Գյուղատնտեսության նախարարության Գյուղի զարգացման գործակալությունից «Մթիս Ամբեբիին» հայտնեցին, որ այս պահին հանրային ռեգիստրում ընթանում է տվյալների թարմացում:
«Բալերը կփոխանցվեն այն բանից հետո, երբ Հանրային ռեգիստրը մեզ կտրամադրի տվյալներ այն մարդկանց մասին, որոնք ունեն գրանցված հողեր և կառավարության որոշման համաձայն հանդիսանում են շահառու՝ այսինքն 0,25-ից 1,25 հա հողամասերի սեփականատերերը/համասեփականատերերը, որից հետո նոր միայն կփոխանցվի համապատասխան գումարը:
Սա մոտավորապես տեղի կունենա մայիս ամսին, հստակ ամսաթիվ չենք կարող ասել»:
Ինչպես հայտնեցին գործակալությունից՝ ագրոքարտերին բալերի փոխանցումն ու դրանցով գնումների կատարումը, եթե այս տարիներին տվյալները չեն փոփոխվել, տեղի կունենա նույն սկզբունքով, որը գործում էր նախորդ տարիներին:
Այս տարի ևս գործընթացում ներգրավված կլինի «Լիբերթի Բանկը», որտեղից էլ այն քաղաքացիները, որոնք չունեն ագրոքարտեր, կամ դրանց ժամկետները անցել են՝ կկարողանան նորերը ստանալ: Իսկ այն քաղաքացիները, որոնց ագրոքարտերը ակտիվ են և ժամկետները չեն անցել՝ կկարողանան առանց խնդրի օգտագործել հին ագրոքարտերը:
Ագրոքարտերին փոխանցված բալերի օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 18-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը սկսում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատերերին աջակցելու պետական ծրագիր, որի շրջանակներում փոքր ֆերմերները սուբսիդիաներ կստանան իրենց հողերը մշակելու համար։
Գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է 1 հեկտարի համար 300 լարի, այսինքն՝ սուբսիդիա կստանան 0,25 հա-ից 1,25 հա հողատերերը, համասեփականատերերը։ Օրինակ 0,25 հա-ի դեպքում ֆերմերը կստանա 75 լարի, 1,25 հա-ի դեպքում՝ 375 լարի:
Այս սուբսիդիան/օգնությունը շահառուին կփոխանցվի հատուկ ագրոքարտի միջոցով՝ միավորների տեսքով: Այն կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։ Ծրագիրը վերաբերում է շուրջ 300 հազար ֆերմերի, բյուջեն կազմում է 35 մլն լարի։