Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարիի խոսքերով, ուսուցիչների վերապատրաստման երկու ծրագրերն այսօր, ցավոք, ամբողջությամբ չեն ընդգրկում բոլոր ոլորտները, և, հետևաբար, օրինագիծ է մշակվել առկա խնդրին լուծում տալու համար։ Նրա խոսքով՝փոփոխությունից հետո համակարգը ավելի արդյունավետ կլինի, և դա կհեշտացնի նոր ուսուցիչների մուտքը համակարգ։
Օրենքի փոփոխության արդյունքում բակալավրի ուսանողին հնարավորություն կտրվի ուսումնառության ընթացքում ընտրել և անցնել ուսուցիչների պատրաստման ծրագիր և ավարտելուց հետո մասնագիտության բակալավրի դիպլոմի հետ միասին ձեռք բերել ուսուցիչ աշխատելու իրավունք։
Ըստ օրինագծի հեղինակների՝ ավելի քիչ ժամանակում հնարավոր կլինի պատրաստել ուսուցիչների և ապահովել նրանց մուտքը դպրոցներ, ինչը՝ իր հերթին կմեծացնի շրջանավարտների մոտիվացիան աշխատանքի անցնելու առումով։
Վերջին տարիներին Վրաստանի հանրային դպրոցներում ընթացող բարեփոխումները ԿԳ նախարարությանը խնդրի առաջ են կանգնեցրել: Երկրի ինչպես վրացական, այնպես էլ հայկական և ադրբեջանական դպրոցներում լուրջ կադրային խնդիրներ կան, որոնք առաջացել են նախարարության կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանելու, ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների կողմից քննությանը բավարար արդյունք չգրանցելու պատճառով:
Նախորդ տարիների նման, այս տարվա ամռանը նույնպես կանցկացվեն ուսուցիչների իրավասությունների հաստատման քննություններ: 2022 թվականին ցանկացողները հնարավորություն կունենան հանձնել՝
- առարկայական քննություն,
- հատուկ ավագ ուսուցչի քննություն,
- մասնագիտական ունակությունների քննություն՝ առաջատար և մենթոր ուսուցչի կարգավիճակ ձեռք բերելու համար։
2022 թվականի ուսուցիչների քննությանը ավելի քան 34 500 մարդ է գրանցվել, որից 19 500 հանձնելու է առարկայական քննություն, ավելի քան 2 500-ը՝ հատուկ ավագ ուսուցչի քննություն, իսկ առաջատարի և մենթորի կարգավիճակ ստանալու համար քննություն կհանձնի 12 500 դիմորդ:
Այս տարի առաջին անգամ մայրենի լեզվի քննություն հանձնելու հնարավորություն կունենան ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները։ Ոչ վրացալեզու հանրակրթական հաստատությունների/սեկտորների ուսուցիչների համար պատրաստվել են հայերեն և ադրբեջաներեն թեստեր:
Ոչ վրացալեզու դպրոցներից ուսուցչի իրավասությունը հաստատելու համար գրանցվել է հայոց լեզվի շուրջ 470 ուսուցիչ, ադրբեջաներենի՝ շուրջ 380 ուսուցիչ:
Վրաստանի դպրոցական կրթության համակարգում գոյություն ունի սերտիֆիկացված մանկավարժի երեք կատեգորիա՝ ավագ, առաջատար և մենթոր: Նրանց աշխատավարձը սահմանվում է ըստ ստաժի և աշխատանքային ժամերի։ Ըստ կատեգորիաների փոխվում է նաև հավելավճարը։
2022 թվականի հունվարից, կարգավիճակի համապատասխան հավելավճարները հետևյալն են՝
- ավագ ուսուցիչների համար՝ 670 լարի,
- առաջատար ուսուցիչների համար՝ 1050 լարի,
- մենթոր ուսուցիչների համար՝ 1350 լարի։