Վիրավոր երեխաները մահացած կանանցից մեկի երեխաներն են։ Ինչպես լրատվամիջոցներին է հայտնել բժիշկը, 8-ամյա աղջիկը բազմաթիվ վնասվածքներ ունի, այդ թվում՝ գլխի վնասվածք, ազդրի կոտրվածք։ Երեխային տեղափոխել են Թբիլիսիի «Ամտել» հիվանդանոց և միացված է արհետսական շնչառության: Երկրորդ վիրավորը՝ 7-ամյա տղան, ունի թեթև վնասվածքներ։ Նա գտնվում է Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում և նրա առողջական վիճակը կայուն է։
Շենքի բնակիչներն ասում են, որ ստիպված են բնակվել վթարային շենքում և այդ մասին տեղական իշխանությունը տեղեկացված է։
«Երկու տարի է, ինչ գնում ենք Մառնեուլիի քաղաքապետարան ու զեկուցում այս ծանր իրավիճակի մասին։ Ամեն անգամ դիմումներ են պահանջում:
Երեկ ուժեղ քամի էր, երեխաներին հանեցինք պատշգամբից։ Ես գիտեի, որ դա վտանգավոր է և մի օր դա տեղի կունենա: Մառնեուլիի քաղաքապետարանին խնդիրը բացարձակապես չի հետաքրքրում և այստեղ բոլոր պատշգամբները վթարային են»,- «Մթավարի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է բնակիչներից մեկը։
Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Բեքա Աբդելանին պնդում է, որ քաղաքացիները քաղաքապետարան չեն դիմել շենքի վթարային վիճակի վերաբերյալ։
«Մեր տեղեկություններով՝ շենքը վթարային չի եղել, սակայն այս փուլում սպասում ենք քննչական ծառայության վերջնական եզրակացությանը, որից հետո կիմանանք, թե ինչն է եղել պատշգամբների փլուզման պատճառը», - ասել է Աբդելանին։
Մառնեուլիի քաղաքապետարանից հայտնել են, որ բնակչության մի մասը ժամանակավորապես բնակելի շենքից տեղափոխվել է հյուրանոց: