Կառավարության կողմից հաստատված գործողությունների պլանի համաձայն՝ երեք տարվա ընթացքում բարձրալեռ բնակավայրերի աջակցության համար նախատեսված է 968,5 մլն լարի գումար: Այն կծախսվի ինչպես ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ սոցիալական աջակցության ուղղությամբ:
Այսօրվա նիստում քննարկվել է «Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքով սահմանված սոցիալական նպաստների օգտագործման մասին 2021 թվականի զեկույցը: 2021 թվականին բարձրալեռ բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման ծրագրերի համար հիմնադրամից ծախսվել է շուրջ 3 մլն լարի, որով ֆինանսավորել է վերամշակող ձեռնարկություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաև նոր այգիների մշակումներ։
Վրաստանում բարձրալեռ բնակավայրերի կարգավիճակ ունի 1801 բնակավայր, որը կազմում է երկրի ընդհանուր բնակավայրերի շուրջ 49%-ը։
Ապրիլ ամսվա տվյալներով՝ բարձրալեռ բնակավայրում բնակության կարգավիճակից օգտվում է շուրջ 262 հազար մարդ, իսկ այս շրջաններում գործում է 497 ձեռնարկություն: Վերջին 6 տարվա ընթացքում բարձրալեռ բնակավայրերի աջակցության համար շուրջ 1,16 մլրդ լարի է ծախսվել, որից մոտավորապես 402,7 մլն լարին ծախսվել է օրենքով նախատեսված սոցիալական արտոնությունների ուղղությամբ, որոնք են՝ հավելավճարները, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձերը, ինչպես նաև սպառված էներգիայի 50%-ի համաֆինանսավորումը:
2021 թվականին սոցիալական արտոնությունների ուղղությամբ ծախսվել է շուրջ 96,5 մլն լարի, ինչը 19 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից։
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհուրդի կողմից հաստատած ծրագրի համաձայն՝ 2022 թվականին համապատասխան ենթակառուցվածքային և գյուղատնտեսական ծրագրերի համար կհատկացվի 20 մլն լարի, իսկ բարձրալեռ բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար կհատկացվի շուրջ 5 մլն լարի, որոնցից են գյուղատնտեսական ապահովագրության նախագիծը, վերամշակող և պահեստավորման տնտեսությունները: