Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերել ցանկացողները նոր չափանիշներով գործնական քննությունը կկարողանան հանձնել ՆԳՆ սպասարկման գործակալության 9 կառուցվածքային ստորաբաժանումներում՝ Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Ախալցիխեում, Քութայիսիում, Սաչխերեում, Օզուրգեթիում և Բաթումիում:
«Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ «B» և «BE» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար գործնական քննության երկրորդ փուլի համար պարտադիր կլինի հերթագրվել, որի համար պետք է վճարել 90 լարի:
Տեսական քննությունը հաջողությամբ հանձնած վարորդի թեկնածուն իրավունք ունի գործնական քննության առաջին փուլը հանձնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Առաջին փուլի քննության հանձնման կարգը չի փոխվում՝ 30 օրվա ընթացքում անձը կարող է շաբաթական մեկ անգամ հանձնել գործնական քննությունը:
Գործնական քննության առաջին փուլը հաջողությամբ հանձնելուց հետո վարորդի թեկնածուն իրավունք կունենա ամրագրել քննության երկրորդ փուլը։ Անձը իրավունք կունենա գործնական քննության երկրորդ փուլը հանձնել առաջին փուլը հաջողությամբ հանձնելուց 1 տարվա ընթացքում։ Գործնական քննության երկրորդ փուլում բացասական գնահատական ստանալու դեպքում վարորդի թեկնածուն քննությանը նորից կկարողանա մասնակցել ոչ շուտ քան 30 օրվա ընթացքում։ Անձին վարորդական իրավունք կտրվի միայն գործնական քննությունների երկու փուլերը հանձնելուց հետո:
Հատկանշական է, որ եթե անձը չկարողանա 1 տարվա ընթացքում հանձնել գործնական քննության երկրորդ փուլը, ապա առաջին փուլում տեսական և գործնական քննություններից ստացած բավարար արդյունքը կկորցնի իրավական ուժը և անհրաժեշտ կլինի քննությունը նորից հանձնել:
Գործնական քննության երկրորդ փուլը կանցկացվի իրական երթևեկության պայմաններում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված քննական երթուղիներին համապատասխան։
Վարորդի թեկնածուն, որը կմասնակցի գործնական քննության երկրորդ փուլին, պետք է քննությունը հանձնի տարբեր ինտենսիվության ճանապարհին՝
- Չբնակեցված վայրերում,
- Ավտոմայրուղիների կամ այլ նմանատիպ ճանապարհի վրա, որտեղ երթևեկությունը թույլատրվում է 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ,
- Բնակավայրերում, ճանապարհներին, որտեղ թույլատրվում է երթևեկել ոչ ավելի քան 60 կմ/ժ արագությամբ։
Վարորդի թեկնածուն գործնական քննության երկրորդ փուլն հանձնելու համար պետք է առնվազն 25 րոպե երթևեկի կոնկրետ երթուղիներով:
Մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը տեսական քննությունը հաջողությամբ հանձնած վարորդի թեկնածուն իրավունք կունենա տրանսպորտային միջոց վարելու վկայական ստանալ մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը գործող կարգով։
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ ապրիլի 22-ը, 23-ը, 24-ը և 25-ը գործակալության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր։