Երկրորդ ՀԷԿ-ի համար Ցխենիսծղալի գետի վրա 21,85 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի (Ցխենիսկալի 1 ՀԷԿ) կառուցման նախագծով նախատեսվում է գետը ներառել գրեթե 8 կմ երկարությամբ (7788 մ) 2,4 մ տրամագծով խողովակաշարի մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 21 մլն դոլար։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից երկու ՀԷԿ-ի կառուցման համար թույլտվություն է խնդրում Թբիլիսիում հիմնադրված Hydro Invest GA ընկերությունը: Ընկերությունը գրանցված է 2021 թվականի մարտի 25-ին։ Ձեռնարկության 50 տոկոսի սեփականատերը այս ընկերությունից երկու օր առաջ գրանցված գրեթե համանուն ՍՊԸ Hydro Invest-ն է, մնացած 50 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանին։
Մինչ կպարզեինք, թե ով է Կարեն Հարությունյանը, որոշեցինք տեղեկություն գտնել Hydro Invest-ի մասին։ ՍՊԸ Hydro Invest ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Զուրաբ Գելենիձեին։ Նա «Թելասի» ԲԸ-ի դիտորդական խորհրդի փոխտնօրենն է։ «Թելասին»՝ Թբիլիսիում էլեկտրաէներգիայի բաշխման միակ ընկերությունը, պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին (75% բաժնետոմս): «Ինտեր ՌԱՕ»-ի հիմնական բաժնետերը ռուսական «Ռոսնեֆտեգազ» պետական ընկերությունն է (27,63%)։ Բաժնետոմսերի 8,57%-ը պատկանում է Միացյալ էներգետիկ համակարգի (ФСК ЕЭС) դաշնային էներգետիկ համակարգի ցանցին, որի 80%-ը պատկանում է ռուսական «Ռոսսեթ» ընկերությանը։ Իր հերթին «Ռոսնեֆտեգազ»-ը հանդիսանում է «Ռոսսեթ»-ի վերահսկիչ փաթեթի սեփականատերը: «Ինտեր ՌԱՕ Կապիտալ»-ի մասնաբաժինը 29,56 տոկոս է:
«Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է Բորիս Կովալչուկը։ 2022 թվականի մարտի 11-ին նա ընդգրկվել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում։
Խորհրդի փոխնախագահը Դմիտրի Շուգաևն է, ով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենն է։ 2022 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ որպես ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, նրա հանդեպ նույնպես պատժամիջոցներ են սահմանվել։ Շուգաևի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել նաև Ավստրալիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից: «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահը՝ ռուս օլիգարխ, նախկին պետական պաշտոնյա, ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն է: 2022 թվականի փետրվարի 24-ին նա ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում, իսկ մարտի 10-ին նրա հանդեմ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Մեծ Բրիտանիան։
Ինչ վերաբերում է Hydro Invest GA-ի բաժնետոմսերի 50%-ի սեփականատեր Կարեն Հարությունյանին՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենն է։
2006 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» բաժնետիրական ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության անդամ է։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՕ»-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև կնքվել է համաձայնագիր Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների գնման վերաբերյալ։ Այն ժամանակ Երևանում ողջունեցին «Հայկական էլեկտրացանցերի» հանձնումը «Տաշիր»-ին, քանի որ կարծում էին, որ Հայաստանի էներգետիկան որոշակիորեն ազատվել է ռուսական ազդեցությունից, թեև փորձագետները ենթադրում էին, որ դա «ռուսական նախագիծ» է, և որ Ռուսաստանը չէր կորցնի իր ազդեցությունը:
«Տաշիր»-ը միավորում է ավելի քան 200 ընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ոլորտներում։ «Տաշիր»-ի նախագահը Սամվել Կարապետյանն է։ Նա ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում, 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում։ 1999 թվականին նա հիմնադրել է «Տաշիր» ընկերությունը, որը դարձել է դաշնային նշանակության ամենամեծ խումբը 20 տարվա ընթացքում։
Այժմ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի 70%-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ»-ն է, իսկ 30%-ը պատկանում է 2010 թվականին Կիպրոսում հիմնադրված Liormand Holdings Limited ընկերությանը: Այս ընկերությունը նույնպես պատկանում է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին:
Երկու շաբաթ առաջ՝ 2022 թվականի ապրիլի 15-ին, համաձայն «Հիդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ի գործընկերների ժողովի արձանագրության, Կարեն Հարությունյանն իր բաժնեմասի 50%-ը՝ ընդհանուր 33,2%-ը, անհատույց տվել է ՀՀ քաղաքացիներ՝ Արա և Հայկ Դարբինյաններին, ծնված համապատասխանաբար 1993 և 1994 թվականներին: Նրանք երկուսն էլ գրանցված են Երևանի նույն հասցեում՝ Աջափնյակ, Շիրազի փ. 48 շենք, Բնակարան 61:
Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ նույն հասցեում է գրանցված նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Արան և Հայկը նրա որդիներն են։
Այսպիսով, ՍՊԸ Hydro Invest GA ընկերությունը, որը թույլտվություն է խնդրում Քվեմո Սվանեթիում Ցխենիսծղալի 1 և Զեսխո 1 ՀԷԿ-երի կառուցման համար, գտնվում է Ռուսաստանի հետ սերտ կապ ունեցող անձանց ձեռքերում:
Ծանոթացե՛ք հատուկ ռեպորտաժին՝ Ռուսաստանը Վրաստանի էներգետիկայում: