«Փաստաթուղթը պետք է պատրաստվի միայն տեխնիկական մասով։ Հարցաշարի երկրորդ մասն ավելի շատ տեխնիկական-ոլորտային բնույթ էր կրում, որի պատրաստման համար բավականին մեծ ջանքեր են գործադրվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պետական կառույցներին, որոնք մասնակցել են այս կարևոր գործընթացին։ Մենք ընդամենը մի քանի օրից կավարտենք տեխնիկական մասը և մայիսի 10-ին փաստաթուղթը կներկայացնենք Եվրահանձնաժողովին»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Հաջորդ փուլում, Վրաստանի պատասխանների հիման վրա, Եվրահանձնաժողովը կպատրաստի սեփական գնահատման զեկույցը երկրի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
«Այս հարցաշարի պատրաստմանը զուգահեռ մենք շատ ինտենսիվորեն աշխատում էինք մեր գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների հետ բոլոր ոլորտներում, որպեսզի նրանց հետ շատ սերտ համակարգում ու շփում ունենանք։ Այս գործընթացը շարունակվում է առ այսօր։ Իհարկե, մեր երկիրն ու կառավարությունն ակնկալում են, որ Վրաստանը եվրոպացի մեր գործընկերներից շատ կոնկրետ շոշափելի արդյունքներ կունենա այս փաստաթղթի վերաբերյալ, բայց, հավանաբար, մեզ համար դժվար կլինի նախապես ինչ-որ կոնկրետ բանի մասին խոսել։
Բոլոր բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք և կիրականացնենք ապագայում, մեզ հույս են ներշնչում, որ Վրաստանը շատ ճիշտ կանցնի այս կարևոր ընթացակարգը»,- ասել է Դարչիաշվիլին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարցաշարի առաջին մասը Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելին հանձնել է մայիսի 2-ին:
Հիշեցնենք, 2022 թվականի մարտի 3-ին Ուկրաինայում բռնկված պատերազմի ֆոնին Վրաստանը դիմեց Եվրոպական Միությանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: