Թույլտվության դիմումի ձևը, որը կարելի է ուղարկել նաև էլեկտրոնային եղանակով, պետք է ներառի այցի նպատակը և սահմանամերձ գոտում գտնվելու ժամկետը, ինչպես նաև նախատեսված երթուղին:
«Վրաստանի պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին պետական սահմանից կամ առափնյա գծից մինչև Վրաստանի տարածքի խորությունը 5 կիլոմետրից ոչ ավելի լայնությամբ ցամաքային գոտին է։ Բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տեղանքը, սահմանային գոտի կարող է սահմանվել պետական սահմանագծից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Էրիսիմեդին գտնվում է հենց սահմանին։ Գյուղը հիմնադրվել է 1989 թվականին և այստեղ են բնակություն հաստատել լեռնային Աջարիայի, Խուլոյի և Շուախևիի շրջաններից աղետից տուժածների մեծ մասը (էկոմիգրանտներ)։ Գյուղում ապրում են նաև Պանկիսի կիրճից տեղափոխված մի քանի էթնիկ քիստ ընտանիքներ: Նարինդոշվիլիների մի ընտանիք՝ հարևան Ջուգաանի գյուղից, տեղափոխվել է այնտեղ՝ աջարացիների վերաբնակվելուց և այն ժամանակվա կառավարության կողմից նրանց համար տներ կառուցելուց առաջ։ Այս ընթացքում Ալազանի գետն արդեն փոխել է հունը, իսկ վարելահողերի այն հատվածը, որտեղ հետագայում հիմնադրվել է Էրիսիմեդին, շրջակա տարածքը, անտառն ու արոտավայրերը՝ մոտ 800 հա, մնում են գետի այն կողմ՝ Ադրբեջանի տարածքում։ Սակայն նախկինում և հիմա վրաց-ադրբեջանական սահմանը հիմնականում անցնում է Ալազանի գետով։ Սիղնաղիի շրջանը, որը ներառում է Էրիսիմեդին, հնարավորություն չի ունեցել օգտագործել Ալազանիից այն կողմ գտնվող տարածքը, քանի դեռ գետի վրա երկաթե կամուրջ չի կառուցվել։ Այս կամուրջը հիմա էլ միակ ճանապարհն է ցամաքով այնտեղ հասնելու համար։
Եթե Ծնորիից գնաք Խիրսա-Սամթածղարո ճանապարհով, Խորնաբուջի գյուղի ճանապարհը թեքվում է դեպի ձախ ու ներքև։ Մինչև Էրիսիմեդի 22 կիլոմետր է։ Ալազանի գետի մոտ, որի մոտակայքում է գյուղը, Վրաստանի սահմանապահ ոստիկանության կետ է գործում։ Ինքնաձիգներով զինված երկու սահմանապահ մեզ կանգնեցնում է: Ինքնությունը պարզելուց և ասելուց որ թույլտվություն ունենք ու Էրիսիմեդիում սահմանապահ ոստիկանությունում սպասում են՝ թույլ տվեցին շարունակել ճանապարհը։ Հենց որ անցանք կամուրջը, մեզ կտրոններ տվեցին և ասացին, որ եթե օգնության կարիք ունենք, ցանկացած պահի կարող ենք դիմել իրենց։ Զգուշացրին, որ անօդաչու թռչող սարք չի կարելի օգտագործել, արգելվում է տեղաշարժվել պետական սահմանի գծով։
Գյուղի տները կառուցված են վեց շարքով։ Google-ի քարտեզը ցույց է տալիս, որ վրաց-ադրբեջանական սահմանն անցնում է երրորդ փողոցով՝ հենց ավտոճանապարհով։ Ադրբեջանական կողմում են մնացել առաջին երկու փողոցները՝ տներով, բակերով, հողակտորներով ու ճանապարհներով, մանկապարտեզով, գյուղական ամբուլատորիայով, մի քանի տարի առաջ կառուցված դպրոցի բակի ու մարզահրապարակի մի մասով։
Գիվի Նարինդոշվիլիի տունը գտնվում է առաջին փողոցի անկյունում, բայց քանի որ վրաց-ադրբեջանական սահմանի այս հատվածը (Էրիսիմեդիի հատված) համաձայնեցված չէ, սահմանը նշող փշալարերը նրա տնից 50 մետր հեռավորության վրա են գտնվում: Փշալարերից այն կողմ ադրբեջանական կողմի դիտաշտարակն է։ Երբ վրացի սահմանապահներն այս կողմում են հսկողություն իրականացնում Էրիսիմեդիում ավելի հանգիստ են զգում՝ հիշում են 17-ամյա տղայի պատմությունը, որը սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից 2010 թվականի ապրիլի 13-ին:
«Նա 12-րդ դասարանի աշակերտ էր։ Ուզեցել էր իր անասունների անտառից դուրս հանել ու հենց այդ ժամանակ Ադրբեջանցի զինծառայողը ուղիղ գլխին էր կրակել։ Տեղում մահացել էր։
Մենք՝ գյուղի կանայք սողալով երեխային քարշ տվեցինք ցանկապատից այս կողմ, այլապես, հավանաբար չէինք կարողանա տեղափոխել մահացածին»,- Էրիսիմեդիում ապրող Թալիկո Մախարաձեն այլ դեպքեր էլ է հիշում, որոնք բարեբախտաբար զոհով չեն ավարտվել։
«Իմ տղային՝ Բադրիին, բռնեցին ու տարան, երբ կովերին էր արածեցնում։ Նրանք երեք գիշեր պահեցին տղայիս։ Հետո Սամթածղարոյի կամրջից (վրաց-ադրբեջանական սահման Դեդոփլիսծղարոյի շրջանում) ազատ արձակեցին։ Եթե անասունները տեղափոխվեն այն կողմ, ինչքան էլ ցանկանանք, չենք համարձակվի գնալ այնտեղ։ Ցանկապատն էլ այնպես քաշված չէ, որ անասունները անտառ չմտնեն։ Եթե անցան այն կողմ ուրեմն արդեն մերը չեն։ Երկու շաբաթ առաջ մեր երկու կովերը կորել են։ Հավանաբար տարել են։ Մենք չենք կարող այնտեղ անցնել, ոչ էլ ինչ որ մեկը կերաշխավորի, որ կօգնի մեզ»:
Վրաստանի ԱԳՆ-ն նույն օրը ադրբեջանցի սահմանապահների կողմից 17-ամյա Իբրահիմ Գաուրգաշվիլիի սպանությանը արձագանքելուց հետո՝ հրապարակայնորեն այլևս չի հիշել․
«Վրաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ֆոնին, որոնք հիմնված են մի շարք ռազմավարական հարցերում երկու երկրների շահերի լրիվ համապատասխանության վրա, առանձին իրավապահների կողմից անմեղ քաղաքացու սպանությունը հատկապես անհանգստացնող է։ Մենք խորապես համոզված ենք, որ հարևան պետության քաղաքացին, ով ակամա մտել է բարեկամ պետության տարածք, չպետք է դառնա ուղղակի կրակոցի զոհ։ Վրացական կողմը պահանջում է դեպքի լիարժեք և հրատապ հետաքննություն։ Համոզված ենք, որ ադրբեջանական կողմի ջանքերի արդյունքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ապրիլի 14-ին ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալաղանիան հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նամիգ Հասան օղլու Ալիևի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում մահացած Իբրահիմ Գաուրգաշվիլիի ընտանիքին»,- միայն ու միայն սա էր, ուրիշ ոչինչ չենք լսել ո՛չ Արտաքին գործերի նախարարությունից, ո՛չ Ադրբեջանի դեսպանությունից։
Իբրահիմի սպանությունից հետո քիչ անց մահացել է նաև նրա հայրը, իսկ ընտանիքի մնացած անդամները լքել են Էրիսիմեդին:
Նախքան սահմանի պարիսպը քաշելը (ենթադրաբար մինչև 2003 թվականը) Էրիսիմեդիի բնակիչները առևտուր անելու կամ բուժում ստանալու համար գնում էին Բելաքան։ Մոտակա գյուղը ադրբեջանական կողմից 3 կիլոմետրի վրա է գտնվում, Բելաքանը (շրջկենտրոն)՝ 10 կիլոմետրի։ Էրիսիմեդին Ծնորիից 50 կիլոմետր հեռավորության վրա է։ Հիմա ճանապարհը ասֆալտապատված է, բայց կար ժամանակ, երբ նույնիսկ շտապօգնության մեքենային մեկուկես ժամից ավելի էր պահանջվում Ծնորիից Էրիսիմեդի հասնելու համար, և շատ անգամ հիվանդներին մահացած էին հանդիպում։
Մեջտեղից կիսված գյուղում, այն փողոցներում, որոնք, ըստ քարտեզի, գտնվում են Ադրբեջանի տարածքում, ոչ տունը, ոչ էլ հողը որպես սեփականություն չեն կարող գրանցել։ Մարինե Նարինդոշվիլիին և նրա հարևաններին մի քանի անգամ մերժել են գրանցել պետական ռեգիստրում. «Ասում են, որ սահմանամերձ գոտում ենք ապրում։ Այսքան ժամանակ այստեղ ենք ապրում ոչ մի սեփականություն չունենք, ոչ կարող ենք վարկ վերցնել, ոչ էլ ինչ որ մեկին դեմ գնալ ու պաշտպանվել»։
Իոսեբ Ցեցխլաձեն նույնպես էկոմիգրանտ է Աջարիայից։ Ըստ քարտեզի՝ սահմանը մեջտեղից բաժանում է նրա բակն ու տունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության սահմանային կապերի ծառայության նախկին ղեկավար, Պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախկին անդամ Իվերի Մելաշվիլին նշում է, որ վրացական և ադրբեջանական կողմերը մի քանի անգամ քննարկել են Էրիսիմեդիի հարցը, սակայն չեն կարողացել որոշում ընդունել։
«Գյուղի մի մասը կառուցվել է Ադրբեջանի տարածքում։ Այս հարցը քննարկվել է սահմանազատման հանձնաժողովների մակարդակով։ Ասվել է, որ իրական վիճակն այսպիսին է, թշնամիներ չենք, որ ասենք՝ տարեք ձեր բնակչությունը և քանդեք այս տները։ Քննարկել ենք, թե ինչ տարածք կարելի է փոխանակել դրա հետ, որքան որ մեր բնակչությունն է զբաղեցնում։ Ներքին կարգով ադրբեջանցիներն էլ էին քննարկում տեղում ինչ որ տարածք գտնելու ու փոխանակելու վերաբերյալ։ Հետաձգեցին ու բավականին ձգվեց գործընթացը։ Մինչև 2010 թվականը ադրբեջանական կողմը այդ հարցից խուսափում էր և չէր ուզում քննարկել։ Հետո ակտիվ բանակացություններ էր ընթանում, որ տեղում ինչ-որ տարածք փոխանակվեր։ Մեր մոտեցումը հետևյալն էր, որ Ադրբեջանի հետ ունենք նման տարածքներ, մի տեղում մեր բնակչությունն է գտնվում նրանց տարածքում, մի տեղում՝ նրանց բնակչությունը մեր տարածքում։ Կարելի է ամեն ինչ հաշվել քաղաքակիրթ ձևով, նման մոտեցմամբ, քաղաքակիրթ ձևով բանակցել, և դա որպես կանոն հենց այդպես էլ պետք է լինի»։
Էրիսիմեդի հատվածում սահմանի շուրջ բանակցությունները, այնպես որ ամբողջ գյուղը մնա մեր վերահսկողության տակ և փոխանակվի այլ տարածքով, սկսվել է 1998 թվականին։ 24 տարվա ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել։