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Վրաստանին կտրամադրի 40 միլիոն եվրոյի վարկ և 10 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում (EU):