Ինչու է Չեչնիան ճանապարհ խնդրում դեպի Վրաստան
«Այս ճանապարհն անկախ ելքեր կապահովի հարևան երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ուղղությամբ, որոնք ունեն զարգացած տրանսպորտային հաղորդակցություն ծովային և երկաթուղային ճանապարհով։ Հաշվի առնելով մեր պետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ այս հարցը դառնում է էլ ավելի արդիական»,- Չեչնիայից Վրաստան ճանապարհի բացման անհրաժեշտությունը 2022 թվականի մարտի 15-ին այսպես է պարզաբանել Չեչնիայի հանրապետության կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևը՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինա ներխուժելու և ռազմական գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների արդյունքում գրեթե ամբողջությամբ մեկուսացած է։
«Նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս հակառուսական պատժամիջոցների աճի պատճառով։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ պետական գերատեսչությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն՝ գտնելու նոր հնարավորություններ և նոր կապեր հաստատելու հարևան երկրների հետ՝ իրենց տարածքներից ապրանքաշրջանառությունն աճեցնելու համար», - ասել է Խուչիևը և հավելել, որ Չեչնիայի հանրապետությունը արդեն մի քանի տարի է ակտիվ աշխատանքներ է իրականացնում իր տարածքում՝ դեպի Վրաստան անցակետի կառուցման ուղղությամբ և 2019 թվակականին, մեծ համաժողովի ժամանակ այս հարցով դիմել են Պոտինին, ինչին ՌԴ նախագահը պատասխանել է, որ «Դա լավ գաղափար է, սակայն դեռևս տրանսպորտի նախարարությունում գործնական պլան չունեն։ Դրա իրականացման նպատակահարմարության մեջ կասկած չկա»։
Իթում-Կալի – սահմանային անցակետ «Արղունի» - Վրաստանի սահման տանող մայրուղին, որի երկարությունը, ըստ Խուչիևի, 41․2 կմ է՝ 79 կմ երկարության դաշնային ավտոճանապարհի Գրոզնի-Շատոյի-Իթում-Կալի հատվածի շարունակությունն է.
«Այս ճանապարհն անցնում է Վրաստանի հետ սահմանով՝ Շատիլի գյուղի ուղղությամբ։ Ճանապարհի շինարարությունը սկսվել է 90-ականներին, սակայն ռազմական գործողությունների սկսվելու պատճառով դադարեցվել է։ Այսօր 41․2 կմ երկարությամբ հատվածը գտնվում է Չեչնիայի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային գոտում։ Այս ճանապարհը ռազմավարական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար։ Կխնդրեի քննարկել այս հարցը, հետաքրքրվել, ներդրումներ կատարել այս նախագծում։ Միգուցե այս ճանապարհը ոչ միայն անվճար, այլև վճարովի լինի, որպես Վերին Լարսի այլընտրանք։ Ես կխնդրեի ձեզ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում դա դիտարկել որպես ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր և հանձնարարել ՌԴ տրանսպորտի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարություններին, անվտանգության դաշնային ծառայությանը դիտարկել այս նախաձեռնությունը»։
Պատրուշևը խոստացել է նախագիծը ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարները բազմիցս հայտարարել են դեպի Վրաստան ճանապարհը բացելու անհրաժեշտության մասին։
Գոյություն ունի նաև տեխնիկական-տնտեսական հիմնավորում Գրոզնի-Շատո-Իթում-Կալի-սահմանային անցակետ «Արղուն» - Վրաստանի սահման ճանապարհի վերաբերյալ։
Ըստ փաստաթղթի, որը պատրաստվել է 2021 թվականին՝ Ռուսաստանում, Գրոզնի-Շատիլի ճանապարհի շինարարությունը կարող է ավարտվի մինչև 2024 թվականի ավարտը և նույն ժամկետում կկառուցվի նաև սահմանային անցակետը։
Արղուն գետի վրայով կամուրջների կառուցման, ներառյալ ճանապարհների վերականգնման աշխատանքների արժեքը կազմում է 10 մլրդ ռուբլի (104 մլն դոլար)։ Փաստաթղթում նշվում է, որ նախագիծն անհնար է իրականացնել առանց դաշնային բյուջեի ֆինանսավորման։ Ճանապարհաշինության փաստարկները ներառում են Չեչնիայի Հանրապետության լեռնային շրջանների տնտեսական վիճակի բարելավումը, բնակչության կյանքի որակի բարձրացումը, միջազգային հարաբերությունների ամրապնդումը, սփյուռքի հետ կապերի ամրապնդումը և այլ փոփոխություններ:
2021 թվականի հունիսին Instagram-ի ուղիղ եթերում Չեչնիայի իշխանության ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ Չեչնիայից Վրաստան ճանապարհի կառուցումը քննարկման փուլում է. «Իթում-Կալիից մինչև Վրաստան ճանապահն անցնելը 40-50 րոպե է տևում: Ժամանակին մեր միջև ճանապարհ կար։ Եթե այս ճանապարհը բացենք, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո՝ Եվրոպա։ Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է, ինչպես նաև երկաթուղին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք պետք է բացենք այս ճանապարհը»։
Գրոզնի-Շատիլի ճանապարհի կառուցման հարցը երեք տարի առաջ կրկին արդիական դարձավ, երբ չեչենական Վեդուչ գյուղում սկսվեց լեռնադահուկային հանգստավայրի շինարարությունը։ Վեդուչի գյուղը մոտ է վրացական սահմանին՝ Շատիլիից մեքենայով կարելի է հասնել 1 ժամում։ Բացի Վեդուչիից, այս տարածքում է գտնվում Հյուսիսային Կովկասի խոշորագույն հնագիտական վայրերից մեկը՝ Ցոյ-Պեդեն, որը հայտնի է որպես «Մեռյալների քաղաք» (շնորհիվ իր բազմաթիվ վերերկրյա դամբարանների), XV-XVIII դդ։ Իթում-Կալի շրջանում է գտնվում Ջարեգոն և այլ գյուղերի փլատակներ։ Այստեղ է գտնվում Տուլոյ-Լամի լեռան ամենաբարձր կետը (վրացերեն՝ Թեբուլո լեռ)՝ 4493 մետր բարձրությամբ, որը գրավում է լեռնագնացներին։
Չեչեն վլոգեր Մագոմեդ Մամուշևի տեսանյութում, որտեղ նա ներկայացնում է «մեռյալների քաղաքը», պարզ երևում է Չեչնիայից դեպի Վրաստանի սահման՝ Շատիլի տանող ճանապարհը։
Չեչնիա-Վրաստան ճանապարհի կառուցման մասին Կադիրովն առաջին անգամ հայտարարել է 2014 թվականին. «Մենք Վրաստանի հետ նախատեսում ենք կառուցել և՛ ավտոճանապարհ, և՛ երկաթուղի։ Կառավարությունն այժմ աշխատում է դրա վրա»։ Նրա խոսքով՝ մինչ այժմ այս նախագծի իրականացմանը խոչնդոտում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Չեչնիա-Վրաստան ճանապարհի պատմություն
Իթում-Կալիից Շատիլի տանող ճանապարհի շինարարությունը սկսվել է Չեչնիայի կառավարության կողմից՝ 1997 թվականին։ Այդ ժամանակ արդեն ավարտվել էր ռուս-չեչենական առաջին պատերազմը (1994-96թթ.), որին զոհ գնաց 100.000 խաղաղ բնակիչ, վիրավորվեց՝ երկու անգամ ավելի, կես միլիոն մարդ՝ տեղահանվեց: Ռուսական հատուկ ծառայությունները սպանեցին Չեչնիայի առաջին նախագահ Ջոխար Դուդաևին։ 1997 թվականի սկզբին Իչքերիայի մեծամասնությունը նախագահ ընտրեց Ասլան Մասխադովին։ Նույն թվականի ամռանը Մասխադովի գլխավորած չեչենական պատվիրակությունը ժամանեց Վրաստան, որին հյուրընկալեց նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ Մասխադովն ու Շևարդնաձեն ժամանեցին նաև Պանկիսի կիրճ, որտեղ ապրում են էթնիկ քիստներ։
Չեչնիան երեք կողմից սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը՝ հյուսիսից Ստավրոպոլի երկրամասին, արևելքից՝ Դաղստանին, արևմուտքում՝ Հյուսիսային Օսիային և Ինգուշեթիային։ Միայն հարավից է սահմանակցում անկախ պետություն՝ Վրաստանը, որի հետ կապող սահմանը միակն էր, որը Ռուսաստանի իրավասության տակ չէր։
Իչքերիայի կառավարությունը երկու տարում կտրեց Իթում-Կալիից Շատիլի տանող ճանապարհը և հասավ Անատորի (Շաթիլիի մոտ գտնվող գյուղ - Արղունի հովտի և Անդաքիսծղալիի միախառնման վայրում)։ Այն ժամանակ Վրաստանի և Չեչնիայի միջև փաստացի սահմանը Ալակոյի կիրճում էր, չեչեններն այնտեղ նաև փոքրիկ պահակետ ունեին։ Անատորից մինչև Ալակոյի կիրճը մոտ 1000 հեկտար, ներառյալ Փիչվնին՝ Շատիլի բնակչության ձմեռային գյուղը, վերահսկվում էր Վրաստանի կողմից։
Նախքան չեչենական երկրորդ պատերազմը, Թբիլիսին Գրոզնիից պահանջում էր դադարեցնել ճանապարհաշինությունը։ Այդ ժամանակ Չեչնիայում քրեական իրավիճակն արդեն կտրուկ վատթարացել էր։ Միաժամանակ Ռուսաստանը Վրաստանից պահանջել է Խևսուրեթիում ստեղծել միասնական պարետատուն։ Ռուսաստանը այս խնդրանքը բացատրում էր նրանով, որ ահաբեկչության մեջ կասկածվողները Չեչնիայից չանցնեն Վրաստան։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի իշխանությունները երեք նամակ են ուղարկել Վրաստանի կառավարությանը՝ Դաղստան-Վրաստան (Բեշտա-Ախալսոփելի-Ղվարելի) ճանապարհի կառուցման համաձայնություն ստանալու խնդրանքով։ Վրացական կողմը Ռուսաստանի բոլոր պահանջները մերժել է։
1999 թվականի սեպտեմբերին սկսվեց երկրորդ ռուս-չեչնական պատերազմը։ Այս պատերազմի հետևանքով Չեչնիայից Վրաստան է եկել մոտ 8000 փախստական, որոնց գրեթե կեսը՝ Արղունի կիրճով բացված ավտոճանապարգով։
«Բազմաթիվ մարդիկ էին գալիս, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ, որոնք Շատիլի էին եկել իրենց մեքենաներով կամ ոտքով։ Խևսուրեթիում նրանց տրանսպորտ էր դիմավորում ու այնտեղից տեղափոխվում էին Թբիլիսի և Պանկիսի։ Հիշում եմ՝ ուշ աշնան, արդեն ձմռան շրջանն էր։ Գետում քիչ ջուր կար։ Արղուն գետի վրայով մեքենաները կարող էին առանց կամրջի անցնել»,- Խևսուրեթիի բնակիչ Շոթա Արաբուլին հիշում է, որ Գրոզնիից փախչած մարդկանց ռուսական զինված ուժերը ճանապարհին ռմբակոծում էին։
Կարճ ժամանակում ռուս զինվորականները Ալակոյի կիրճից տեղափոխեցին փաստացի սահմանը և տեղակայեցին Անատորիից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ինչպես է Փիճվնին հայտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ
87-ամյա Ղարուա Զվիադաուրին Փիճվնի գյուղի վերջին բնակիչներից է։ Երբ Չեչնիայից փախստականները սկսել են մտնել Շատիլի, նա դեռ իր ամուսնու հետ գյուղում է եղել։ Վրաստանի սահմանապահ ծառայության Շատիլիի հատվածի սահմանապահները զգուշացրել են ամուսիններին, որ լքեն Փիճվնին ու վերադառնան Շատիլի․
«Ձմեռվա համար ամեն ինչ պատրաստել էինք՝ սենյակներ, մահճակալ, ալյուր, խոտ։ Ռուսներ ռմբակոծում էին քիստերին։ Այնքա՜ն մեղք էին քիստերը, գալիս էին, ախոռներում էին քնում։
Փիճվնին լավ տեղ էր, մեր ու քիստների սահմանը։ Աշնանը գնում էինք, ամռանը վերադառնում, մայիսի երեքին- չորսին այդպես։ Արոտավայր ունեինք ու խոտն էլ այնտեղ էինք հավաքում։ Ոչ էլ քիստերի հետ խնդիրներ ունեինք, քանի դեռ չէին եկել ռուսները։ Հետո եկան նրանց էլ դժբախտացրին, մեզ էլ։
Ալաքո էին ասում, Քիստերն էին ապրում։ Ալաքոյից այսկողմ մերն էր Փիճվնին, արտովայրերն ու կիրճը։
Ալաքոյից այնկողմ առաջին գյուղը Ջարեգոն է, այնտեղ վաղուց ոչ ոք չի ապրում»,- 2000 թվականի փետրվարից հետո շատիլիոնները ոտք չեն դրել Փիճվնի։ Գոմերն ու փոքր տները փլուզվել են, նույնիսկ քարտեզի պարզ չեն երևում։
Փիճվնիի անմիջապես ներքում է այժմ գտնվում «Արղուն» սահմանային կետը, որը գտնվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության տակ։ Քարտեզի վրա վրաց-ռուսական սահմանն անցնում է Փիճվնիից այսկողմ՝ վերին Անատորի մոտով (Մուցոյի շրջադարձ): Ռուսական կողմում է մնացել նաև Խևսուրեթիի հնագույն սրբավայրը։
«Մթիս Ամբեբին» գրավոր տեղեկություն է խնդրել Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունից, թե ո՞ր թվականից է Փիճվնին հայտնվել ռուսական վերահսկողության տակ, այն ժամանակ, որտե՞ղ էր գտնվում Վրաստանի սահմանային ոստիկանության անցակետը / հատվածը. Ի՞նչ պայմաններում են ռուս զինվորականները գրավել Խևսուրեթիի այս հատվածը, և որտեղ, որ այժմ Ռուսաստանը սահմանային կետ ունի, դա վրացական տարածք է, թե՞ ոչ։
Սահմանային ոստիկանությունը մեզ հանրային տեղեկություն է տրամադրել օրենքի խախտմամբ՝ միայն վարչական բողոք ներկայացնելուց հետո։
Սահմանային ոստիկանության պետի տեղակալ Գիորգի Մալանիան պատասխանում է, որ Վրաստանի սահմանային ոստիկանության քարտեզագրական նյութերում Փիճվնի գյուղ գոյություն չունի։
«Ինչ վերաբերում է հարցի պատմական ենթատեքստին, ապա այն դուրս է սահմանային ոստիկանության իրավասություններից։ «Շատիլի» անցակետը / հատվածը գտնվում էր Շատիլի գյուղի մոտ, գտնվելու վայրը այժմ չի փոխվել և այն շարունակում է գործել»,- ասված է նամակում։
Ինչ է տեղի ունեցել իրականում — 1999 թվականի մայիսի 19-ին Թբիլիսի են ժամանել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների սահմանազատման և սահմանգծման հանձնաժողովի փորձագետները: Աշխատանքային հանդիպումը կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում և տևել 2 օր։ Մայիսի 21-ին երկու կողմերի փորձագետները ստորագրել են արձանագրություն, համաձայն որի Փիճվնին տարածքային առումով պատկանում է Ռուսաստանին։
Գելա Խուցիշվիլին 1997-2002 թվականներին աշխատել է որպես Վրաստանի սահմանների պաշտպանության պետական դեպարտամենտի նախագահի տեղակալ։ «Փորձագետների այս հանդիպմանը ներկա չէր հայտնի քարտեզագիր, հանձնաժողովի անդամ Ջանսուղ Կեկելիան։ Նրանք դաշտ դուրս չեն եկել, որոշումը այնպես են կայացրել, որը վերջնական չի եղել, բայց հետո, երբ ռուսները սահմանը տեղափոխել են, առաջնորդվել են այս արձանագրությամբ։ Ըստ էության, սահմանը դրվել է Փիճվնիից այն կողմ՝ Արղուն և Անդակ գետերի միախառնումից 1․5 կմ հեռավորության վրա։ Փորձագետների նման անպատասխանատու և անզգույշ գործողությունները ստեղծեցին այն իրավիճակը, որ մենք կորցրինք շուրջ 1000 հեկտար տարածք։ Այս փաստաթուղթը կազմվել է արձանագրության տեսքով և ուղարկվել սահմանային վարչություն, արտաքին գործերի նախարարություն և պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողով։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ գործուղման գնացի Շատիլի, առաջնորդվեցի հին փաստաթղթով, որը սահմանազատում էր 1․5 կմ հեռավորությամբ։ Փիճվնիում՝ Կոբա Ճինճարաուլիի տան մոտ, ստեղծեցի նաև պահակախումբ՝ բաղկացած 7 պահակներից։ Մի կողմում ռուսներն էին կանգնած, մի կողմում մենք։ Նման իրավիճակ էր նաև Մուցոյի լեռնաշղթայի մոտ, այնտեղ էլ փոքր հատված կա։
Ցավոք սրտի, ժամանակ անց, պարզվեց, որ այս փաստաթուղթը ուղեցույց է Ռուսաստանի համար։ Նրանք պահանջում էին վերականգնել ստատուս քվոն՝ համաձայն այս արձանագրության, որը ստորագրել են նաև մեր փորձագետները։ Հետագայում նրանք այս բարձունքը գրավեցին։ Մենք նահանջեցինք և կանգնեցինք Անդակ և Արղուն գետերի միախառնման տեղում՝ կորցնելով նաև վերահսկողությունը։
Վրացական կողմն ինձ էր մեղադրում, որ եթե ես պահակակետ չդնեի, ռուսները չէին գա։ Մեկ ամսվա ընթացքում մերոնք հանեցին այդ պահակակետը։ Ասում էին, հնարավոր է սահմանապահներին վտանգ սպառնա, քանի որ մենք այնտեղ ապօրինի ենք կանգնած, որը հաստատում էր այն արձանագրությունը։ Մեր սահմանապահների դուրսբերումից հետո՝ 2000 թվականի մարտին, այդ տարածքը ռուսները գրավեցին։
Մինչ պահակներին դուրս բերելը այնտեղ բնակվող Կոբա Ճինճարաուլին ծանր վիճակում էր, վատառողջ էր։ Նրան չկարողացան տեղափոխել, և ուղղաթիռով, որը պետք է ինձ Խևսուրեթից տաներ Թբիլիսի, Կոբային բերեցի մայրաքաղաք։ Երբ մեր ուղղաթիռը օդ բարձրացավ, ռուսներին զգուշացրել էի, որ թյուրիմացություն տեղի չունենա։ Այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, որ Գելա Խուցիշվիլին չարաշահել է իր իրավունքներն ու պարտականությունները և Ռուսաստանի տարածք է ներխուժել։ Հետո գործը կարճվեց, բայց ինձ նախ տեղափոխեցին կադրային բաժին, հետո ազատ արձակեցին»։
Կան մի քանի փաստարկներ, թե ինչու վրացական կողմի փորձագետները չպետք է ստորագրեին այն արձանագրությունը, որով մենք Փիճվնին վերագրում էինք Ռուսաստանի Դաշնությանը․
- Հողօգտագործությունը Խևսուրեթիայում շարունակական, դարավոր ավանդույթ է։ Հողատարածքների սակավության պատճառով անասուն ունեցող Շատիլիի բնակիչները ձմռանը ապրելու համար տեղափոխվում էին Ացեխի, Փիճվնի և Մուցոսճալա, որտեղ ունեին գոմեր, իսկ շրջակա արոտավայրերից ձմռան համար խոտ են մթերում։ Արդոտցիները մինչ օրս այսպես են ապրում, ամառը Արդոտում են, ուշ աշնանը Բախոյից երեք կիլոմետր այն կողմ են անցնում Անդաքիսծղալիի աջ կողմն ու ապրանքը տանում այնտեղ։ Ձմեռային գյուղում մնում են մինչև մայիս։ Խևսուրեթցիները ձմեռելու համար այնպիսի վայրեր են ընտրել, որտեղ օրը կարճ է, արևային եղանակ է, իսկ ձյունը շուտ հալչում է։ Նման վայրերն ավելի հարմար են գյուղատնտեսական գործունեության համար։
- Խորհրդային Միության Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԳԿ) 1929 թվականի որոշումը, որով սահմանվել են ռուս-վրացական սահմանի մի քանի հատվածներ, այդ թվում՝ Փիճվնին և նրա շրջակայքը։ Բանաձևում տրված կոորդինատների համաձայն՝ այս տարածքը պատկանում է Վրաստանին։
Փաստաթուղթը Վրաստանի արխիվում գույություն չունի։ Այն վրացական կողմին հասանելի է դարձել 1998 թվականին, երբ վրաց-ռուսական կողմերը քննարկում էին Աբխազիայի Այբղա գյուղի հարցը։ Այբղան երկու մասի բաժանված գյուղ է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գագրայի մունիցիպալիտետում և Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչիի շրջանում։ Գյուղը գտնվում է Փսոու գետի երկու ափերին։ Ռուսական կողմը կարծում էր, որ ԿԳԿ-ի վերոհիշյալ բանաձևը Այբղայի հարցի շուրջ վեճը կլուծի հօգուտ Ռուսաստանի։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության Հարևան երկրների դեպարտամենտի, սահմանազատման, սահմանագծման և սահմանների հետ կապերի վարչության նախկին ղեկավար, հանձնաժողովի նախկին անդամ և փորձագիտական խմբի ղեկավար Իվերի Մելաշվիլին հաստատում է, որ որոշմանը ծանոթանալուց հետո Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին նոտա է ուղարկել։ «Խորհրդային Միության ժամանակ հրատարակված քարտեզների համաձայն, Փիճվնին եղել է Ռուսաստանի Դաշնության կողում, սակայն հողօգտագործման նյութերը, այդ թվում՝ հողօգտագործման քարտեզները վկայում են որ այն եղել է մեր տրամադրության տակ։ Վրաստանը, ծանոթանալով ԿԳԿ-ի 1929 թվականի որոշմանը, որն իր ժամանակին չգտնվեց, ցավոք, Վրաստանը Փիճվնիի հետ կապված դիմեց Ռուսաստանի Դաշնությանը, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի։ Քանի դեռ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չէին խզվել ու սահմանազատման հանձնաժողովները աշխատում էին, այդ հատվածն այն ժամանակ համաձայնեցված չէր, և հիմա էլ է այդպես։
Վրաստանի պետական սահմանի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը 1839 կիլոմետր է։ Այստեղից՝ Թուրքիայի հետ՝ 275 կմ, Հայաստանի հետ՝ 224 կմ, Ադրբեջանի հետ՝ 446 կմ, Ռուսաստանի Դաշնության հետ՝ 894 կմ։ Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ավարտված է միայն Թուրքիայի հետ։
Շատիլիի ճանապարհը
Չեչնիա-Վրաստան ճանապարհի թեման ևս մեկ անգամ առաջ քաշելուց հետո, Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում է՝ «Վրաստանը չի քննարկել և չի քննարկում Չեչնիայի հետ կապող որևէ ճանապարհաշինության հարց։ Նմանատիպ հարց երբեք վրացական կողմի օրակարգում չի եղել և, հետեւաբար, դրա մասին ցանկացած տեղեկություն սխալ է»։
Վրաստանի Ռազմավարական և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչության նախկին ղեկավար Շոթա Ուտիաշվիլին նույնպես կարծում է, որ Վրաստանին պետք չէ Չեչնիա-Վրաստան ճանապարհը, և որ այն ընդունելի չէ նաև Ռուսաստանի իշխանության կողմից։
«Որքան մեկուսացված լինի Չեչնիան, այնքան լավ Ռուսաստանի համար։ Այսպես են կարծում դաղստանցիներն ու չեչենները, որոնց հետ ես շփվել եմ վերջին տարիներին։ Ասում են, որ դեպի Վրաստան ճանապարհը լավ կլինի, բայց Ռուսաստանի կառավարությունը թույլ չի տա նրանց կառուցել այդ ճանապարհը։
Չեմ կարծում, որ Վրաստանի կառավարությանը, նույնիսկ այս կառավարությանը այս ճանապարհը ինչ-որ բանի համար պետք լինի։ Հատկապես այն ֆոնին, որ մենք միլիոնավոր դոլարներ ենք ծախսում Լարսի ճանապարհը բարելավելու համար։ Մենք կառուցում ենք Քվեշեթի-Կոբի թունելը, և դա երբևէ իրականացված ամենաթանկ ծրագրերից է։ Հետևաբար, եթե այստեղ այդքան գումար ենք ծախսում, Դաղստանի և Չեչնիայի նախագծերը, քաղաքական մասը հաշվի չառած՝ թանկ և տեխնիկապես դժվար կլինի։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը գումար կամ քաղաքական կամք ունի դա անելու։
Հիմա այս իրավիճակում, երբ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, և կարծես թե դրանք կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ Պուտինը իշխանությունում է, այդ ճանապարհը ոչ Համաշխարհային բանկը, ոչ էլ որևէ այլ դոնոր չի ֆինանսավորի: Վրաստանի կառավարությունը չի կարողանա ֆինանսավորել այս ճանապարհը, եթե անգամ ուզենա, մենք բավարար գումար չունենք։ Մեր ամբողջ ճանապարհաշինությունը ֆինանսավորվում է միջազգային դոնորների կողմից, որոշները դրամաշնորհներով, որոշները վարկերով: Ոչ ոք դա չի ֆինանսավորի, և նաև խելագարություն կլինի հավելյալ գումարներ ներդնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար»։
Ժինվալին, որտեղից սկսվում է Շատիլի ճանապարհը, Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Ժինվալիից Շատիլի 100 կիլոմետր է։ Տարիներ շարունակ ճանապարհը շատ վնասված էր, նեղ ու գրունտային։ Որոշ հատվածներում երկու մեքենա իրար կողքով չէր կարող անցնել։ Թբիլիսիից Շատիլի ճանապարհը տևում էր 5-6 ժամ, այժմ հնարավոր է գնալ 3․5-4 ժամում։
Վրաստանի կառավարությունը 2018 թվականին պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսել է Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի վերականգնումը և ծախսել ավելի քան 59 մլն լարի։ Վերականգնման շրջանակներում ճանապարհը լայնացվել է, 60 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատվել և բետոնապատվել, կառուցվել է 17 նոր կամուրջ, 5-ը՝ վերականգնվել։ Մի քանի կամուրջ, սակայն, հնության պատճառով վնասվել են
Նորակառույց կամուրջների պարամետրերը (լայնությունը, տարողությունը) նույնիսկ խևսուրեթցիների մոտ է կասկած առաջացրել, որ այս ճանապարհի բարեկարգումը միայն իրենց և զբոսաշրջիկների անվտանգ փոխադրման համար չէ։
Ավելին, Շատիլիից այն կողմ, Միղմախևիի որոշ գյուղերում, որտեղ մարդիկ ապրում են մշտապես կամ առնվազն 7-8 ամիս, ընդհանրապես ավտոճանապրհ չունեն, որոշ գյուղերում երբեք չեն ունեցել, որոշներում գետը վնասել է։ Խևսուրեթիները, որոնք մնացել են առանց ճանապարհի, ապրանքը տեղափձոխում են ձիով և պայուսակներով, գետերի վրայի հետիոտնային կամուրջներով, որոնք ցանկացած պահի կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ։
Շատիլիին կապող մայրուղին կառուցվել է 1970-ականներին և անցնում Դատվիսջվարի լեռնանցքով՝ ծովի մակարդակից 2677 մետր բարձրության վրա։ Լեռնանցքը սկսվում է Խախմատի գյուղից և ավարտվում Լեբայսկարիում։ Ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով լեռնանցքը փակ է նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսերը կամ մինչև մայիս։ Արգելափակված է տարվա 5 ամիսը: Ձմռանը Խևսուրեթի գնալ հնարավոր է ուղղաթիռով։ Սահմանային ոստիկանության ուղղաթիռը թռչում է երկու շաբաթը մեկ՝ պահակախմբին փոխելու: Վատ եղանակին, երբ ամպամած է, ուժեղ քամի և տեսանելիությունը դժվար է, թռիչք չկա։ Նման դեպքում, եթե Խևսուրեթիում մարդ է հիվանդանում և շտապ բուժօգնության կարիք ունի, առանց բժշկական սարքավորումների ունեն ընդհամենը մեկ բժիշկ՝ Միխայիլ Ճինճարաուլին։
Խևսուրեթիում, Շատիլիի կողմում մշտապես բնակվում են մի քանի գյուղերում, Շատիլիում՝ շուրջ 30 մարդ, Մուցոում՝ 9, Արդոտում՝ 2, Անդակում՝ 1, Խոնիում՝ 8, Խախաբոյում՝ 2։ Ձմռանը 5-6 ամիս արտաքին աշխարից կտրվելը Խևսուրեթիի դադարկման հիմնական պատճառն է։
Առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Շատիլի տանող ճանապարհի փակումը կանխելու համար լուծումը Խախմատիից մինչև Լեբայսկարա 5-6 կմ երկարությամբ թունելի հատումն է: «Մթիս Ամբեբին» Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից տեղեկություն է խնդրել, թե արդյոք Դաթվիսջվարիի լեռնանցքում թունելի նախագիծ կա։ Գրավոր պատասխան դեռ չենք ստացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում մեզ ասացին, որ թունելի նախագիծ գոյություն չունի։