«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում: Վրաստանի ապագան ԵՄ-ում է»,- գրել է Շառլ Միշելը Twitter-ում։
Նրա խոսքով՝ որոշվել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցության համար թեկնածու երկրի կարգավիճակ տալ։
«Այսօր ամենակարևոր քայլն է ձեր՝ դեպի Եվրամիություն ճանապարհին։ Շնորհավորում ենք նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նախագահ Մարիա Սանդուին, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդին։ Մենք ընդհանուր ապագա ունենք»,- ասել է Շառլ Միշելը։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը՝ ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Եվրոպական խորհրդին չէր հորդորել թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին և խորհուրդ էր տվել սահմանափակվել միայն «եվրոպական հեռանկարով»։
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ Վրաստանը պետք է կատարի մի շարք պայմաններ, և միայն դրանից հետո կքննարկվի նրան թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Եվրահանձնաժողովի կողմից նշված 12 պայմանները ներառում են ապաօլիգարխացման պարտավորությունը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։
Վրաստանի վարչապետն ու իշխող կուսակցության առաջնորդները նշում են, որ Վրաստանը նույնպես արժանի էր թեկնածուի կարգավիճակին, իսկ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը երկրի արտաքին վեկտորը փոխելու և եվրատլանտյան ինտեգրումը տապալելու համար: Հունիսի 24-ին Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա տեղի կունենա: