«Իհարկե, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Սա կատարյալ անհեթեթություն է։ Ընդհակառակը, մեր պարտավորությունն է կատարել բոլոր այն պայմանները, որոնք մենք և մեր թիմը ստանձնել ենք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Լրագրողի հարցին, թե տեսնու՞մ է իր պատասխանատվությունը նրանում, որ Վրաստանը չի ստացել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, Ղարիբաշվիլին պատասխանել է, որ կառավարությունը «ոչ մեկին երաշխիք չի տվել»։
«Վերջին 10 տարում մեր ձեռնարկած բոլոր արդյունավետ քայլերն արվել են՝ ասոցացման համաձայնագրի ստորագրում, ազատ առևտուր, առանց վիզայի ռեժիմ, հայտի ներկայացում։ «Վրացական երազանքը» մեր ժողովրդի առաջ կատարել է բոլոր պայմանները: Մեր ժողովրդի 85%-ը պահանջում է եվրոպական հեռանկար, և այս ոգով, այս պատասխանատվությամբ՝ ծառայել և ծառայելու ենք մեր երկրին։
Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակին, ես և մեր թիմի բոլոր անդամները բացահայտ խոսել ենք այդ մասին։
Մենք ոչ մեկին երաշխիք չենք տվել։ Ինչպես կարող էինք Եվրոպայի փոխարեն ինչ-որ մեկին երաշխիքներ տալ։ Սա սխալ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ չի փոխում իր դիրքորոշումը և կարծում է, որ եթե երեք երկրներից որևէ մեկն արժանի էր թեկնածուի կարգավիճակին, ապա դա Վրաստանն էր։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։