Ինչպես կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ծրագրի կարևոր խնդիրներից է «գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին և արդյունավետ իրականացմանը նպաստելը»:
«Գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է 1 հեկտարի համար 300 լարի, այսինքն՝ սուբսիդիա կստանան 0,25 հա-ից 1,25 հա հողատերերը, համասեփականատերերը։ Այս սուբսիդիան/օգնությունը շահառուին կփոխանցվի հատուկ ագրոքարտի միջոցով՝ միավորների տեսքով: Այն կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար։
Սա վերաբերում է շուրջ 300 հազար ֆերմերի։ Կարծում ենք, որ այն դրական ազդեցություն կունենա արտադրության ինքնարժեքի նվազեցման վրա»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն լարի։
«Մենք օգնում ենք ոչ միայն փոքր, այլև խոշոր ֆերմերներին։ Շրջանառու միջոցների համար վերցված վարկի տոկոսադրույքը ֆինանսավորում ենք 9% դրույքաչափով։ Նաև մարտի 22-ից մինչ օրս պետական նախագծով տրամադրվել է ընդամենը 20 մլն լարիի վարկ՝ միամյա կուլտուրաների մշակմանը աջակցելու համար։ Մենք կշարունակենք օգնել մեր ֆերմերներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության կողմից ավելի վաղ ընդունած որոշմամբ՝ «Արտոնյալ ագրովարկեր» ծրագրին ավելացվում է ենթաբաղադրիչ, որի համաձայն Գյուղի զարգացման գործակալությունը 12 ամսով համաֆինանսավորելու է ագրովարկի տոկոսադրույքի 9%-ը՝ միամյա բույսերի աճեցման ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար:
Վարկի տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանվել է 18%: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի համար վարկի չափը սահմանվել է 5 000-100 000 լարի:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների պահեստային տնտեսությունների համաֆինանսավորման» պետական ծրագրով Գյուղի զարգացման գործակալությունը համաֆինանսավորելու է պահեստավորման և սառնարանային ենթակառուցվածքների կառուցումը, որոնք կօգտագործվեն միայն բանջարեղենի և կարտոֆիլի պահեստավորման համար։ 500 տոննա ծավալով պահեստային տնտեսության համաֆինանսավորման ծավալը կազմում է ոչ ավելի, քան դրա ընդհանուր արժեքի 80%-ը և ոչ ավելի, քան 450 000 լարի։