Լիցենզիայի պայմանները
Որսորդական տնտեսության հատուկ լիցենզիան վաճառվել է 1 151 832 լարիով: Աճուրդին մասնակցել է միայն մեկ հայտատու՝ HG Capra Caucasus ՍՊԸ-ն, որն էլ դարձել է հաղթող։
Աճուրդի պայմանների համաձայն՝ լիցենզիան ստանալուց հետո 5 տարվա ընթացքում ներդրողը պետք է 5 մլն լարիի ներդրում կատարի։ Պետք է տարածաշրջան վերադարձվի և բուծվի ազնվացեղ եղջերուներ և կովկասյան անտառացլեր։ Լիցենզավորված տարածքում պետք է տրամադրվեն զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ սիրողական և սպորտային որսի, ճանաչողական, ռեկրեացիոն, արկածային և էկոտուրիզմի զարգացման համար։ Որսորդական տնտեսության տարածքում տեղացիները պետք է կարողանան օրենքով թույլատրված չվող տեսակների թռչուններ որսալ: Դրա համար լիցենզավորված անձը պետք է հատկացնի հատուկ, հանրային նշանակության հողեր։ Անհրաժեշտ պայմաններից մեկը տնտեսությունում տեղացիներին աշխատանքի տեղավորելն է։ Սեփականատերը պարտավոր է ապահովել, որ որսորդական տնտեսությունում աշխատող անձնակազմի 80%-ը տեղացի լինի՝ լիցենզիայի 49 տարվա ընթացքում: Հատուկ որսորդական տնտեսության լիցենզիա օգտագործելիս սեփականատերը չպետք է միջամտի գործող, ապագայում տրվելիք լիցենզիաների սեփականատերերի գործունեությանը տարբեր բնական ռեսուրսներից օգտվելու, ինչպես նաև էներգետիկ օբյեկտների շահագործման և զարգացման, նոր էներգետիկ նախագծերի իրականացման և օբյեկտների կառուցման ուղղութամբ։
Լիցենզիայի տարածքը ներառում է նաև Վրաստանի «Զմրուխտի ցանցում» ընդգրկված տարածքները։ «Զմրուխտի ցանցը» ծառայում է եվրոպական կենսաբազմազանության պահպանմանը: Դրա ստեղծումը վայրի բնության և բնական միջավայրերի պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Բեռնի կոնվենցիայի անհրաժեշտ պահանջն է, որին Վրաստանը միացել է 2009 թվականին: «Զմրուխտի ցանցի» տարածքները դասական պահպանվող տարածքներ չեն, որտեղ կենդանական և բույսերի տեսակների արդյունահանումը (ներառյալ որսը) և այլ գործողություններ ստանդարտացված կամ ընդհանրապես արգելված են ըստ պահպանվող տարածքների կատեգորիայի:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը լիցենզիայի տրամադրումից հետո HG Capra Caucasus ՍՊԸ-ին հանձնարարել է մինչև շահագործման մեկնարկը՝ հաշվետվություն ներկայացնել գործակալություն «Զմրուխտի ցանցի» վրա որսորդական տնտեսության ազդեցության մասին:
Հրաժարվե՞լ Ռաճայի ազգային պարկից որսորդական տնտեսության փոխարեն
Ըստ «Կանաչ այլընտրանքի» կենսաբազմազանության ծրագրի տնօրեն Իրակլի Մաճարաշվիլիի, միջավայրերի մասին հրահանգի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ԵՄ բնապահպանական օրենսդրությունը) պարտավորեցնում է նման գնահատումները նախքան պետական լիցենզիա տրամադրելը: Վրաստանը այս հրահանգը պարտավորվել է կատարել 2014 թվականին, երբ ստորագրել էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
«Միայն այս լիցենզիան տրամադրելիս նման խախտման չենք հանդիպում։ Օրինակ՝ Շքմերում տրվել է մանգանի արդյունահանման լիցենզիա, հաստատվել է Աբասթումանիի շրջանցման նախագիծը, այնուհետև նոր միայն օպերատորին հանձնարարվել է պատրաստել «Զմրուխտի ցանցի» վրա ազդեցության հաշվետվություն»,- Իրակլի Մաճարաշվիլիի խոսքով, նման խախտումը կարող է հիմք հանդիսանալ Վրաստանի կառավարության դեմ Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն բողոք ներկայացնելու համար։
Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ շահագրգիռ հասարակությունն ընդհանրապես չի մասնակցում որոշումների կայացմանը. «Գործող անտառային օրենսգրքով որսորդական լիցենզիայի տրամադրումը կատարվում է պարզ վարչական ընթացակարգով։ Ինչ-որ մեկը հայտարարություն է անում, գործակալությունները ներսում քննարկում են, որից հետո աճուրդի հանելու որոշում է կայացվում։ Տեղի բնակիչները, բնապահպանական կազմակերպությունները ընդհանրապես չեն տեղեկանում, որ այս հարցը քննարկվում է։ Տեղեկանում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն որոշում է կայացվել, և աճուրդ է անցկացվում»։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը որսորդական տնտեսության սահմանների կոորդինատները մեզ չի տրամադրել։ Աճուրդի հայտարարությանը կցված միակ լուսանկարը, որտեղ կանաչ գույնով ընդգծված է արտոնագրի տարածքը, համեմատվել է Google Earth քարտեզի հետ: Հնարավորինս մոտիկից պարզեցինք, որ
«HG Capra Caucasus» ՍՊԸ-ին փոխանցված 104 712 հեկտար անտառների մեծ մասը շատ մոտ է վրաց-ռուսական սահմանին և սահմանակից է Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի շրջանին։
Լիցենզիայի տարածքը ներառում է նաև այն տարածքները, որոնք պահպանվող տարածք կլինեին, եթե ստեղծվեր Ռաճայի ազգային պարկը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության լուսանկարը, որտեղ որսորդական տնտեսությունը նշված է կանաչ գույնով
Ռաճայում ազգային պարկի ստեղծման աշխատանքները սկսվել են 20-25 տարի առաջ։ Ի վերջո, 2019 թվականին Ռաճայի ազգային պարկի մասին օրենքի նախագիծը ներկայացվել է խորհրդարան, սակայն այն արգելափակվել է։
«Դեռևս 2005 թվականին Վրաստանի կառավարությունը հաստատել է կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի կետերից մեկը Կենտրոնական Կովկասում պահպանվող տարածքի ստեղծումն էր։ Կառավարության որոշման այս մասը դեռևս անկատար է։ 2006 թվականին նախագահ Սահակաշվիլին ժամանել է Ռաճա և բնակչությանը խոստացել, որ հաջորդ տարի այնտեղ ազգային պարկ կլինի։ 2019 թվականին շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի հունվարի 4-ի N2-4 հրամանով հաստատվել է Վրաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ Ռաճայի ազգային պարկը պետք է ստեղծվեր մինչև 2019 թվականի վերջ։
Բոլոր ժամանակներում եղել են տարբեր ֆինանսական խմբեր, որոնք Ռաճան չեն զիջել պահպանվող տարածքների մեջ ընդգրկելու համար: Եթե 1990-2000 թվականներին Ռաճան համարվում էր ծառահատումների հիմնական աղբյուրը, ապա այժմ առաջ են քաշվել այլ շահեր՝ հանքարդյունաբերություն, թանկարժեք մետաղներ և հիդրոէներգիա։
«Այսքանից հետո ինչ-որ մարդ ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն գտավ, քան նախագահը, վարչապետը կամ նախարարը, և նրան որսորդական արտոնագիր են տվել»,- այս թեմայով Իրակլի Մաճարաշվիլին բազմաթիվ հարցեր ունի՝ հրաժարվեցի՞նք Ռաճայի ազգային պարկից։ Որտե՞ղ և ինչպե՞ս է մասնավոր ընկերությունը պատրաստվում ներկրել և բուծել Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում ազնվացեղ եղնիկներ և անտառացլեր: (Վրացական օրենսդրությունն արգելում է, օրինակ, Լագոդեխում եղնիկ որսալ և այլ շրջաններում բաց թողնել)։
Այս հարցերին կարելի էր պատասխանել, եթե նախարարությունը և նրա գերատեսչությունները ապահովեին հանրության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, սակայն Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չի անում այն, ինչ ուղղակիորեն պահանջվում է օրենքով: Գործակալությունը «Կանաչ այլընտրանքին» լիցենզիա տրամադրելու հետ կապված վարչական վարույթի նյութերը չի փոխանցել:
«Մի քանի տարի հետո կտեսնեք, թե ինչպես կզարգանան այս շրջանները, որոնք այսօր մոռացված են։ Այս ամենը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- մեզ ասում է լիցենզավորված ընկերության տնօրեններից Ռևազ Մաիսուրաձեն։
Հարևան Ադրբեջանում անտառացլի վերադարձի և վերարտադրման գործընթացը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից և երկրի նախագահի աջակցությամբ։
Անտառացուլը նախկինում տարածված է եղել Եվրոպայում և Հյուսիս-Արևմտյան Կովկասում։ Վրաստանում հանդիպում էր Բզիփի կիրճից մինչև Թերգիի տարածքներում։ Վերջին կովկասյան անտառացլերը այս տարածքներում եղել են 1919-1927 թվականներին՝ գոյատևելով միայն որոշ երկրների կենդանաբանական այգիներում։
HG Capra Caucasus ՍՊԸ
HG Capra Caucasus ՍՊԸ-ն գրանցված է 09.09.2019 թվականին: Ընկերության ներկայիս տնօրենն է Կախա Ամիսուլաշվիլին։ 2020 թվականի մայիսից օգոստոս ամիսը ներառյալ ընկերության տնօրեններից մեկը եղել է Օնիի նախկին քաղաքապետ Էմզար Սաբանաձեն։ HG Capra Caucasus ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Գլոբալ Վիկտորի Ջորջիա» ՍՊԸ-ին, որը գրանցվել է Վրաստանում 2017 թվականի մարտի 15-ին ։ Ընկերությունն ունի երկու տնօրեն՝ Կախա Ամիսուլաշվիլին և Ռևազ Մաիսուրաձեն, և ամբողջությամբ պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված Global Victory Investments Limited-ին: 2018 թվականի ապրիլի 26-ին Դուբայում տրված նոտարական լիազորագրի միջոցով պարզեցինք, որ Global Victory Investments Limited-ի սեփականատերերն են Դավիթ Խիդաշելին և նրա աղջիկը՝ Մարիամ Խիդաշելին։
Խիդաշելին և նրա ռուսական կապերը
Դավիթ Խիդաշելի Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող հունական INTRACOM S.A. TELECOM SOLUTIONS ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: INTRACOM-ը վաճառում է մի շարք ռադիոսարքավորումներ, ներառյալ հեռահաղորդակցության ընդունիչներ, սերվերներ, 4G հաղորդիչներ և այլն:
INTRACOM կայքում հրապարակված կենսագրության համաձայն՝ Դավիթ Խիդաշելին ծնվել է 1965 թվականին Թբիլիսիում։ 1989 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ և դասընթացներ է անցել Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանում։
1988-1993 թվականներին Խիդաշելին աշխատել է Բուլղարիայում՝ որպես Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Pravec Corporation-ի (համակարգչային տեխնոլոգիաներ) ներկայացուցչության գործադիր տնօրեն։ 1993-1998 թվականներին եղել է Շվեյցարիայում Միջազգային ճանապարհային և տրանսպորտային կազմակերպության (IRTO) Գլխավոր ասամբլեայի նախագահ։ 1998-99 թվականներին եղել է ԱՊՀ երկրներում Castel Group-ի գլխավոր ներկայացուցիչը, 2000 թվականից աշխատել է Շվեյցարիայում և եղել է Համաշխարհային պլանավորման և երկրաշարժերի ռիսկի նվազեցման գործակալության (WAPMERR) գործադիր համակարգող խորհրդի անդամ։ 2004-2009 թվականներին եղել է Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանի փոխնախագահը։ 2007 թվականին Դավիթ Խիդաշելին միացել է ռուսական խոշորագույն կորպորացի՝ SISTEMA-ին և զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ մինչև 2014 թվականը: Եղել է գործադիր փոխնախագահ, փոխնախագահ և նորարարության տնօրեն:
Ըստ INTRACOM TELECOM կայքի՝ 2006 թվականի հունիսին INTRACOM TELECOM-ի 51% բաժնեմասը ձեռք է բերել SITRONICS բաժնետիրական ընկերությունը, որը հանդիսանում էր SISTEMA բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տեխնոլոգիական բաժինը: SITRONICS-ը 2012 թվականի ապրիլին RYDRA TRADING COMPANY-ի է փոխանցել բաժնետոմսերի 3 տոկոսը՝ թողնելով 48% բաժնետոմս INTRACOM TELECOM-ում: 2014 թվականի դեկտեմբերին SITRONICS-ը բաժնետոմսերի 48%-ը փոխանցել է INTRACOM Middle EAST-ին: Այս ընկերությունը ներկայումս INTRACOM TELECOM-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է: SITRONICS-ը դեռևս SISTEMA խմբի մաս է:
SISTEMA-ն ռուսական խոշոր կոնգլոմերատ է։ Հոլդինգը ներառում է ՄՏՍ-ի (Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում հեռահաղորդակցության, թվային և մեդիա ծառայություններ մատուցող ռուսական բջջային հեռահաղորդակցական ընկերություն), MEDS կլինիկաների ցանցը, Segezha Group փայտանյութի ընկերությունը, Binnopharm դեղագործական ընկերությունը և առցանց խանութ OZON-ի 33%-ը:
Ընկերության բաժնետոմսերը վաճառվում էին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Լոնդոնի ֆոնդային բորսաներում, մինչև դրա սեփականատեր և խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոյի հանդեպ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց: Եվտուշենկոյի նկատմամբ կիրառված պատժամիջոցը ներառում է Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ունեցվածքի սառեցումը։ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները վերաբերում են նրանց, որոնք կողմ են Ռուսաստանի աջակցությամբ Ուկրաինայի շրջանների անջատմանը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում խաղաղ բնակիչների բարբարոսաբար սպանությունից հետո պատժամիջոցների ենթարկվածների թիվն էլ ավելի է աճել։
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական հրատարակության համաձայն (հրապարակվել է մարտի 16-ին), Եվտուշենկոյի «Ռադիոտեխնիկական և տեղեկատվական համակարգեր» ԲԲԸ-ն մատակարարում է ՌԴ ՊՆ Վորոնեժի ստացիոնար ռադիոտեղորոշիչ կայանները, որոնք նախատեսված են բալիստիկ և թևավոր հրթիռներ և այլ զենիթային հրթիռներ արձակելու համար։ 2021 թվականին «Կոնդշադտ» ընկերությունը, որը SISTEMA-ի մաս է կազմում, սկսել է ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը։ Նաև ՌԴ ՊՆ-ն SISTEMA-ի օգնությամբ Ռուսաստանի սահմանի մոտ տեղակայել է «Կոնտեյներ» ռադիոտեղորոշիչ կայանների ամբողջ համակարգը, որը կարող է մեծ հեռավորությունների վրա հայտնաբերել օդային թիրախներ։
Հայտնի է, որ Եվտուշենկովը մասնակցել է նաև Ռուսաստանին բռնակցված Ղրիմի քաղաք Յալթայում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ֆորումին, որտեղ Վլադիմիր Պուտինը նրան հանձնարարել է բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ կառուցել Սևաստոպոլում և Ղրիմի Հանրապետությունում։
Հատկանշական է, որ SISTEMA-ի բաժնետերերի տարեկան ժողովի 2015 թվականի փաստաթղթի համաձայն՝ Տնօրենների խորհուրդը հաստատել է ընկերության տնօրենների խորհրդի նոր կազմը, որում ընդգրկված է Վրաստանի հակաարևմտյան և բռնի խմբավորումների առաջնորդը, ռուսամետ քաղաքական գործիչ Լևան Վասաձեն: Նրա պաշտոնը նշվում է, որպես ներդրումների վարչության փոխնախագահ։
«Քարտեզագետների գործը» և Խիդաշելիի «ներդրումը»
Դավիթ Խիդաշելին գլխավոր դեմքն է այսպես կոչված «Քարտեզագետների գործում»: 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանի դատախազությունը ձերբակալեց Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի նախկին անդամներ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային։
Դատախազության տվյալներով՝ սահմանների ճշգրտման ժամանակ մեղադրյալները չեն հիմնվել 1937-1938 թվականներին հրապարակված 1:200.000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա, ինչը սպառնալիք է հանդիսացել Վրաստանի պատմական տարածքների, մասնավորապես՝ Դավիթ Գարեջիի հանդեպ: «Դավիթ Գարեջիի մոտ սահմանային հատվածը համաձայնեցվել է Անապատի լեռան գագաթին, երբ Վրաստանի նախնական դիրքորոշմամբ սահմանն անցնում էր Անապատի լեռան ստորոտով, ինչի արդյունքում գրեթե բոլոր պատմական հուշարձանները մնում էին Վրաստանի տարածքում»։ Դատախազությունը գործով հետաքննություն է սկսել օգոստոսի 17-ին։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 1:200.000 մասշտաբի քարտեզի 4 օրինակ 2020 թվականին ռուսաստանաբնակ գործարար Դավիթ Խիդաշելին է բերել Վրաստան և հանձնել պաշտպանության նախարարությանը, իսկ այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է դատախազություն, ինչից հետո սկսվել է հետաքննություն։
Դավիթ Խիդաշելին Ռուսթավի 2 հեռուստաընկերության եթերում ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին է իրեն խնդրել գտնել քարտեզը և ինքը դիմել է «Ռոսռեգիստրին» օգնության համար։
Իրականում, այս քարտեզները ձեռք են բերվել Նատալյա Իլիչովայի կողմից 2000-ականների սկզբին և տրամադրվել պետական մարմիններին, սակայն չեն օգտագործվել սահմանների ճշտման գործընթացում, քանի որ փորձագետները քարտեզագրական առումով այն համարել են ոչ պիտանի, և որ ամենակարևորն է, ըստ այս քարտեզների՝ Դավիթ Գարեջիի համալիրի զգալի մասը՝ Բերթուբանին ընկնում էր Ադրբեջանի կողմը:
Իրակլի Ղարիբաշվիլին ձերբակալվածներ Մելաշվիլիին և Իլիչովային մեղադրել է դավաճանության մեջ՝ ասելով, որ նրանք պարզապես կատարողներ են եղել. «Դա քարտեզագրողների գործ չէ, դա դավաճանության դեպք է։ Ո՞վ կարող է պատկերացնել, որ Սահակաշվիլիի օրոք այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին է հարևան երկրի հետ տարածքների սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվել է առանց բարձրագույն քաղաքական ղեկավարության։ Երբ կուսակցությունը մեղադրվում է դավաճանության կամ տարածքներ այլ, երրորդ, օտար պետությանը փոխանցելու մեջ, դա պետք է լինի, կա և կլինի հիմք, որպեսզի կազմակերպությունը լուծարվի որպես քաղաքական կուսակցություն և բոլոր նրանք, ովքեր նախկինում այս հակազգային հանցագործությունն են կատարել երկրի և ժողովուրդի առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Մելաշվիլին և Իլիչովան իրենց մեղավոր չճանաչեցին։ Ավելի քան 10 հասարակական կազմակերպություններ կառավարությանը կոչ էին անում նախընտրական շրջանում դադարեցնել բնակչության համար զգայուն թեմաների շահարկումը և ուսումնասիրել Վրաստանի ներքին գործերում ռուսական հատուկ ծառայությունների միջամտության ռիսկերը։
Հատկանշական է, որ դատախազության կողմից հետաքննությանը նախորդել է հունիսի 11-ին խորհրդարանի լիագումար նիստում ռուսամետ Վրաստանի «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ, պատգամավոր Իրմա Ինաշվիլիի հայտարարությունը, որով նա պահանջում էր պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործով հետաքննություն անցնակցնել։
Մելաշվիլին և Իլիչովան 20-20 հազար լարի գրավի դիմաց նախնական կալանքից ազատ արձակվեցին ձերբակալվելուց չորս ամիս անց, երբ ավարտվեցին խորհրդարանական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերը և «Վրացական երազանքը» կարողացավ մեծամասնություն ստանալ։ Քրեական գործը մինչև օրս քննվում է դատարանում։
2021 թվականի հունվարին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռուստաընկերության եթերում շնորհակալություն հայտնեց Դավիթ Խիդաշելիին:
«Չեմ կարող շնորհակալություն չհայտնել Դավիթ Խիդաշելիին։ Ես գիտեմ, թե ինչպես է նա քարտեզներ գտել տարբեր երկրներից։ Բավականին շատ է ծախսել սեփական կապիտալը և բացի այդ, բավականին շատ բան է անում երկրի համար։ Եթե որևէ մեկի մոտ զգացվում է, որ ես ինչ-որ առանձնահատուկ բան եմ արել, ապա այս մարդն ինձնից պակաս բարեգործ չէ, պակաս վաստակ չունի երկրի առաջ։ Այն, ինչ նա արել է երկրի հետ, կարծում եմ, իսկական հերոսություն է։ Դա մեզ փրկեց նաև հարևանի հետ վիճաբանությունից ու ամոթից, որ գրեթե մեջտեղից կիսում էր մեր մշակույթի հուշարձանը։ Նա դա արել է անկեղծորեն՝ իր խելքով, իր վերաբերմունքով, իր ռեսուրսներով։ Իմ կարծիքով նա իսկական հերոս է և իսկական հայրենասեր։ Կարծում եմ, որ պարտք եմ այս մարդուն»։
Խիդաշելիի ունեցվածքը Վրաստանում և չկատարված պարտավորությունները
Դավիթ Խիդաշելիի ՍՊԸ «Global Victor Georgia» ընկերությունը 2018 թվականի հունիսին աճուրդով գնել է Գուրջաանիում գտնվող 16 հեկտար տարածքով Ախթալա հանգստավայրը 3 միլիոն 760 հազար լարիով։ Ախթալան Վրաստանի միակ ցեխաբուժական հանգստավայրն է, որտեղ բուժվում են ոսկրահոդային, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական, մաշկաբանական, ուրոլոգիական և այլ հիվանդություններ։ Հանգստավայր են այցելում մարդիկ աշխարհի տարբեր երկրներից։ Ներդրողին են փոխանցվել նաև բուժիչ ցեխի և ստորերկրյա ջրերի արդյունահանման համար մինչև 2045 թվականը տրված լիցենզիաները։
«Գլոբալ Վիկտորի Ջորջիա» ՍՊԸ-ն պարտավորվել է Ախթալա հանգստավայրում կառուցել առնվազն 120 սենյակ ունեցող հյուրանոցային համալիր՝ բաց և փակ լողավազաններով, ռեստորաններով և վերականգնողական կենտրոններով՝ պայմանագրի ստորագրումից հետո ոչ ավելի, քան 48 ամսվա ընթացքում (մինչև 2022 թվականի օգոստոսը ներառյալ)։ Ներդրողի հետ պայմանագիր է կնքվել բակը կանաչապատելու, առնվազն 50 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի ստեղծելու, համալիրը շահագործման հանձնելու և գործարկելու համար։ «Գլոբալ Վիկտորի Ջորջիա» ՍՊԸ-ն պետք է ներդներ առնվազն 12 միլիոն լարի, և դրա գործարկումից հետո մեկ ամսվա ընթացքում նույն համալիրում առնվազն 2 տարով աշխատանքի տեղավորեր առնվազն 50 մարդ։
Դավիթ Խիդաշելիի ընկերությունը չի կատարել ոչ մի պարտավորություն, բացառությամբ հանգստյան գոտում եղած երկու վթարային շենքի քանդումից ու փլատակների հեռացումից և միակ բնակելի շենքի համար ջրամատակարարումն ապահովելու համար մի քան տոնա տարողության ավազանի տեղադրումից։
Անցած ամառ ընկերությունը, կորոնավիրուսի համաճարակից ելնելով, դիմել է Վրաստանի կառավարությանը և խնդրել երկարացնել ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը՝ մինչև 2024 թվականի գարուն։ Կառավարությունը կատարել է խնդրանքը: Global Victor Georgia-ի տնօրեններից Ռևազ Մաիսուրաձեն «Մթիս Ամբեբիին» ասում է, որ իրենք բանակցություններ են վարել ֆրանսիական ընկերություններից մեկի հետ հյուրանոցային համալիրի կառուցման և շահագործման համար, սակայն համաճարակը հետաձգել է խմբի ժամանումը Վրաստան: «Այդ պատճառով ընկերությունը փոխել ենք և նոր նախագիծ կա՝ այն լինելու է 8 հարկանի հյուրանոց՝ 150 համարով։ Մենք պատրաստել ենք բոլոր փաստաթղթերը, և ամեն ինչ անելու ենք մինչև 2024 թվականի գարուն»։
Հյուրանոցի նախագիծը, որը պետք է կառուցվեր մինչև 2022 թվականի օգոստոսը
Դավիթ Խիդաշելիի HG Capra Caucasus ընկերությունը ևս մեկ որսորդական տնտեսության արտոնագրի սեփականատեր է։ Սաչխերեի մունիցիպալիտետում 2020 թվականին նրան փոխանցվել է 8316 հա անտառ՝ որսորդական տնտեսություն ստեղծելու համար։ Արևելքից այն սահմանակից է Ճալա գյուղի անտառային տարածքին, արևմուտքից՝ Ցխոմարեթի գյուղին, հյուսիսից՝ Օնի համայնքին, հարավից՝ Սխվիտորի գյուղի անտառային տարածքին։ Այն մոտ է ռուսների կողմից օկուպացված Խախիեթի և Սինագուրի գյուղերին։
2022 թվականի մարտին Դավիթ Խիդաշելիի ընկերությունը սկզբնական արժեքից 10 անգամ պակաս գնով գնել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Ռիղեի խողովակների» համալիրը (14 591 քառակուսի մետր հողատարածքով)։ Օբյեկտը, որը կառավարությունը նախատեսում էր վաճառել 2020 թվականին նախատեսում էր 96 մլն լարիով վաճառել, ի վերջո վաճառվեց վեցերորդ աճուրդում՝ 10,020,000 լարիով։ Մեկ քառակուսի մետր տարածքի համար ընկերությունը վճարել է 687 լարի։
Աճուրդի պայմանների համաձայն՝ գնորդը Global Victory Trust-ն է։ Նրա պարտավորությունն է 36 ամսով տարածքում գինու, թվային արվեստի և տեխնոլոգիաների թանգարան կազմակերպել, ինչպես նաև ցուցահանդեսային և կոնֆերանսային տարածքներ և ծախսել առնվազն 20 միլիոն լարի: «Ռիղեի խողովակների» համալիրի շինարարությունն ավարտվել է 2013 թվականին, որի կառուցման համար ծախսվել է 75 մլն լարի։ Համալիրը առ այսօր չի գործում։
Global Victory Trust-ը գրանցված է 2016 թվականի հուլիսի 8-ին Լյուքսեմբուրգում։ Ընկերության ղեկավարներն են ՌԴ քաղաքացի Իգոր Դիադչենկոն և Ավստրիայի քաղաքացի Մարկ Միլո Լյուբը։ Global Victory Trust-ը սեփականատերը Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված Global Victory Investments Limited-ն է, որի բաժնետերը Դավիթ Խիդաշելիի դուստր՝ Մարիամ Խիդաշելին է։
«Մթիս Ամբեբին» փորձել է կապ հաստատել Դավիթ Խիդաշելիի հետ։ Նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։
Հեղինակներ՝ Գելա Մթիվլիշվիլի, Էթեր Փանգանի