Դրամաշնորհային և վարկային համաձայնագրերը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեն, NEFCO-ի գործադիր տնօրեն Թրոնդ Մոմը և ներդրումների տնօրեն՝ Բո Էսկե Նիհուսը:
Կողմերի միջև համաձայնագրով նախատեսվում է Վրաստանին հատկացնել 6,5 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից 3,9 մլն եվրոն վարկի, իսկ 2,6 մլն եվրոն՝ դրամաշնորի տեսքով։
Նախարարության հայտարարությամբ՝ ծրագիրը ամբողջությամբ կվերականգնի և զգալիորեն կբարելավի Վրաստանի լեռնային շրջաններում գտնվող դպրոցների շենքերի էներգաարդյունավետությունը, ինչը կօգնի ուսուցման համար համապատասխան միջավայր ստեղծել։
Նախագծերը կիրականացվեն 2023-2025 թվականներին Թիանեթիի, Գորիի, Ծալկայի, Ասպինձայի, Ախալցիխեի, Ամբրոլաուրիի և Բորջոմիի մունիցիպալիտետներում։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ 2022-2026 թվականներին ամբողջ երկրում նախատեսվում են դպրոցների վերականգնման և կառուցման աշխատանքներ:
Ըստ վարչապետի բոլոր վերանորոգված և նորակառույց դպրոցները կկահավորվեն անհրաժեշտ ռեսուրսներով և ժամանակակից սարքավորումներով, հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կկահավորվեն դասասենյակները, գիտական լաբորատորիաները, կաբինետները, խաղահրապարակներն ու բակերը։
Կառավարության ծրագրի համաձայն՝ Թբիլիսիում և շրջաններում կկառուցվի 80 նոր դպրոց, ամբողջությամբ կվերականգնվի 220 դպրոց, մասամբ կվերականգնվի 500 դպրոց։ Նախագծի բյուջեն կազմում է 1 միլիարդ լարի և այն վերաբերում է ավելի քան 200,000 աշակերտի: