Վրաստանի ո՞ր ՀԷԿ-երն են պատկանում ռուսական ընկերություններին և Ռուսաստանի քաղաքացիներին: Ինչո՞ւ են այս ՀԷԿ-երը հատկապես կարևոր երկրի էներգետիկ անվտանգության համար։ Ինչպե՞ս էր նախ «Ազգային շարժումը», իսկ այժմ՝ «Վրացական երազանքը» նպաստում Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեծացմանը։ Ինչո՞ւ է Վրաստանի կառավարությունը պայմանագրեր կնքում ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ կապված անձանց հետ՝ ուկրաինական պատերազմին զուգահեռ նոր ՀԷԿ-երի կառուցման համար, հատկապես որ «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կողմից:
«Խրամհեսի I» և «Խրամհեսի II»
Երկու ՀԷԿ-երի դրվածքային հզորությունը միասին կազմում է 227,2 ՄՎտ։ Ջրամբարը «Խրամհեսի I»-ի ենթակառուցվածքի մի մասն է, որի տարածքը կազմում է 1060 քառակուսի կիլոմետր և այն կարող է պահել 312 մլն խմ ջուր։ Ջրի կուտակումը սկսվում է ապրիլից և տևում մինչև հուլիս, ինչն ապահովում է ՀԷԿ-ի ամբողջ հզորությամբ աշխատանքը։ «Խրամհեսի I»-ը և «Խրամհեսի II»-ը կառուցվել են խորհրդային տարիներին և շահագործման են հանձնվել 1947 և 1963 թվականներին։ Նախատեսվում էր Խրամի կասկադի կառուցումը, որն ընդգրկում էր չորս ՀԷԿ, սակայն երրորդ և չորրորդ ՀԷԿ-երի կառուցման ծրագրերն այդպես էլ չեն իրականացվել։
«Խրամհեսի I»-ը և «Խրամհեսի II»-ը ստեղծվել են 1996 թվականին որպես բաժնետիրական ընկերություններ: Բաժնետոմսերի 100%-ը պատկանում էր պետությանը։ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին պետությունը «Խրամհես I»-ի և «Խրամհես II»-ի բացառիկ կառավարումն ու շահաբաժինները 25 տարի ժամկետով փոխանցեց AES Georgia Holdings B.V.-ին։ 2003 թվականին AES Georgia Holdings B.V ընկերությունը գնվել է Inter RAO ընկերության կողմից, որը վերահսկվում է ռուսական պետական ընկերությունների կողմից։
2011 թվականի մարտի 31-ին Վրաստանի և «Ինտեր ՌԱՕ»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»: Հուշագրի շրջանակներում, Վրաստանի կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N717 հատուկ կանոնակարգի հիման վրա, «Խրամհեսի I»-ի և «Խրամհեսի II»-ի գնման պայմանագրին համապատասխան, ՀԷԿ-երի բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է Նիդեռլանդներ հիմնադրված Gardabani Holding B.V.-ի ընկերությանը, որը Inter RAO-ի դուստր ձեռնարկությունն է:
Վրաստանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին հայտարարել էր, որ մինչև 2011 թվականի նոյեմբերը «Ինտեր ՌԱՕ»-ն պետք է 104 մլն դոլար վճարեր երկու ՀԷԿ-երի համար։ Ինպես նաև «Ինտեր ՌԱՕ»-ն պարտավորվել է մինչև 2016 թվականը Խրամի գետի ավազանում կառուցել երեք նոր ՀԷԿ՝ 90-100 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Ռուսական ընկերությունը նոր ՀԷԿ-եր կառուցելու համար պետք է 193 մլն դոլարի ներդրում կատարեր։
«Ինտեր ՌԱՕ»-ն ոչ մի նոր ՀԷԿ չի կառուցել: Մարտի 16-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից գրավոր պահանջել ենք «Խրամհեսի I» և «Խրամհեսի II» բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրը, պարզելու, թե ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագրով ինչ պատասխանատվություն է սահմանվում։ Հանրային տեղեկատվության տրամադրման համար Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր ժամկետները անցնելուց և նախարարության կողմից մեզ փաստաթուղթը չփոխանցելուց հետո «Մթիս Ամբեբին» վարչական վեճ է սկսել։
Վրաստանի 2018-2028 թվականների հաղորդման ցանցի զարգացման պլանի համաձայն՝ «Խրամի ՀԷԿ 3»՝ 16 ՄՎտ դրվածքային հզորությամբ, «Խրամի ՀԷԿ 4»՝ 15 ՄՎտ հզորությամբ և «Խրամի ՀԷԿ 5»՝ 20 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-երը ուսումնասիրության փուլում են։ Կառավարության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված փաստաթղթում երեք ՀԷԿ-երից որևէ մեկի շահագործման հանձնելու ժամկետը նշված չէ։
«Ինտեր ՌԱՕ»-ի հիմնական բաժնետերը ռուսական «Ռոսնեֆտեգազ» պետական ընկերությունն է (27,63%)։ Բաժնետոմսերի 8,57%-ը պատկանում է Միացյալ էներգետիկ համակարգի դաշնային էներգետիկ համակարգի ցանցին (ФСК ЕЭС), որի 80%-ը պատկանում է ռուսական «Ռոսսեթ» ընկերությանը։ Իր հերթին «Ռոսնեֆտեգազ»-ը հանդիսանում է «Ռոսսեթ»-ի վերահսկիչ փաթեթի սեփականատերը: «Ինտեր ՌԱՕ Կապիտալ»-ի մասնաբաժինը 29,56 տոկոս է, ազատ շրջանառության մեջ է բաժնետոմսերի 34,24 տոկոսը։
«Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է Բորիս Կովալչուկը։ 2022 թվականի մարտի 11-ին նա ընդգրկվել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում։ Խորհրդի փոխնախագահը Դմիտրի Շուգաևն է, ով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենն է։ 2022 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից որպես ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա նրա հանդեպ նույնպես պատժամիջոցներ են սահմանվել։ Շուգաևի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել նաև Ավստրալիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից: «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահը ռուս օլիգարխ, նախկին պետական պաշտոնյա, ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Սեչինն է: 2022 թվականի փետրվարի 24-ին նա ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում, իսկ մարտի 10-ին նրա հանդեմ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Մեծ Բրիտանիան։
«Խրամհեսի I»-ը և «Խրամհեսի II»-ը ղեկավարվում են վերահսկիչ խորհրդի կողմից, որի կազմում են՝ Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Պերևեդենցև (նախագահ), Սվետլանա Իվանիչկինա և Անդրեյ Չուրիլով (անդամներ):
Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի տվյալներով՝ երկու ՀԷԿ-երն էլ 2020 թվականին արտադրել են 399,1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է արտադրված էլեկտրաէներգիայի 3,6%-ը։ 2021 թվականին Խրամի ՀԷԿ-երը արտադրել են 529,1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 4,18%-ը։
Ըստ Audit Company Uai ՍՊԸ-ի կողմից աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Խրամհեսի I»-ի ակտիվները կազմել են 58 մլն լարի, իսկ «Խրամհեսի II»-ինը՝ 103 մլն լարի: 2016-2020 թվականներին «Խրամհեսի I»-ի շահույթը կազմել է 37,7 մլն լարի, իսկ «Խրամհեսի II»-ի շահույթը՝53,7 մլն լարի։
Երկու ՀԷԿ-երն էլ կարգավորիչի տեսակի են: Ի՞նչ է նշանակում կարգավորիչ ՀԷԿ-ը: Այն ջրամբարային հիդրոէլեկտրակայան է, որը կարող է կարգավորել արտադրությունը։
Վրաստանում ընդհանուր առմամբ գործում է 7 կարգավորիչ ՀԷԿ՝ Էնգուրի ՀԷԿ, Վարդնիլ ՀԷԿ, Խրամ ՀԷԿ I, Խրամ ՀԷԿ II, Շաորի ՀԷԿ, Ձևռուլի ՀԷԿ և Ժինվալի ՀԷԿ։
Ի՞նչ խնդիրներ կստեղծի «Խրամհեսի I»-ի և «Խրամհեսի II»-ի անջատումը երկրի էներգետիկ համակարգում։ Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովի (GNERC) էլեկտրաէներգիայի բաժնի ղեկավարի առաջին տեղակալ Զվիադ Գաչեչիլաձեի կարծիքով՝ Խրամի ՀԷԿ-երի փակումը կունենա նույն ծանր հետևանքը, ինչ արևմուտքում Էնգուրի ՀԷԿ-ի փակումը։ Էնգուրի ՀԷԿ-ը ամենամեծ հիդրոէլեկտրակայանն է՝ 1300 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
«Այս 7 կարգավորող ՀԷԿ-երից հաճախականությունը հիմնականում կարգավորվում է Էնգուրի ՀԷԿ-ով, «Խրամհեսի I»-ով և «Խրամհեսի II»-ով։ Ժինվալիի կամ Շաորհեսի անջատումը այնքան ցավալի չի լինի, որքան Խրամի ՀԷԿ-երի անջատումը։
Նախ հաճախականությունը կփչանա, արևելքի և արևմուտքի միջև հավասարակշռությունը չի պահպանվի։ Մենք կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի պակաս և անհրաժեշտ լինի այն ներկրել»,- ասում է Զվիադ Գաչեչիլաձեն։
«Խրամհեսի I»-ը և «Խրամհեսի II»-ն ունեն նույն տնօրենը՝ Դևի Կանդելակին, ով մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը հանդիսանում էր ՍՊԸ «Small Energy»-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Small Energy-ն իր հերթին ՍՊԸ Prime Energy-ի սեփականատերն էր: Small Energy-ն ուներ փոքր հիդրոէլեկտրակայան Քոբուլեթիի շրջանում՝ ԱՃիհեսը, որը 2021 թվականին արտադրել էր 6,3 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, իսկ Prime Energy-ին էր պատկանում Ղվարելի շրջանում գտնվող Ինծոբահեսը: Անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին Դևի Կանդելակին ՍՊԸ Small Energy-ին 3,7 մլն դոլարով վաճառել է CCH Hydro VIII ՍՊԸ-ին։ Այս ընկերության սեփականատերը Սինգապուրում գրանցված ՍՊԸ Caucasus Clean Energy Holdings Pte-ն է»:
«Թելասի»
Ռուսական «Inter RAO» ընկերությանն է պատկանում է «Թելասի» բաժնետիրական ընկերությանը, որը Թբիլիսիում էլեկտրաէներգիայի բաշխման միակ ընկերությունն է՝ սպասարկում է 697,400 բաժանորդի:
«Թելասին» գրանցվել է որպես բաժնետիրական ընկերություն 1995 թվականի մայիսին և եղել է պետական ձեռնարկություն։ 1998 թվականին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ամերիկյան AES Silk Road Holdings B.V. ընկերության կողմից։ 2003 թվականի օգոստոսին AES Silk Road Holdings B.V-ն ձեռք է բերվել ֆիննական «RAO Nordic Oy» ընկերության կողմից, որը պատկանում է ռուսական «Inter RAO» ընկերությանը։ «Inter RAO»-ին մինչ օրդ պատկանում է «Թելասի» ընկերության 75%-ը: Մինչև 2020 թվականի օգոստոսը բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Վրաստանի պետական ներդրումային հիմնադրամին՝ «Գործընկերության հիմնադրամին», որից հետո այն 10,5 մլն ԱՄՆ դոլարով գնել է «Բեսթ Էներջի Գրուպ» ՍՊԸ մասնավոր ընկերությունը։ Best Energy Group-ի 100%-ի սեփականատերը Խվիչա Մաքացարիան է՝ CBS Group խոշոր հոլդինգի հիմնադիրներից մեկը։ Հոլդինգը միավորում է «Թբիլիսի միկրոավտոբուս»-ի, «Tbilisi Energy»-ի, Caucasus Online-ի բաժնետոմսերի 51 տոկոսանոց փաթեթը, Ազգային վիճակախաղի ընկերությունը և այլ ակտիվներ:
Հոլդինգը բաժնետոմսեր ունի երկրի երրորդ ամենամեծ բջջային օպերատորում՝ «Վիոն»-ում։ «Վիոն Վրաստանը» ներկայացված է «Beeline» ապրանքանիշով։ Ընկերությունը օֆշորում պատկանում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված երկու ընկերությունների՝ WaterTrail Industries LLC-ին` 71% և Investico Alliance-ին` 29%: «Beeline»-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Վիոն Վրաստանը» մտնում է «VEON» միջազգային խմբի մեջ, որը գրանցված է Նիդեռլանդներում։ VEON-ի 47,9%-ը պատկանում է Letterone Investment Holdings S.A.-ին, որը հիմնադրել և վերահսկում է ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանը:
Թբիլիսիի էլեկտրացանցերի ընդհանուր երկարությունը 6289 կիլոմետր է։ «Թելասի»-ին են պատկանում 36 տրանսֆորմատոր և 2169 տրանսֆորմատորային ենթակայաններ, որտեղ աշխատում է 1890 մարդ:
«Թելասի» ընկերության գլխավոր տնօրենը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Կոբցևն է։ Դիտորդական խորհրդի նախագահը Դմիտրի Վոլկովն է՝ Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում Inter RAO-ի ակտիվների կառավարման բաժնի ղեկավարը: Խորհրդի անդամներն են՝ Ալեքսանդր Աբրամկովը, Բանկի GPB խորհրդի նախագահի խորհրդական, Յուրի Մախով - «Օբորոներգո»-ի հյուսիս-արևմտյան մասնաճյուղի փոխտնօրեն էլեկտրաէներգիայի փոխադրման ոլորտում, Սերգեյ Սամարին - «Ինտեր ՌԱՕ»-ի արտադրության զարգացման բաժնի ղեկավար, տեխնիկական քաղաքականության վարչություն, Խորհրդի երկու վրացի անդամներից մեկը՝ Կոբա Ղուրծկաիան, ունի Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն:
Վրաց-հայկական համագործակցությունը «Ինտեր ՌԱՕ»-ի հովանու ներքո՝ «Ցխենիսծղալի 1 ՀԷԿ» և «Զեսխո 1 ՀԷԿ»
«Թելասի» ընկերության դիտորդական խորհրդի երկրորդ վրացի անդամը Զուրաբ Գելենիձեն է՝ խորհրդի փոխտնօրենը։
Զուրաբ Գելենիձեին է պատկանում է ՍՊԸ Hydro Invest ընկերության բաժնետոմսերի 85%-ը և վերջինս հանդիսանում է նաև նույն ընկերության տնօրենը։ Ձեռնարկությունը գրանցված է 2021 թվականի մարտի 23-ին։ Իր հերթին Hydro Invest-ին է պատկանում նույն տարվա մարտի 25-ին գրանցված Hydro Invest GA ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50%-ը։ Մնացածը (50%) պատկանում է ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանին։
Hydro Invest GA-ն հայտ է ներկայացրել Քվեմո Սվանեթիի Լենտեխիի մունիցիպալիտետում երկու ՀԷԿ-երի կառուցման համար։
Ցխենիսծղալի գետի վրա 21,85 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի (Ցխենիսկալի 1 ՀԷԿ) կառուցման համար նախագծով նախատեսվում է գետը ներառել գրեթե 8 կմ երկարությամբ (7788 մ) 2,4 մ տրամագծով խողովակաշարի մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 21 մլն դոլար։
Նույն ընկերությունը ցանկանում է Զեսխո և Կորուլդաշի գետերի վրա կառուցել 20,3 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան (Զեսխո - 1 ՀԷԿ)։ 2022 թվականի մայիսի 3-ին, ժամը 14:00-ին, Ցանա գյուղում նշանակված է հանրային քննարկում: Նախագծի համաձայն՝ Զեսխո գետից 3,1 կմ կվերածվի մետաղական խողովակաշարի, իսկ Կորուլդաշ գետից՝ 5,3 կմ։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն դոլար։ Շրջանակային փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններ և կարծիքներ կարող են ներկայացվել շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն մինչև մայիսի 5-ը։
Զեսխո-Ցանի կիրճում նախատեսվում է կառուցել ևս մեկ հիդրոէլեկտրակայան՝ Զեսխո 2 ՀԷԿ-ը։
Ըստ «Մթիս Ամբեբիի» տեղեկության «Hydro Invest GA» ընկերության 50%-ի սեփականատեր Կարեն Հարությունյանը հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:
2006 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» բաժնետիրական ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության անդամ է։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՕ»-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև կնքվել է համաձայնագիր Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների գնման վերաբերյալ։ Սրան նախորդել էր Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու «Ինտեր ՌԱՕ»-ի որոշումը, որին հաջորդել էին բողոքի զանգվածային ցույցեր Երևանում։ Սակագինը չի բարձրացվել, բայց «Ինտեր ՌԱՕ»-ն հայտարարել է, որ աշխատելու է պարտքեր կուտակելով և կորուստեր ունենալով։ Այն ժամանակ Երևանում ողջունեցին «Հայկական էլեկտրացանցերի» հանձնումը «Տաշիր»-ին, քանի որ կարծում էին, որ Հայաստանի էներգետիկան որոշակիորեն ազատվել է ռուսական ազդեցությունից, թեև փորձագետները ենթադրում էին, որ դա «ռուսական նախագիծ» է, և որ Ռուսաստանը չէր կորցնի իր ազդեցությունը:
«Տաշիր»-ը միավորում է ավելի քան 200 ընկերությունների Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ոլորտներում։ «Տաշիր»-ի նախագահը Սամվել Կարապետյանն է։ Նա ծնվել է 1965 թվականին Հայաստանի Տաշիր քաղաքում, 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում։ 1999 թվականին նա հիմնադրել է «Տաշիր» ընկերությունը, որը դարձել է դաշնային նշանակության ամենամեծ խումբը 20 տարվա ընթացքում։
«Տաշիր» խմբի գործունեությունից է էներգետիկան: Ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 2015 թվականից «Տաշիր»-ի մաս է կազմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որի հիմնական գործունեությունը Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի բաշխումն ու վաճառքն է։
Հայաստանում «Էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի 70%-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ»-ն է, իսկ 2010 թվականին Կիպրոսում հիմնադրված Liormand Holdings Limited-ը 30%-ի սեփականատերն է:
Ասիական զարգացման բանկի հաշվետվության մեջ, որը պատրաստվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» աջակցության նախագծի հետ կապված, նշվում է, որ Liormand Holdings Limited-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Կիպրոսում հիմնված Tashir International Holding Limited ընկերությանը: Ե՛վ «Տաշիր կապիտալը», և՛ «Տաշիր Հոլդինգս»-ը պատկանում են գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։ Այսպիսով, Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100%-անոց սեփականատերերն են։
Լուսանկարում՝ Կարեն Դարբինյանը և Կարեն Հարությունյանը / Լուսանկարը © tert.am
2022 թվականի ապրիլի 15-ին, համաձայն «Հիդրո Ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ի գործընկերների ժողովի արձանագրության, Կարեն Հարությունյանն իր բաժնեմասի 50%-ը՝ ընդհանուր 33,2%-ը, անհատույց տվել է ՀՀ քաղաքացիներ՝ Արա և Հայկ Դարբինյաններին, ծնված համապատասխանաբար 1993 և 1994 թվականներին: Նրանք երկուսն էլ գրանցված են Երևանի նույն հասցեում՝ Աջափնյակ, Շիրազի փ. 48 շենք, Բնակարան 61:
Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ նույն հասցեում է գրանցված նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Արան և Հայկը նրա որդիներն են։ Այս տեղեկությունը «Մթիս Ամբեբիին» հետ զրույցում հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանը։
«Լարս ՀԷԿ»-ը և «Շիլդա ՀԷԿ»-ը
«Էներգիա» ՍՊԸ-ն, որը Վրաստանում ունի երկու հիդրոէլեկտրակայաններ (Լարսի ՀԷԿ և Շիլդա ՀԷԿ), հիմնադրվել է 2010 թվականին: Ընկերության 70%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մևլուդ Բլիաձեին, իսկ 30%-ը պատկանում է ՍՊԸ «Փերի»-ին։ Լարսի ՀԷԿ-ը կառուցվել է 2013 թվականին Ղազբեգի շրջանում՝ վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետի մոտ՝ Թերգի գետի վրա։ ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 19,5 ՄՎտ է։ 2021 թվականին այն արտադրել է 74,4 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։
«Շիլդա ՀԷԿ»-ը կառուցվել է 2013 թվականին Կախեթիի Ղվարելի շրջանում՝ Չելթի գետի վրա։ ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 5 ՄՎտ է, այն նախորդ տարի արտադրել է 18 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Տարեկան այն պետք է 30 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա արտադրեր: Էկոնոմիկայի նախարարությունը մեզ չի տրամադրել հանրային տեղեկատվություն, թե ինչու չի համապատասխանում արտադրված էլեկտրաէներգիայի քանակը նախագծով նախատեսված քանակին։ Նախարարությունից չպատասխանեցին մեր այն հարցին, թե վերջին 5 տարիներին ստուգումներ իրականացվե՞լ են հիդրոէներգիայի արտադրության ներուժը ճշտելու համար։
Մևլուդ Բլիաձեն ծնվել է 1952 թվականին Վրաստանում։ Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է Թբիլիսիում, կամուրջների, թունելների շինարար է։ 1993 թվականից ղեկավարում է «Պիլոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը Սանկտ Պետերբուրգի ճանապարհաշինության ոլորտում առաջատար ընկերություն է։ Մևլուդ Բլիաձեն արժանացել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» մրցանակին՝ ճանապարհների և կամուրջների արդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
«Դարիալ ՀԷԿ»
ՍՊԸ «Էներգիա»-ն ներկայումս «Դարիալի Էներջի»-ի բաժնետիրական ընկերության բաժնետեր է։ Ընկերությանն է պատկանում է վրաց-ռուսական սահմանին գտնվող Կազբեգի Դարիալի ՀԷԿ-ը, որը երկրի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններից է։ ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 108 ՄՎտ է։ 2021 թվականին արտադրել է 509,6 մլն 2021թ. ԿՎտ.ժ էլեկտրաէներգիա, որը կազմում է նախորդ տարի երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 4%-ը։
Ի սկզբանե՝ 2011 թվականին, երբ Վրաստանի կառավարությունը «Dariali Energy»-ի հետ ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և սեփականության իրավունքի մասին հուշագիր ստորագրեց, «Էներգիա» ՍՊԸ-ն ընկերության հիմնադիրների թվում չէր: Հուշագրի ստորագրման ժամանակ «Դարիալ Էներջի»-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն էր՝ երկու սեփականատերերով՝ ԱՄՆ-ում գրանցված Robbins Company-ն՝ 30% բաժնեմասով և ՍՊԸ Feri՝ 70% բաժնեմասով:
2011 թվականի սեպտեմբերին վերակազմակերպման արդյունքում «Dariali Energy» ՍՊԸ-ն վերափոխվեց բաժնետիրական ընկերության։ Ընկերության նոր բաժնետեր է դարձել «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը», որի 100%-ը պատկանում է պետությանը։ Հիմնադրամը 10 մլն ԱՄՆ դոլարով գնել է Dariali Energy-ի բաժնետիրական կապիտալի 30%-ը։ «Փերի» ՍՊԸ-ի 70 տոկոս բաժնետոմսերից մնացել է միայն 40 տոկոսը։
Ըստ «Կանաչ այլընտրանքի» հաշվետվության՝ 2013 թվականի օգոստոսին «Դարիալի Էներջի» ԲԸ-ը հայտարարել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով նախագծի զարգացումը վտանգված է, և նախագծի ավարտը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով։ 2013 թվականի օգոստոսի 14-ին էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին ուղղված նամակում ընկերությունը նախարարին առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը. «Նախագծի ավարտի համար անհրաժեշտ է բանկային ֆինանսավորում, ինչի կապակցությամբ ընկերությունը երկար ժամանակ աշխատում է վրացական և միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Որպես վարկի հաստատման նախապայման՝ բանկերը պահանջում են ընկերությունից ներգրավել 20 միլիոն դոլարի լրացուցիչ կապիտալ: «Դարիալի Էներջի» ԲԸ-ն գտել է համապատասխան ռեսուրս: «Էներջի» ՍՊԸ-ն պատրաստ է ներդրում կատարել ընկերության կապիտալում 10 մլն ԱՄՆ դոլարի չափով և ընկերությանը տրամադրել հավելյալ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որի տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%: Փոխարենը «Էներգիա» ՍՊԸ-ն խնդրում է, որ ընկերությունը ՀԷԿ-ի շահագործումից հետո 15 մլն դոլարով ձեռք բերի Վրաստանի էներգետիկ զարգացման հիմնադրամին պատկանող բաժնետոմսերը։ «Դարիալի Էներջի» ԲԸ-ի համար լրացուցիչ 20 մլն դոլար ներգրավելու այլ ճանապարհ այս փուլում չկա»: 2013 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանի կառավարությունը բավարարել է ընկերության խնդրանքը։
Դարիալ ՀԷԿ-ը շահագործման հանձնվեց 2017 թվականին:
«Շիլդահեսի 1»
«Էներգիա» ՍՊԸ-ի տնօրեններն են Դավիթ և Գայոզ Ուգրելիձեները։ Դավիթ Ուգրելիձեին է պատկանում 2014 թվականին գրանցված «Հիդրոէներջի» ՍՊԸ-ի 50%-ը։ Նույն ընկերությունում նույնքան բաժնետոմսեր ունի Լաշա Իորդանիշվիլին։ «Հիդրոէներջի» ՍՊԸ-ին է պատկանում «Շիլդա ՀԷԿ 1»՝ 1,2 ՄՎտ դրվածքային հզորությամբ: «Շիլդա ՀԷԿ 1»-ը նախորդ տարի արտադրել է 9,9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ռուսական խոշոր ընկերության ղեկավար Մևլուդ Բլիաձեի և նրա գործընկերները՝ Լաշա Իորդանիշվիլին և նրա ընկերությունները, ինչպես նաև «Փերի» ՍՊԸ-ն Վրաստանում ունեն ևս մի քանի հիդրոէլեկտրակայաններ։
«Ղազբեգի ՀԷԿ»
«Ղազբեգի ՀԷԿ» ՍՊԸ-ն մինչև 2011 թվականի օգոստոսը պատկանում էր Ղազբեգիի մունիցիպալիտետին։ Այս ՀԷԿ-ը գտնվում է վրաց-ռուսական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Լարսի սահմանային անցակետում։ Վրաստանի նախագահի 2011 թվականի օգոստոսի 15-ի N15 / 08/07 հրամանագրով և 2011 թվականի օգոստոսի 16-ին Ղազբեգիի մունիցիպալիտետի հետ կնքված առքուվաճառքի պայմանագրի հիման վրա «Ղազբեգի ՀԷԿ» ՍՊԸ-ն 200 հազար լարիով ուղիղ ճանապարհով գնեց «Փերի» ՍՊԸ-ն: Բրոլիսծղալի գետի վրա տեղակայված ՀԷԿ-ի հզորությունը կազմել է 0,38 ՄՎտ։ Ձեռքբերումից մեկ տարի էլ չանցած՝ 2012 թվականի ապրիլին, «Փերի»-ն վաճառեց «Ղազբեգի ՀԷԿ»-ի 100% բաժնետոմսերը Լաշա Իորդանիշվիլիին (66,67%) և Լելա Իոսելիանիին (33,33%)։ Ըստ գնման պայմանագրի՝ Լելա Իոսելիանիի բաժնետոմսերի վճարը պետք է վճարվեր «Փերի» ՍՊԸ-ի համասեփականատեր Իոսեբ Մչեդլիշվիլիի կողմից։
2013 թվականին «Ղազբեգի ՀԷԿ»-ի տեղում կառուցվել է նոր 6 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ։ «Ղազբեգի ՀԷԿ» ՍՊԸ-ն նախորդ տարի արտադրել է 30,4 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։
Բլիաձեի հետ կապված անձինք, ընկերություններ և այլ ՀԷԿ-եր
«Ղազբեգի ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրենը Գիորգի Գոգավան է, ով նույնպես կապ ունի Մևլուդ Բլիաձեի հետ և գործընկեր ընկերությունների ՍՊԸ Hydro Energy և ՍՊԸ Alazani Energy ընկերությունների տնօրենն է:
Լաշա Իորդանիշվիլին Alazani Energy-ի 100%-անոց սեփականատերն է։ Ընկերությունը թույլտվություն ունի Կախեթիում, Պանկիսի կիրճում, 5,4 ՄՎտ հզորությամբ «Խադորի 3 ՀԷԿ»-ի կառուցման համար։ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսվել են 2018 թվականին, սակայն բնակիչները դեմ են արտահայտվել հովտում մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմանը` սպասվող բացասական հետևանքներից խուսափելու համար։ Ընկերությունը չկարողացավ համոզել մարդկանց, որ «Խադորի 3» ՀԷԿ-ը անվտանգ է, և 2019 թվականի ապրիլի 21-ին շինարարությունը շարունակվեց՝ հատուկ ջոկատայինների և ավելի քան 100 ոստիկանների ուղեկցությամբ, ինչը հանգեցրեց բախումների տեղի բնակիչների և իրավապահների միջև։
Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և հրկիզման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 55 մարդ, 38 ոստիկան և 17 տեղացի։ Այրվել են ոստիկանության հատուկ տեխնիկա և մեքենաներ։ Իրավիճակը հանդարտվել է ՆԳ նախարարի կիրճ ժամանելուց հետո: 2019 թվականի նոյեմբերի 29-ին ՀԷԿ-ի կառուցմամբ շահագրգիռ խմբի և հակառակորդների միջև կոնֆլիկտ է եղել, որի ժամանակ զինված խումբը սպանել է 37-ամյա Վիսուրի Մուտոշվիլիին՝ շուրջ տասը ոստիկանի աչքի առաջ։
Մևլուդ Բլիաձեի գործընկեր ընկերությունը՝ «Փերի» ՍՊԸ-ն Պանկիսի կիրճում ևս մեկ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն ունի՝ «Սամծղուրիսծղալի 2 ՀԷԿ»-ը։ ՀԷԿ-ի հզորությունը պետք է լինի 27 ՄՎտ։ ՀԷԿ-ը պետք է շահագործման հանձնվեր 2021 թվականի ապրիլին, սակայն բնակչության դիմադրության պատճառով այս նախագիծը չի հաջողվել իրականացնել։ Շինարարական փաստաթղթերը դատական կարգով բողոքարկվել են նաև հասարակական կազմակերպությունների կողմից։
«Փերի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996թ: Այսօրվա դրությամբ ընկերության ամենամեծ բաժնեմասը պատկանում է Իոսեբ Մճեդլիշվիլիին (96%), իսկ 4%-ը՝ Կախաբեր Շևարդնաձեին։ Ընկերության գլխավոր տնօրենն է Իոսեբ Մճեդլիշվիլին, իսկ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Մերաբ Իորդանիշվիլին։ Նա Լաշա Իորդանիշվիլիի հայրն է։
«Փերի» ՍՊԸ-ն նաև Պանկիսի կիրճում տեղադրված 6 ՄՎտ հզորությամբ «Խադորի 2 ՀԷԿ»-ի սեփականատերն է։ ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թվականին: Անցյալ տարի «Խադորի 2» ՀԷԿ-ը արտադրել է 26,5 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։
«Փերի»-ն «Wind Power» ԲԸ-ի միակ բաժնետերն է։ Այս ընկերության անվանումը փոխվել է 2022 թվականի փետրվարի 25-ին։ Մինչ այդ այն կոչվում էր «Օնի Կասկադ» ԲԲԸ և ունի թույլտվություն Ռաճայում 206,16 ՄՎտ հզորությամբ Օնի ՀԷԿ-երի կասկադ կառուցելու համար։ Ընկերության գլխավոր տնօրենն է Լաշա Իորդանիշվիլին։
Միջին և փոքր ՀԷԿ-երը պատկանում են Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց՝
Սկուրդիդի ՀԷԿ - (1.33 ՄՎտ հզորություն) - գտնվում է Խելվաչաուրի շրջանի Սքուրդիդի գյուղում։ Այն շահագործման է հանձնվել 2018 թվականին: Սկուրդիդի ՀԷԿ-ը պատկանում է «Փշավի հիդրո» ՍՊԸ-ին, որը գրանցված է 2014 թվականին: Ընկերության 87%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի Ռաուլ Քուրդաձեին, իսկ երկքաղաքացիություն ունեցող Զվիադ Գուգավային՝ 13%-ը։
Մաշավերա ՀԷԿ - (0,8 ՄՎտ հզորություն) - գտնվում է Քվեմո Քարթլիում։ Այն գործում է 1949 թվականից։ «Մաշավերա ՀԷԿ»-ը պատկանում է «Մցիրե» ՍՊԸ-ին, որի 100%-ը պատկանում է «HPP Ինվեստ» ՍՊԸ-ին, որը գրանցված է 2013 թվականին: Ընկերության 80%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի Թեյմուրազ Արոնիային։
«Ստորի 1 ՀԷԿ» կառուցվող (33,6 ՄՎտ հզորություն) - Ախմետայի Լեչուրի գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է 2019 թվականին: «Ստորի 1 ՀԷԿ»-ը կառուցում է «Ստորի» ՍՊԸ-ն: Ընկերության 95%-ը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի Վաժա Ցիգրոշվիլիին, իսկ 5%-ը՝ Բեժան Անուաշվիլիին։ Նախատեսվում է հովտում Ստորի ՀԷԿ-երի կասկադի կառուցում։
«Դաշբաշի ՀԷԿ» - (1.3 դրված հզորություն) - գտնվում է Ծալկայի մունիցիպալիտետում՝ Դաշբաշի գյուղում, Խրամի գետի կիրճում։ «Դաշբաշի ՀԷԿ»-ը շահագործման է հանձնվել 1935 թվականին և գործում է մինչ օրս։ Դրա կառուցման հիմնական պատճառը եղած «Խրամհես I»-ի շինարարության փուլում էլեկտրաէներգիայի մատակարարումն էր։ Շինարարության ավարտից հետո «Դաշբաշի ՀԷԿ»-ը շարունակել է աշխատել ինքնուրույն և մինչ օրս արտադրված էներգիան մատակարարում է Վրաստանի էներգահամակարգին։ «Դաշբաշի ՀԷԿ»-ը նախորդ տարի արտադրել է 12,6 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ ՀԷԿ-ը պատկանում է «Քցիա 94» ՍՊԸ-ին, որի 12%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ագնես և Ռայմոնդ Սակարաուլիներին և Առնոլդ Գալուստովներին: 21%-ը պատկանում է Օթար Չարթոլանիին, 67%-ը՝ Նաթիա Խվիստանիին։ Նա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Ջափարիձեի կինն է «Վրացական երազանք» կուսակցությունից։
«Սաքռուսէներգո»
«Սաքռուսէներգո» միացյալ էներգետիկ համակարգը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 27-ին։ «Սաքռուսէներգո»-ի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է Վրաստաին, իսկ 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ «Միացյալ էներգետիկ համակարգի դաշնային ցանցային համակարգը» (ПАО «ФСК ЕЭС»):
«Սաքռուսէներգո»-ն ունի և շահագործում է 500, 330 և 220 կՎտ էլեկտրահաղորդման գծեր, որոնք կապում են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև 500 կՎտ ներքին էլեկտրահաղորդման գծեր՝ «Իմերեթի», «Քարթլի-1», «Քարթլի-2», «Մուխրանի» և «Ասորեթի»: .
Ընկերության նպատակն է ապահովել էլեկտրաէներգիայի անխափան փոխանցում, այդ թվում՝ տարանցիկ փոխանցում։
Ընկերության գլխավոր տնօրենը Վրաստանի քաղաքացի Բաչանա Սուլաձեն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսեյ Մոլսկին է։ Խորհրդի 8 անդամներից 4-ը Վրաստանի քաղաքացիներ են (Ավթանդիլ Թևզաձե, Իվանե Ռոստիաշվիլի, Թեա Գաբադաձե, Ալեքսանդր Չիվաձե), իսկ 4-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից (Ալեքսեյ Մոլսկի, Մադինա Կալոևա, Պավել Գրեբցով, Դմիտրի Ուստյուգով):
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Սաքռուսէներգո»-ի ակտիվները կազմել են 133,669 միլիոն լարի, ըստ Freyswaterhauskupers ՍՊԸ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվության: 2020 թվականին ընկերությունն ունեցել է 11,3 մլն լարիի շահույթ, իսկ 2019 թվականին՝ 13,9 մլն լարի։
2009 թվականից «Սաքռուսէներգո»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռոմեո Միկաուտաձեն, իսկ մինչ այդ նա եղել է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին պատկանող «Խրամհեսի I» և «Խրամհեսի II» գլխավոր տնօրենի տեղակալը։ 2013 թվականին Միկաուտաձեն տեղափոխվել է և աշխատել է որպես «Սաքռուսէներգո»-ի գլխավոր տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 2017 թվականը: Որոշ ժամանակ անց նա նշանակվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար։ Նա այսօր շարունակում է պաշտոնավարել և ղեկավարում է երկրի էներգետիկայի ոլորտը։
Հեղինակներ՝ Գելա Մթիվլիշվիլի, Էթեր Փանգանի