Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, հունիսի 24-ին կհայտարարվի Վրաստանի ապաօլիգարխացման պահանջները, ինչպես նաև՝ գործողությունների ծրագիրը։ Ինչպես նաև այսօր հասարակությունը կծանոթանա մարդկանց խմբի հետ, ովքեր «Վրաստանը տուն կտանեն՝ դեպի Եվրոպա»։
«Ինչ խոստում էլ տա իշխանությունը, մենք չենք հավատում, որ հավատարիմ կմնա իր խոսքին, քանի որ տարիներ շարունակ միայն ապացուցել է իր հավատարմությունը օլիգարխին։ Նրանք խախտեցին վրաց ժողովրդին տված խոստումը, երբ տապալվեց համամասնական ընտրակարգի մասին օրենքի նախագիծը, խախտեցին Եվրոպային տրված խոստումը, երբ սաբոտաժ արեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը։ Ուստի մենք՝ վրաց ժողովուրդը, պետք է պատասխանատվություն ստանձնենք բարեփոխումների իրականացման համար։
Այս գործընթացը սկսվեց հունիսի 20-ին աննախադեպ հանրահավաքով, որը պատմական օր դարձավ: Իրարից առանձնացան Բիձինա Իվանիշվիլին և վրաց ժողովրդը, ինչը պարզ երևաց աշխարհին։ Մենք ինքնագոհության առիթ չունենք, վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի Վրաստանի եվրոպական ընտրությունը»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։