Պետական աուդիտի պաշտոնական տվյալներով՝ «Պահպանողական շարժման» հաշվեհամարին նվիրատվությունների գրանցումը սկսվում է փետրվարի 16-ից։ Այս պահին կուսակցությունն արդեն 16 գրասենյակ ուներ շրջաններում։ Երկու ամիսներին էլ՝ փետրվարին ու մարտին գումարները մուտքագրվել են գրեթե նույն ժամկետներում։ Փետրվարի 16-ին և 17-ին կուսակցական հաշվեհամարը համալրվել է 36 675 լարիով, իսկ մարտի 16-ին և 17-ին՝ 45 210 լարիով։ Ուրիշ օրերին միայն մի քանի փոխանցում է կատարվել։ Փոխանցումները սկսվում են 50 լարիից, իսկ ամենաշատ գումարը կազմում է 8 000 լարի։ «Մթիս Ամբեբիի» տեղեկությամբ՝ «Պահպանողական շարժման» 63 նվիրատուներից առնվազն 45-ը կուսակցությունների անդամներ են կամ նրանց հետ կապված անձինք։
Alt-Info խմբի անդամները պնդում են նաև, որ կուսակցության տարածքային գրասենյակների ղեկավարները եռանդով են աշխատում և վարձատրություն չեն ստանում։ Ինչպե՞ս են կուսակցության անդամներն ու համախոհները աշխատում «եռանդով» և դրան զուգահեռ կարողանում նաև ամսվա նույն օրերին կազմակերպված ձևով գումար փոխանցել կուսակցությանը: «Մթիս Ամբեբին» աուդիտի ցուցակից պարզել է 10 խոշորագույն նվիրատուների հեռախոսահամարները և որոշել կապվել նրանց հետ։
«Ես լրատվամիջոցների հետ չեմ շփվում, հատկապես ձեզ հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալցիխեի գրասենյակի ղեկավար Սիմոն Եղիաշվիլին և քանի դեռ հեռախոսը չէր անջատել, հարցին, թե որտեղից ստացած եկամուտով է ամեն ամիս օգնում կուսակցությանը՝ պատասխանեց․ «Ի՞նչ կուսակցության նվիրատվություն, ի՞նչ հիմարություններ եք հորինում։ Ձեր գորձին հետևեք»։
Նվիրատուների ցանկում Սիմոն Եղիաշվիլին հանդիպում է և՛ փետրվար և՛ մարտ ամիսներին։ Նա կուսակցության համար փոխանցել է 750-750 լարի։
«Մյուս անգամ ինձ չզանգե՛ք։ Կբողոքեմ, հասկանալի՞ է»,- նույն հարցին այսպես պատասխանեց «Պահպանողական շարժման» Բորջոմիի գրասենյակը ղեկավարող իրավաբան Շորենա Կոբիձեն։ Մարտի 16-ին նրա անունից կուսակցության հաշվեհամարին է փոխանցվել 4 745 լարի, իսկ փետրվարի 16-ին՝ 2 500 լարի։
- Զանգելու համար ե՞ք բողոքելու, տիկին Շորենա։
- Անպայման:
- Միևնույն է հարցնում եմ, որտեղի՞ց այդ գումարը, որը կուսակցությանն եք փոխանցում։
- Անդաստիարակի մեկ, ազգանունդ ասա․․․․
Քանի որ այս կերպ տեղեկատվություն ստանալն անհնար էր, մենք շարժման մի քանի անդամներին զանգեցինք «կուսակցության ֆինանսների վարչությունից» և «փորձեցինք վերացնել նրանց փոխանցած միջոցների հետ կապված թյուրիմացությունները»։ Այսպես մենք ծանոթացանք Գուրջաանիի գրասենյակի ղեկավար Նոդար Չակվետաձեին, ով մարտի 16-ին «Պահպանողական շարժմանը» 2 250 լարի է նվիրաբերել։
- Ձեր մուտքագրած գումարը լրիվ չէ, ի՞նչ է կատարվում։ Ձեզ ինչքա՞ն են տվել մուտքագրելու համար։
- Սպասեք, գրել եմ․․․․ Ինչքա՞ն պետք է տային։
- 2 500։
- Ինձ ինչ որ փոխանցել են, այդ գումարն է մնացել միայն։
- Այսինքն 2 500 լարի է ձեզ փոխանցվել, իսկ ո՞վ է փոխանցել։
- Ոչ, չոր հազար․․․․, սպասեք, Ձեզ ո՞վ է ասել, որ ինձ զանգեք։
- Շարժումից ենք զանգում, հաշվապահությունից․․․․
- Լավ, կճշտեմ, այդ թեմաներից այսպես չեմ խոսում ես։
Մինչդեռ «անսովոր զանգի» մասին Գուրջաանիի գրասենյակը կտեղեկացներ գլխավոր գրասենյակին, կուսակցության անունից կարողացանք ևս մի քանի մարդու հետ կապ հաստատել։ Գումար ստանալը հաստատեց նաև Փոթիի գրասենյակի ղեկավար՝ Դավիթ Դվալիշվիլին։
- Ձեր փոխանցած գումարը կուսակցության հաշվին լրիվ չի մուտքագրվել, որքա՞ն են ձեզ տվել փոխացնելու համար։
- 1 950։
- Այդքա՞ն պետք է փոխանցեիք, ինչքան գիտեմ ավելի շատ պետք է լիներ։
- Ոչ, ոչ, վարձի գումարը այդքան չէ դրա համար։
- Դա վարձի փո՞ղն էր։
- Կճշտեմ և կզանգեմ, կասեմ Գիորգիին։
- Հաջորդ ամսին ե՞րբ եք փոխանցելու
- Չգիտեմ, չեմ կարող ասել, դա դուք պետք է ասեք։
Դավիթ Դվալիշվիլին «Պահպանողական շարժմանը» նվիրատվություն է կատարել փետրվարի 16-ին և մարտի 16-ին, ընդհանուր հաշվով 3 500 լարի։
Կուսակցության մեկ այլ նվիրատու՝ Լելի Զիբզիբաձեն, ընդհանրապես չգիտեր, որ գտնվում է «Պահպանողական շարժման» հովանավորների ցուցակում՝ 1 850 լարի ներդրումով։
«Չեմ հասկանում ինչ եք ասում, ինչ գումար փոխանցել։ Իմ քարտը տվել եմ Դավիթ Ճումբաձեին, ասաց չունեմ քարտ և ես էլ տվեցի։ Ես ուրիշ ոչինչ չգիտեմ։ Ես անձամբ ոչինչ չեմ փոխանցել»։
Դավիթ Ճումբաձեն գլխավորում է «Պահպանողական շարժման» Զեստափոնիի կազմակերպությունը։ Զանգահարեցինք նրան՝ պարզելու, թե ինչու է գումարը փոխանցել ուրիշի բանկային քարտով, բայց նախքան հարցն ավարտելը, նա անջատեց հեռախոսը, իսկ հետո այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Նրան նաև հաղորդագրություն ուղարկեցինք նույն հարցով, որը նույնպես անպատասխան մնաց։
Պետական աուդիտի տվյալներով՝ փետրվար-մարտ ամիսներին կուսակցության ամենամեծ հովանավորը գործարար Զեզվա Չանքսելիանին է եղել, ով մարտի 10-ին «Պահպանողական շարժմանը» նվիրաբերել է 8 000 լարի։ Նա «Մթիս Ամբեբիի» հետ զրույցում չհերքեց, որ գումար է փոխանցել կամ կուսակցության անդամ է․ «Ես այս կուսակցության անդամ եմ և վրացի եմ։ Ես Զեզվա Չանքսելիանին եմ։ Ես քրիստոնյա եմ և Վրաստանի համար կանեմ այն, ինչ կարող եմ և ինչ կկարողանամ»:
Զեզվա Չանքսելիանիի բիզնեսը հիմնականում կապված է շինարարական գործունեության հետ։ Ըստ հանրային ռեգիստրի տվյալների՝ նա բաժնետոմսեր ունի շուրջ 10 ընկերություններում։ 2018 թվականին Զեզվա Չանքսելիանին 1 000 լարի է նվիրաբերել Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավին։
Կուսակցության հովանավորների թվում է նաև 70-ամյա Բարբարե Բենիձեն՝ կուսակցության Քոբուլեթիի գրասենյակի ղեկավար Իլիա Բենիձեի մայրը։
«Չգիտեմ, ես առանձին եմ ապրում ու պատկերացում չունեմ, թե ինձ ինչ եք հարցնում։ Ես տեղեկություն չունեմ։ Ինչու՞ պետք է իմանամ, թե որտեղ է իմ ընտանիքի անդամը գումար փոխանցում: Ես ունեմ իմ անկախ կյանքը՝ ապրում եմ առանձին։ Ես ընդհանրապես կապ չունեմ կուսակցության ֆինանսների հետ։ Ես կուսակցության ղեկավարն եմ, ունեմ իմ աշխատանքը և հետևում եմ դրան»,- պատասխանեց Իլիա Բենիձեն, երբ նրան հարցրինք, թե ինչպես է իր թոշակառու մայրը կարողացել կուսակցությանը փոխանցել 1000 լարի։
Նվիրատվությունից հետո մենք կապ հաստատեցինք «Պահպանողական շարժման» առաջնորդներից մեկի՝ Կոնստանտին Մորգոշիայի հետ և խնդրեցինք մեկնաբանել կուսակցության անդամներից ստացված տեղեկությունը։ Կոնստանտին Մորգոշիան «Մթիս Ամբեբիի» հետ զրույցում ասում է, որ այն մարդիկ, ովքեր մեզ հայտնել են, որ կուսակցությունից գումարը փոխանցվել է տարբեր եղանակներով, որ վերջիններս մուտքագրեն կուսակցության հաշվեհամարին՝ «հավանաբար, շփոթվել են»։
-Ես որտեղի՞ց պետք է իմանամ, ես չգիտեմ, թե ում հետ ես խոսել։ Հնարավոր է ստում եք։ Բոլորդ ստախոսներ եք, քեզ ինչու պետք է հավատամ: Ես ոչ միայն այդ մարդկանց այլ կուսակցությանը նվիրատվություն անող մարդկանց 90 տոկոսին չեմ ճանաչում։
-Ձեր կուսակցության տարածքային գրասենյակների ղեկավարներն են և հիմնականում նրանց հարազատները։
- Չգիտեմ, չեմ տեսել, էլ ինչ ձև կարող եմ բացատրել։ Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ։ Դու որ այդպիսի բաներ ես անում, սադրիչ հարցեր ես տալիս, ուրիշ համարներից ես զանգում ու ստանում ես գիտես չգիտե՞մ։ «Մթիս Ամբեբիում» թուրքական հատուկ ծառայությունների և «Կարիտասի» աշխատակիցներ եք դուք։
Աուդիտի ծառայության տվյալներով՝ «Պահպանողական շարժման» եկամուտների և ծախսերի մոնիտորինգն արդեն սկսվել է։ «Ծառայության մանդատից ելնելով, ինչպես մյուս քաղաքական կուսակցությունների դեպքում, այս դեպքում նույնպես կիրականացվի եկամուտների և ծախսերի ուսումնասիրություն, համապատասխան նյութերն արդեն պահանջվել են»,- ասում է ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թաթա Գամղրելիձեն։
Խորհրդարանական ընդդիմության անդամ, անվտանգության հարցերով փորձագետ Թեոնա Աքուբարդիան մարտի 29-ի լիագումար նիստում իշխանություններին կոչ է արել ուսումնասիրել Alt-Info-ի ու նրա կուսակցության ֆինանսավորման աղբյուրները։ Նա կառավարությանը հիշեցրել է Ուկրաինայի օրինակը։
«Այս քաղաքական ուժն իրեն անվանում է քաղաքական ուժ, սակայն բացահայտ «հինգերորդ շարասյուն» է։ Նորից եմ ասում, այս շարժումը էթնիկ և կրոնական վեճեր է հրահրում: Սրա մասին բազմաթիվ փաստեր արդեն իսկ գտնվել և եզրակացվել են։
Ուկրաինայում Ռուսաստանը «հինգերորդ շարասյուն» էր պատրաստում ու դրա վրա մեծ սև փողեր էր ծախսում։ Հարցնում եմ ձեզ, եթե մենք իսկապես հայրենասեր ենք, և ոչ թե ուռա հայրենասեր,
Ո՞ւր է պետությունը, երբ այս բացահայտ ռուսամետ ուժը, պատերազմ է քարոզում, ազգամիջյան ու կրոնական ատելություն հրահրում և գրասենյակներ է բացում։
Այս իրավիճակում որտե՞ղ ենք մենք՝ հայրենասեր կոչվել ցանկացող պատգամավորներս, որտե՞ղ է պետությունը։ Ի՞նչ փողով են ֆինանսավորվում նրանք, երբ գիտենք, որ պաշտոնական նվիրատվությունները չեն բավականացնում այս գրասենյակներին, և ինչու՞ պետությունը չի հետևում երկրի անվտանգությանը, ինչու՞ չի հետաքննում այս սև փողերի ծագումը և ինչու՞ չի մտածում երկրի անվտանգության մասին»,- ասել է Թեոնա Աքուբարդիան։
Մարտի դրությամբ, բացահայտ ռուսամետ կուսակցությունն արդեն 58 գրասենյակ ունի ողջ Վրաստանում։ Շարժման գրասենյակները հիմնականում տեղակայված են քաղաքների և ավանների կենտրոններում, և դրանց ամսական վարձավճարը տատանվում է 500-2000 լարիի սահմաններում:
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին «Պահպանողական շարժման» գրասենյակների բացման դեմ մի շարք մունիցիպալիտետներում բողոքի ակցիաներ է տեղի ունեցել։ Կուսակցությունը չի հասցրել գրասենյակներ բացել Խուլոյում և Շուախևիում։ Բախում էր տեղի ունեցել Մեստիայում, որտեղ քաղաքացիական ակտիվիստները կուսակցության գրասենյակը փակելու պահանջով ցույց էին անցկացրել։ Հանրահավաքից մի քանի օր անց Alt-Info-ի կողմնակիցները ֆիզիկական բռնություն էին գործադրել ակցիային մասնակցող երիտասարդների հանդեպ։ Alt-Info խմբի դեմ քրեական գործ է հարուցվել Մառնեուլիի ակտիվիստ Սամիրա Բայրամովային սպառնալու համար, ով կուսակցությանը գրասենյակը ներկել էր Ուկրաինայի և ԵՄ դրոշների գույներով։
Պահպանողական շարժումը որպես կուսակցություն պաշտոնապես գրանցվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։ Հունվարի 21-ին շարժման անդամները համատեղ կոնֆերանս են անցկացրել ՌԴ Դումայի պատգամավորների հետ և հայտարարել կուսակցությունների առաջնորդների Ռուսաստան պաշտոնական այցի մասին։
Alt-Info, և «Պահպանողական շարժումը» բացահայտ հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում կլինեն Ռուսաստանի դաշնակիցները և երկրում վերջ կտան «ազատական բռնապետությանը»։ Սեփական հեռուստատեսությամբ խմբավորման առաջնորդներն անընդհատ այլատյաց, ատելությամբ լցված հայտարարություններ են անում և արդարացնում Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում։ Alt-Info-ն նաև 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնի ցույցի հիմնական կազմակերպիչն էր։
Հեղինակ՝ Ռոբի Զարիձե