Հողային բարեփոխման ծրագիրը կիրականացվի 3 տարվա ընթացքում՝ ողջ Վրաստանի տարածքում՝ բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների և օկուպացված տարածքների։ Այն ներառում է 59 մունիցիպալիտետ, երկրի ավելի քան 1000 վարչական միավոր և ավելի քան 4000 բնակավայր։
Վարչապետի խոսքով, 3 տարվա ընթացքում չափագրվելու և հաշվառվելու է 1 միլիոն 200 հազար հա չգրանցված հողատարածք՝ ինչպես սեփականություն հանդիսացող և օգտագործման իրավունքով տնօրինության տակ գտնվող, այնպես էլ ինքնակամ զբաղեցրած հողատարածքները: Նրա խոսքով, կհստակեցվեն նաև արդեն գրանցված տվյալները։
Հողերի համակարգային գրանցումը քաղաքացիների համար կլինի լրիվ անվճար: Նախագիծը կիրականացնի Արդարադատության նախարարությունը՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության միջոցով։ Քաղաքացիները հողերի գրանցման համար գրասենյակներ գնալու կարիք չեն ունենա, հանրային ռեգիստրի աշխատակիցները իրենք կժամանեն բնակավայրեր և կիրականացնեն համապատասխան աշխատանքները:
Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը աշխատանքներն իրականացնելու համար ձեռք է բերել 174 արտաճանապարհային մեքենա, 233 GPS ռովեր և 233 պլանշետ։
Ըստ գործակալության ղեկավար Օլեգ Թորթլաձեի, նորագույն տեխնոլոգիաները և գրանցման էլեկտրոնային գործընթացը գործնականում բացառելու է հողերի սխալ գրանցումը: Հողերի գրանցման համակարգային գրանցման գործընթացում ներգրավված կլինեն Հանրային ռեգիստրի ավելի քան 1000 աշխատակից: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն լարի:
Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝
- Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
- Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
- Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
- Նոտարական միջնորդություն,
- Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
- Փաստերի շարադրում,
- Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
- Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։
Ըստ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության, կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափորոշիչներով՝ գրանցված տարածքների քանակը, գրանցման ենթակա հողամասերի քանակը, բնակչության քանակը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները։ Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հողերի 1/3-ը գրանցված չէ։
Հողերի անվճար գրանցման ժամանակացույցի մասին ավելի մանրամասն նյութում՝ Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների