Փոփոխության համաձայն` եթե տեխզննում չանցնելու պատճառով մեկ անգամ տուգանված ֆիզիկական անձը տուգանվելուց 30 օրվա ընթացքում մեքենայի տեխզննում չանցնի, կկիրառվի տուգանք՝ 150 լարիի չափով, իսկ իրավաբանական անձի դեպքում տուգանքը կկազմի 300 լարի:
Նույն խախտումը կրկնելու դեպքում, եթե կրկին 30 օրվա ընթացքում տրանսպորտային միջոցը տեխզննում չանցնի, տուգանքի չափը կավելանա՝ ֆիզիկական անձանց համար կազմելով 300, իսկ իրավաբանական անձանց համար 500 լարի:
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ Մայա Բիթաձեի խոսքով, կոմիտեն աշխատում է աշխատանքային խմբի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ օդի աղտոտվածության կանխարգելիչ մեխանիզմների մշակման և տրանսպորտային միջոցներից արտանետումների կարգավորման ուղղությամբ:
«Աշխատանքն իրականացվում է երկու մասով: Առաջին ուղղությունը տեխզննման հարցում թերությունների բացահայտումն ու կարգավորումն է։ Երկրորդ ուղղությունը վիզուալ արտանետումն է: Մենք պայմանավորվել ենք, որ այս երկու խնդիրները կքննարկվեն առանձին՝ հաշվի առնելով, որ արտանետումների վիզուալ հսկողությունը կապված է լրացուցիչ ինստիտուցիոնալ և կարգավորող սարքավորումների հետ: Նախնական խորհրդակցությունների արդյունքում կառավարությունն ակտիվորեն սկսել է այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Մայա Բիթաձեն։
Հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ օրինագիծը խորհրդարանում առաջ կքաշվի մինչև գարնանային նստաշրջանի ավարտը։
Վրաստանի ՆԳ նախարարության համաձայն՝ 2021 թվականին տեխզննման հետ կապված խախտումների համար 524 հազար տուգանք է արձանագրվել, 2020 թվականին տուգանքների թիվը կազմել է 149 հազար, 2019 թվականին՝ 226 հազար։ 2020 թվականին տուգանքների քիչ քանակը կապված է համաճարակի հետ:
Վրաստանում ավելի քան մեկուկես միլիոն մեքենա է երթևեկում: Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի ավտոմեքենաների գրեթե կեսը տեխզննում չի անցնում: Երկրում ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է դարձել 2018 թվականից: