«Միացյալ Նահանգները 30 տարի շարունակ աշխատում և համագործակցում է Վրաստանի հետ՝ եվրատլանտյան տարածքում Վրաստանի լիարժեք ինտեգրման համար։ Ամեն ինչ, մեր բոլոր նախագծերը կամ ծրագրերը, որ մենք անում ենք, ուղղված են վրաց ժողովրդի ցանկությունների իրականացմանը, այն է՝ ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։
Մենք աջակցում ենք Վրաստանի թեկնածությունը Եվրամիությունում, քանի որ ցանկանում ենք, որ Վրաստանը հաջողության հասնի իր եվրոպական ձգտումներում։
Այն հայտարարությունները, որոնք հաճախ հնչում են, թե իբր Ամերիկան ցանկանում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ կամ բացել երկրորդ ճակատը, 100 տոկոսանոց ռուսական ապատեղեկություն է, և դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ամերիկան ամենից շատ է ցանկանում դադարեցնել այս պատերազմը և մինչ ռազմական գործողությունների մեկնարկը նա անում էր ամեն ինչ՝ այն կանխելու համար։ Մենք, անշուշտ, պատերազմ չենք ցանկանում որևէ երկրում», - ասել է Դեգնանը։
Դեսպանը նշել է, որ ինքը չի կարող խոսել վարչապետի փոխարեն, սակայն Վրաստանում չի ճանաչում որևէ մեկին, որը ցանկանում է Վրաստանը ներքաշել այս պատերազմի մեջ։
Վրաստանին Ուկրաինայում ընթացող պատերազմում ներքաշելու մասին մեղադրանքներով գրեթե ամեն օր հայտարարություններով են հանդես գալիս իշխանության ներկայացուցիչները: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող կուսակցության ներկայացուցիչները երկրում երկրորդ ճակատ բացելու թեմայով բազմիցս են մեղադրել ընդդիմությանը: Երեկ Ղարիբաշվիլին նաև հայտարարեց, որ եթե Եվրոպական միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցը որոշվում է պատերազմում ներքաշվելով, ապա Վրաստանը պատերազմ չի ուզում սկսել: