Տեղական Jnews լրատվականի փոխանցմամբ՝ Օլավերդ տանող ճանապարհը փակ է եղել 6 օրով, այն պատճառով, որ տեղական իշխանությունը ձյունից չի մաքրել։
«Մյուս գյուղերի համար տեխնիկա ունեն, մեզ համար՝ ոչ։ 6 օր է ճանապարհ չեն բացում, հիվանդներ ունենք, մահանում են»։
«Ընտրությունների ժամանակ գալիս ու ձայն են ուզում, իսկ այսօր ճանապարհ չունենք»։
«Հայրս շտապ սրտի վիրահատության կարիք ունի։ Նրան պետք է հիվանդանոց տանել, բայց ճանապարհ չկա։ Երբ զանգահարեցի թեժ գիծ, ինձ ասացին, որ տեխնիկան աշխատում է: Ես կանգնած էի ճանապարհի վրա, տեխնիկա չկա, իսկ ինձ ստում են, թե Ծալկայից ու Թբիլիսիից տեխնիկա է գալիս։ Որտե՞ղ է։
Եթե վաղը հորս հետ ինչ-որ բան պատահի, նրանք պատասխան կտա՞ն»,- մեջբերում է Jnews-ը քաղաքացիներից մեկին,որոնք երեկ 3 ժամ քայլել են քաղաքապետարան հասնելու համար։
Jnews-ի փոխանցմամբ՝ Օլավերդի բնակիչներին դիմավորել են քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը։ Քաղաքապետի խոսքով՝ ինքը մի քանի օր է չի քնում ու անձամբ է վերահսկում ճանապարհների մաքրման աշխատանքները, ինչպես նաև տեղյակ է Օլավերդ գյուղում տիրող իրավիճակին։ Մելքոն Մակարյանը քաղաքացիներին խոստացել է, որ օրվա ընթացքում տեխնիկա կուղարկի ճանապարհը մաքրելու համար։
«Ռեգինֆոն» փորձել է կապ հաստատել փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ՝ պարզելու, թե արդյոք մաքրվել է Օլավերդ տանող ճանապարհը, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։
Ձյան և բքի հետևանքով Ջավախեթիի բազմաթիվ գյուղեր տանող ճանապարհներ են փակվել։ Օլավերդ գյուղը գտնվում է Ախալքալաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, ծովի մակարդակից 1940 մետր բարձրության վրա։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում է 694 մարդ։