Կառավարությունում համոզված են, որ ցանկացած քաղաքացի կարող է ազատորեն վարձակալել անտառային հողամասեր։ Օրենքով կարող է դա անել, թեև վիճակագրությունը հակառակն է ասում։ Սա հիմնականում կարողացել են անել այն մարդիկ, որոնք համարվում են տեղական մակարդակում ազդեցիկ, կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։
Օրենքով անտառը հանրային բարիք է։ Չնայած դրան, այն երկար տարիներով այնպես է տրվում վարձակալության, որ հանրությունը ոչինչ չի իմանում։ Քաղաքացիներն այդ մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ որոշում է կայացվում ու աճուրդ է հայտարարվում։ Որոշակի հողամաս պետք է վարձակալվի, թե ոչ, որոշում է Անտառային գործակալությունը՝ հիմնվելով անտառների կառավարման պլանի վրա: Այս ծրագրում նշված չէ, թե որ հողն է թույլատրվում, որը՝ ոչ: Փորձագետների կարծիքով՝ գործող օրենսդրությունը թույլ է տալիս պետական բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց մերձավոր մարդկանց այնպես ձեռք բերել ցանկալի անտառը, որ գործնականում օրենքը չխախտվի։
Կես հեկտար՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը
Բակուրիանիում, Կոխտայի ստորոտում, մոխրագույն ցանկապատով շրջապատված տուն է կանգնած։ Սա այն տարածքն է, որը հունվարից հայտնվել է լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում: Այս տան ետևում՝ 5 630 քմ տարածքով անտառը, վարչապետի կինը 49 տարով օգտագործման իրավունքով է ստացել։
Նունու Թամազաշվիլին էլեկտրոնային մրցույթում մրցակից չի ունեցել, իսկ աճուրդի ավարտից չորս օր անց վարչապետի կինը պաշտոնապես ստորագրել է վարձակալության պայմանագիրը։ Վարձակալության իրավունքով գրանցումը հանրային ռեգիստրում պահանջել է Անտառային գործակալության պետի տեղակալ Դավիթ Ալադաշվիլին, ով ոչ մի այլ դեպքում շահագրգիռ անձի փոխարեն դիմում չի ներկայացրել։ Անտառային գործակալության և Նունու Թամազաշվիլիի միջև կնքված պայմանագիրը Անտառային գործակալության պետի տեղակալի կողմից դեկտեմբերի 29-ին, ժամը 16:45-ին ներկայացվել է Հանրային ռեգիստր։ Ժամը 17:30-ին այն արդեն հաստատվել է: Նույն իրավունքի գրանցման փաստաթղթերը ստուգելուց պարզ է դառնում, որ դիմորդները պետք է սպասեն առնվազն մեկ օր։
Պայմանագրի համաձայն՝ Նունու Թամազաշվիլին պետք է այս տարածքում կազմակերպի զբոսաշրջային, հանգստի գոտի և տարեկան 6 000 լարի վճարի պետությանը։ Պայմանագրով նախատեսված են նաև անտառների խնամքի պարտավորություններ։
Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը անտառը մասը փոխանցելու լուրը ԶԼՄ-ների կողմից բացահայտվելուց հետո կառավարությունը համառորեն փորձում էր հանրությանը համոզել, որ անտառ վարձակալելը ոչ թե արտոնություն է, այլ պատասխանատվություն։ Նույնը կարող է անել երկրի ցանկացած քաղաքացի։ Այս հողամասում տեղաշարժը որևէ մեկի համար չի սահմանափակվելու և այնտեղ վարչապետի ընտանիքը հանգստի գոտի է կազմակերպելու։
«Այն, ինչ կոչում են անտառ, կոնկրետ տարածք է՝ մինչև կես հեկտար, որտեղ ընդամենը մի քանի ծառ կա։ Դա ցույց է տալիս, որ ընդդիմադիր լրատվամիջոցներում խոսելու բան չի մնացել և նրանք խոսում են նման թեմաների մասին»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ավելի ուշ հատուկ հայտարարություն է տարածել կառավարությանն առընթեր Ստրատկոմը։ Գործակալությունը փետրվարի 4-ին հրապարակած գրառմանը կցել է նաև տեսանյութ, որտեղ երևում են վարչապետի տան և շրջակա անտառի կողմից արված կադրերը։ Պարզաբանման մեջ Ստրատկոմը նշում է. «Լիովին անհեթեթ է խոսել այն մասին, որ Բակուրիանիի բնակչությունը և զբոսաշրջիկները այլևս չեն կարողանա տեղաշարժվել Բակուրիանի անտառում»:
«Մթիս Ամբեբիի» խումբը փետրվարի 18-ին մեկնել է Բակուրիանի։ Երբ մոտեցանք վարչապետի տանը, կողքի տնակից դուրս եկան քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդ և սկսեցին պարզել մեր՝ այնտեղ գնալու պատճառները։ Նրանցից մեկը տեսախցիկը նկատելուց հետո, փորձեց ստիպել մեզ լքել տարածքը։
«Ուղիղ եմ ասում, դա չեք կարող նկարել։ Նստեք մեքենան ու գնացեք» - ասաց նրանցից մեկը, որը մինչ այդ ներկայացել էր որպես հարևան քոթեջի սեփականատեր և որը իբր չէր ուզում որ իր սեփականությունը նկարահանենք։
«Թույլ չեմ տա իմ սեփականությունը նկարահանեք, եթե չեք ուզում ուժով հեռացվել՝ նստեք մեքենան ու գնացեք»։
Վարչապետի «հարևանները» նույնիսկ փորձեցին խլել տեսախցիկը և հեռախոսները և ոչ թե թույլ չտվեցին մտնել անտառ, այլ նույնիսկ մոտենալ դրան։
Գիտեին արդյոք բակուրիանցիները, որ վարչապետի տան ետևում կես հեկտար անտառ է տրվելու վարձակալությամբ։ Դժվար է Բակուրիանիում գտնել մեկին, ով բացահայտ կարող է խոսել այս թեմայով։ Տեղացի Բաքար Շիրաձեն, որը «Եվրոպական Վրաստան» կուսակցության Բորջոմիի տարածաշրջանային կազմակերպության նախագահն է, չի հավատում, որ վարչապետի կինը անտառում զբոսաշրջային գոտի կկազմակերպի, որտեղ զբոսաշրջիկները կարող են ազատ մուտք գործել։
«Բակուրիանեցիների համար հողի գրանցումը շարունակում է մնալ ամենամեծ ու չլուծված խնդիրը։ Նրանք պապական հողեր ունեն, որոնք չեն կարողանում օրինականացնել։ Տեղացիներին արգելվում է հողատարածքներ գրանցել սեփական բակերում։ Բակերը վերածվել են հանգստի գոտիների, մարդկանց շինթույլտվություն չեն տալիս։ Մենք ունենք բազմաթիվ նման օրինակներ և՛ Բորջոմիում, և՛ Բակուրիանիում, և ի՞նչ ենք մենք տեսնում այս պահին:
Վարձակալված անտառային հատվածը սահմանակից է վարչապետի տան հետնաբակին։ Ուստի Բաքարին դժվար է պատկերացնում, որ այս վայրը երբևէ կդառնա առողջարանային-հանգստի գոտի։
«Որ մի տեղացին, թեկուզ ներկայացուցիչը գիտեր այդ մասին։ Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, որ մարդիկ գաղափար անգամ չունեն։ Ենթադրենք, այս տարածքը վերածվել է հանրայինի, և Իրակլի Ղարիբաշվիլին այնքան լավ մարդ է դարձել, որ բակուրիանցիների համար զբոսանքի և հանգստի գոտի է պատրաստում, մարդկանց հրավիրել և հարցրե՞լ եմ, թե ինչպես են ուզում որ լինի, այստեղ ոչ մեկը չի հավատում է, որ այդ ամենի համար է արվում»:
«Նա» և «նրա» անտառը Աբասթումանիում
Աբասթումանիում, սեփական տան ետևում, նախկին վարչապետը նույնպես պետք է զբոսավայր կառուցեր ու զբոսաշրջային ենթակառուցվածքով ապահովեր։ Բիձինա Իվանիշվիլին Պահպանվող տարածքների ազգային գործակալությունից 45 տարվա վարձակալությամբ 2019 թվականին ստացել է 12 հազար քառակուսի մետր անտառ, որը պատկանում է Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկին։
Բակուրիանիից գնացինք Աբասթումանի՝ տեսնելու այդ տուրիստական ենթակառուցվածքը։
«Այստեղ արահետներ կային, ազատ քայլում էինք, հիմա չես կարող մտնել՝ քարերով պարսպապատված է»։
«Միայն կարող ես վերևից իջնել, անտառից, բայց պաշտպանությունը միանգամից կֆիքսի»,- մեզ հետ զրույցում ասում է տեղացիներից մեկը։ Հարցին, թե ում պաշտպանությունը, պատասխանում է՝ «նրա»։
Բիձինա Իվանիշվիլին այստեղ հիշատակվում է դերանուններով՝ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը։
Աբասթումանիի մեկ այլ բնակիչ էլ մեզ հետ զրույցում ասում է, որ անտառի այն հատվածը, որտեղ «նրա տունն է» ոչ ոք չի մտնում, բայց Աբասթումանիում արդեն շատ տեղեր կան զբոսաշրջային արահետների համար, ուստի «նրա» մեկ հեկտար անտառի պարսպումը, ոչինչ չի փոխում։
Զբոսաշրջային ենթակառուցվածքի փոխարեն, որը «Երազանքի» առաջնորդը համաձայնել էր անել անտառի վարձակալությունից հետո մեկ տարվա ընթացքում, մենք տեսանք միայն տարածքը օտարներից պաշտպանության ենթակառուցվածք՝ մեծ պարիսպ, տեսախցիկներ ամեն անկյունում, պահակակետ և արհեստական ժայռ։
Անտառը, որը սահմանակից է Բիձինա Իվանիշվիլիի տանը, ըստ հանրային ռեգիստրի, պատկանում է ՍՊԸ Աբասթումանի 2019-ին, որն իր հերթին պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին կից օֆշորային Limestone Finance International ընկերությանը։
Աբասթումանի 2019-ի և Պահպանվող տարածքների գործակալության միջև կնքված վարձակալության պայմանագրում նշված է, որ վարձակալը տարածքը կփոխանցի տուրիստական ենթակառուցվածքների զարգացման համար։ Այստեղ ընկերությունը պետք է կազմակերպեր առնվազն երկու հանգստի տաղավար և տուրիստական արահետ։ Անօդաչու սարքով արված կադրերը ցույց են տալիս, որ անտառում՝ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ, իսկապես երկու տաղավար կա, որոնք սակայն՝ պահակաշտարակի դեր են կատարում։
12000 քմ պահպանվող տարածքից 45 տարի օգտագործելու դիմաց ընկերությունը պետությանը տարեկան վճարում է 8200 լարի։
Ինչո՞ւ է այս տարածքում սահմանափակվում բնակչության տեղաշարժը, արդյո՞ք գործակալությունը տեղեկություն ունի այդ մասին և արդյո՞ք արձագանք է եղել այս փաստին,- պարզելու համար «Մթիս Ամբեբին» կապ հաստատեց Պահպանվող տարածքների գործակալության հետ։ Գործակալությունից մեզ հայտնեցին, որ հարցերին կպատասխանեն գրավոր, թեպետ նամակը ստանալուց մեկ ամիս անց էլ պատասխան չենք ստացել։
Ինչպես է անտառը տրվում վարձակալության
Վրաստանում անտառների վարձակալությունը պարզեցվել է 2020 թվականից՝ Անտառային նոր օրենսգրքի ընդունումից հետո։ Եթե նախկինում անտառների վարձակալության համար պահանջվում էր կառավարության թույլտվություն և պետական վարչական վարույթ, ապա նոր օրենքով վարձակալության պատասխանատվությունն ամբողջությամբ փոխանցվում էր անտառների կառավարման մարմնին: Փոխվել է նաև վարչական վարույթի ձևը, և հանրայինի փոխարեն այս գործընթացն իրականացվում է պարզ ձևով, ինչը նշանակում է, որ հասարակությունը ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ անտառօգտագործման հատուկ ձևերն են՝
- Կտրման համար փայտանյութի արտադրություն,
- Ոչ փայտային անտառային ռեսուրսների, փայտային բուսական արտադրանքի և երկրորդային փայտանյութերի արտադրություն,
- Պլանտացիոն ֆերմայի կազմակերպում,
- Անտառօգտագործում գյուղատնտեսական նպատակներով,
- Անտառօգտագործում առողջարանային, ռեկրեացիոն, սպորտային և այլ մշակութային-ռեկրեացիոն նպատակներով,
- Ձկնաբուծական տնտեսության և (կամ) որսորդական ֆերմայի կազմակերպում, կենդանիների ապաստարանի և բուծման կազմակերպում,
- Անտառօգտագործում գիտահետազոտական և կրթական նպատակներով, անտառի հատուկ օգտագործում հատուկ նպատակներով։
Վրաստանում Պահպանվող տարածքների գործակալությունը անմիջականորեն պատասխանատու է այն անտառների համար, որոնք գտնվում են ազգային պարկի կամ այլ պահպանվող տարածքի սահմաններում: Անտառների այլ կառավարումը պատկանում է Ազգային անտառային գործակալությանը։
Անտառից օգտվելու իրավունք ստանալու համար շահագրգիռ անձը պետք է դիմի գործակալություն՝ հայտով, որտեղ նշված է, թե գործունեության համար է անհրաժեշտ անտառը։ Դիմումին պետք է կցվի տվյալ տարածքի կադաստրային հետազոտության գծագիրը: Եթե գործակալությունը բավարարում է պահանջը, ապա աճուրդի կհանվի անտառային հողամասը, իսկ աճուրդի ավարտից հետո հաղթողի և գործակալության միջև կնքվում է պայմանագիր։
Գործակալությունը անտառի կառավարման պլանի համաձայն է որոշում է, անտառի որ հատվածը պետք է տրվի վարձակալության, որը՝ ոչ։ Օրենսգրքով նման տասնամյա ծրագիր պետք է լինի երկրի բոլոր անտառային շրջանների համար։
Ազգային անտառային գործակալությունը տնօրինում է 1,993,900.0 հա պետական անտառ, որից միայն մոտ 20%-ի՝ 396,154.0 հա-ի համար է կազմված անտառների կառավարման պլաններ:
«Մթիս Ամբեբին» գործակալությունից պահանջել է Բորջոմ-Բակուրիանի և Ադիգենիի անտառային շրջանների կառավարման պլանները։
Բորջոմ-Բակուրիանի անտառօգտագործման պլանը Անտառային գործակալության կողմից ընդունվել է 2014 թվականին, 220 էջանոց փաստաթղթում հիմնականում տրված է ընդհանուր տեղեկատվությունը՝ ծառատեսակներին և դրանց որպես փայտանյութ օգտագործման մասին։ Փաստաթղթում ոչինչ չի ասվում, թե որ հատվածները կարելի է վարձակալել, որոնք՝ ոչ։
Նման ծրագիր Ադիգենիի համար դեռ չկա։ «Այս փուլում «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) ծրագրի շրջանակներում մշակվում է անտառների կառավարման պլան։ Ծրագրի ավարտից հետո կանցկացվի հանրային լսում, որից հետո այն կտեղադրվի մեր կայքում»,- մեզ գրել է գործակալությունը։
Հանրային բարիք՝ առանց հանրության
«Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Իրակլի Մաճարաշվիլին կարծում է, որ թե՛ հանրային լսումները, թե՛ անտառների վարձակալության ընթացակարգերը, ըստ էության, միայն ֆորմալ բնույթ են կրում, և դրան բնակչության մասնակցությունն անգամ նվազագույն չէ։
«Նախկին օրենսդրության համաձայն՝ մինչ անտառների լիցենզիաների տրամադրումը, վարում էին պետական վարչական վարույթ՝ որոշելու, թե արդյոք տարածքը արժե աճուրդի հանել։ Սրա համար պետք էր հանրային քննարկումներ կազմակերպել, հիմնավորել, որ անտառի այս կամ այն հատվածն ավելի լավ կօգտագործվի, եթե աճուրդի հանվի։ Ցավոք, նոր օրենսգրքում այս հարցը դուրս է մնացել։ Այսօր սահմանվում են անտառօգտագործման տարբեր ձևեր»։
«Անտառօգտագործման այս ձևերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ թե հրապարակային, այլ պարզ վարչական կարգով, այսինքն՝ առանց հանրային մասնակցության, կարծիքի և հանրային քննարկման։
«Անտառների կառավարման պլանները գործնականում, որքան գիտեմ, հեռու են հանրության իրական մասնակցությունից։ Կարելի է ասել, որ ֆորմալ կերպով հանրային վարչական կարգով է տեղի ունենում հաստատումը, բայց գործնականում հանրային քննարկում և մասնակցություն չկա։ Այսօր, որտեղ վարձակալված անտառներ կան, այս տարածքներում էլ կարող են հաստատվել կառավարման պլաններ, բայց չեմ կարծում, որ հասարակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել այդ ծրագրերի հաստատմանը կամ ինչ-որ կերպ ծրագրում նշվել է հանրության արտահայտած կարծիքը։ Այն գրված է նաև շատ տեխնիկական լեզվով, ոչ մասնագետների համար անհասկանալի լեզվով, նույնիսկ եթե պլանը վերաբերում է ոչ մասնագետի կարևոր բնապահպանական և սոցիալական և տնտեսական շահերին: Սա այսօր հիմնական խնդիրներից մեկն է, որ կարելի է այս կամ այն տարածքում վարձակալություն տալ, օրենքը չի խախտվում, դրա հետ մեկտեղ ծանոթությունը, ազդեցության այլ ձևեր կիրառելը կարելի է անել առանց օրենքը խախտելու»։
Արդյո՞ք վարձակալողը, որը անտառը վերցնում է ռեկրեացիոն նպատակներով, իրավունք ունի ցանկապատել տարածքը և սահմանափակել քաղաքացիների մուտքը այնտեղ, «Կանաչ այլընտրանքը» այս հարցին միանշանակ պատասխան ունի.
«Անտառային օրենսգիրքը սահմանում է օգտագործման այնպիսի ձև, որը կոչվում է անտառի համընդհանուր օգտագործում, որը նշանակում է հանգստի, ռեկրեացիա, մրգերի և սնկերի հավաքում։ Մի խոսքով, մարդը կարող է օգտագործել այս սովորական ձևը ցանկացած վայրում»:
«Ոչ միայն վարձակալված անտառում, այլև մասնավոր սեփականություն հանդիսացող անտառում սեփականատերը չի կարող սահմանափակել նման օգտագործումը»։
Իրակլի Մաճարաշվիլին կարծում է, որ անտառը որպես հանրային տարածք օգտագործելու իրավունքի սահմանափակումը նշանակում է սահմանադրական իրավունքի սահմանափակում՝ որ բոլորը կարող են տեղաշարժվել հանրային տարածքում։
Ինչ է ասում վիճակագրությունը
Վրաստանում անտառը հիմնականում օգտագործվում է կորորտային և ռեկրեացիոն նպատակներով։ 2017 թվականից առ այսօր վարձակալության է տրվել 99 997.0 քմ անտառային տարածք։ Անտառային գործակալության տվյալներով՝ պետությունը տարեկան ստանում է ավելի քան 55 000 լարի, և նրա շահերից է բխում, որ հնարավորինս շատ քաղաքացիներ ցանկանան անտառ վարձակալել։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործակալությունը դիմողների մեծ մասին բացասական պատասխան է տալիս։
Պետական անտառների վարձակալության համար ամենամեծ աճուրդը Ազգային անտառային գործակալությունը հայտարարել է 2021 թվականին։ Գործակալության տվյալներով՝ անցյալ տարի անտառից օգտվելու իրավունք ստանալու հայտ է ներկայացրել 173 մարդ, որից միայն 18-ն է բավարարվել ու աճուրդի հանվել։ Ի վերջո ստորագրվել է 13 պայմանագիր, այդ թվում մեկը՝ վարչապետի տիկնոջ հետ։
Վերջին հինգ տարիներին Անտառային գործակալությունը անտառ վարձակալողների հետ կնքել է ընդհանուր առմամբ 16 պայմանագիր: Միայն երեք դեպքում է հաղթողը մրցակից ունեցել, մնացած դեպքերում աճուրդի միակ մասնակիցներն են եղել հայտատուները։
Անտառային գործակալությունից պարզաբանում են, որ տարբեր ժամանակներում տասնյակ դիմողներ մերժվել են անտառային տարածքի վարձակալության իրավունք ստանալուց։ «Անտառի հատուկ օգտագործման համար պահանջվող տարածքներում մերժման հիմքերը գործող օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներն են։ Նշենք, որ ըստ օգտագործման տեսակի և աշխարհագրական տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվում է տարբեր վարչական մարմինների հետ։ Օրինակ՝ տեղական ինքնակառավարումը, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, գույքի ազգային գործակալությունը և այլն։ Եթե որևէ վարչական մարմին ունի պատճառաբանված մերժում, ապա դա հաշվի է առնվում վարույթի գործընթացում»,- ասված է Անտառային գործակալության նամակում։
Անտառների վարձակալները Վրաստանում
Զբոսաշրջության և ռեկրեացիոն նպատակներով պետական անտառը վարձակալել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետի և Էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովի ներկայիս նախագահ Դավիթ Նարմանիայի կնոջ ընկերությունը։ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Սաբադուրի անտառի 10 հեկտարը Պահպանվող տարածքների գործակալությունից 40 տարով փոխանցվել է Sabaduri Vilaje ՍՊԸ ընկերությանը, որը ամեն տարի պետք է վճարի 160 հազար լարի։
Sabaduri Vilaje ընկերությունը պետք է այստեղ կազմակերպեր զբոսաշրջային ենթակառուցվածքը, որի համար պետք է ծախսվեր առնվազն 4 մլն, սակայն ընկերությունը 2019 թվականին ստանձնած պարտավորությունը չի կատարել։
Պայմանագրի համաձայն՝ պարտավորությունը ժամանակին չկատարելու դեպքում, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ընկերությունը պետք է վճարի 20 լարի տուգանք։ Պայմանագրում նշվում է նաև, որ գործակալությունը պետք է նոր ողջամիտ ժամկետ սահմանի ընկերությանը՝ իր նոր պարտավորությունները կատարելու համար։ Սաբադուրի անտառը գտնվում է Պահպանվող տարածքների գործակալության պատասխանատվության ներքո: «Մթիս Ամբեբիին» գործակալությանից հայտնել են, որ ընկերությունը վճարում է միայն տուգանքը, և նոր ժամկետ չի սահմանվել իր պարտավորությունը կատարելու համար։ Ուստի հայտնի չէ, թե ընկերությունը երբ կկատարի իր պարտավորությունները։
«Մթիս Ամբեբին» նաև պարզել է Անտառային գործակալության հետ 2017 թվականից անտառօգտագործման պայմանագիր կնքած անձանց ու այլ ընկերությունների մասին։ Այդպիսի վարձակալներ ընդհանուր առմամբ 16-ն են։ Այդ պայմանագրերից 13-ը ստորագրվել են 2021 թվականին։
Այդպիսի վարձակալներից է Գոչա Զեիկիձեն՝ Մցխեթա-Մթիանեթիի նախկին նահանգապետը, ով տարեկան 205 լարիով 49 տարով վարձակալել է 684 քմ տարածք։ Զբոսաշրջային ենթակառուցվածքը կազմակերպելու համար նա պետք է այստեղ ներդնի առնվազն 50 000 լարի։ Անտառային գործակալությունը Գոչա Զեիկիձեի հետ պայմանագիր է կնքել 2021 թվականին։
Անտառօգտագործողների թվում է «Վրացական երազանքի» ամենամեծ դոնորներից մեկը՝ գործարար Դավիթ Թոփուրիձեն, ում 20 տարի վարձակալությամբ 800 քառակուսի մետր հողատարածք է տրվել Մցխեթայում՝ տուրիստական ենթակառուցվածքներ կազմակերպելու համար։ Հանրային ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Թոփուրիձեն բաժնետոմսեր ունի ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններում՝ «Թիֆլիսի Դիստիլերի», «Բարակոնի», «Թիֆլիսի», ինչպես նաև «Կոկա-Կոլա Սաութ Գրուպ» ընկերություններում։ Այս ընկերությունները զբաղվում են ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և արտահանմամբ։ Դավիթ Թոփուրիձե «Թիֆլիսը» 100 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին» 2019 թվականին։ Ավելի վաղ՝ 2018 թվականին, նա 80 հազար լարիով ֆինանսավորել էր «Երազանքի» կողմից սատարվող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական քարոզարշավը։
500 լարիի դիմաց Մցխեթայում վարձակալության իրավունք է ստացել նաև Թամթա Դեմուրաշվիլին, ով 2015 թվականից Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի նախարարության բժշկական վարչության պետ է աշխատում։ Պայմանների համաձայն՝ նա պետք է մեղուների համար տեղ կազմակերպի 186 քմ տարածքում։ Վարձակալության ժամկետը 5 տարի է։
299 քմ անտառային տարածքը 49 տարի վարձակալել է Ամիրան Գունցաձեն։ 2000 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ նա եղել է հարկային եկամուտների նախարարության վարչություններից մեկի պետի տեղակալ։ Նրա որդին՝ Գիորգի Գունցաձեն, Առողջապահության նախարարության Դեղագործության կարգավորման գործակալության ղեկավարի տեղակալն է։ Մինչ այդ նա եղել է դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետը։
Անտառային ֆոնդում ընդգրկված հողատարածքի վարձակալն է Խուլոյի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության ղեկավար Զվիադ Թավարթքիլաձեի հայրը։ Սուլիկո Թավարթքիլաձեն վարձակալությունը շահել է 2021 թվականի հոկտեմբերին։ Պայմանների համաձայն՝ նա պետք է կազմակերպի զբոսաշրջային հանգստի գոտի և քոթեջներ Բեշումի հանգստավայրում։
Ռուսթավի 2 հեռուստաընկերության հաղորդավար Նաթիա Լազաշվիլին 49 տարով վարձակալել է իր տան մոտ գտնվող պետական անտառը։ Նրա ամուսինը Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովի անդամ է։ 1522 քմ տարածքի դիմաց նա պետք է պետությանը տարեկան 4566 լարի վճարի։
2017 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ, ըստ Անտառային գործակալության, կնքվել է երեք պայմանագիր՝ երեք էլ ընկերություններ:
2017 թվականին անցկացվել է ընդամենը մեկ աճուրդ՝ Մարտվիլիում ժամանակավոր օգտագործման համար տրամադրվել է 3115 քմ տարածք՝ անասունների ժամանակավոր կացարանի համար։ Տարեկան վարձավճար՝ 140 լարի։ Հաղթող է ճանաչվել ՍՊԸ Royal Dent-ն, որի 100%-ը պատկանում է գործարար Իրակլի Լոմայային։ 2021 թվականին նա ընդհանուր առմամբ 50 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։
2018 թվականին աճուրդ չի հայտարարվել, իսկ 2019 և 2020 թվականներին գյուղատնտեսական նշանակության երկու հողատարածք վարձակալության է տրվել՝ երկուսն էլ Ղվարելիի լճի հարևանությամբ։ Երկու դեպքում էլ հաղթող է ճանաչվել «Գինու ճանապարհ 2017» ՍՊԸ-ն։ Դրա սեփականատերը երիտասարդ գործարար Օմար Խատիաշվիլին է։
Մեր կողմից ձեռք բերված և հոդվածում ներկայացված տվյալները միայն արտացոլում են անտառօգտագործման հատուկ ձևերը, թեև աճուրդը անտառօգտագործման միակ միջոցը չէ։ 2020 թվականին, բացի անտառների վարձակալության ընթացակարգերի պարզեցումից, նոր օրենսգրքում կատարվեց ևս մեկ կարևոր փոփոխություն՝ Վրաց պատրիարքարանին իրավունք տրվեց օրինականացնել մինչև 20 հեկտար անտառը եկեղեցիների և վանքերի մոտ։ Դրա համար եկեղեցուն ոչ աճուրդ է պետք, ոչ էլ հրապարակայնացում։
Պատրիարքարանին այս իրավունքի տրամադրումն օրենքի ընդունման ժամանակ առաջացրել է հասարակության և հասարակական կազմակերպությունների բողոքը։ Քաղաքացիական հատվածը արձանագրությունը որակեց որպես խտրականություն այլ կրոնական ուղղությունների նկատմամբ, սակայն չնայած այդ ամենին խորհրդարանն ընդունեց օրինագիծը:
Ներկայումս հնարավոր չէ հստակ ասել, թե պատրիարքարանը քանի անտառ ունի։ Ուղղափառ եկեղեցին ամեն տարի պետությունից ստանում է անշարժ գույք՝ հող և շինություններ։ Համաձայն Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի և այլ հասարակական կազմակերպությունների՝ պետության կողմից ուղղափառ եկեղեցուն մինչ օրս փոխանցված գույքը կազմում է մոտավորապես 64 քառակուսի կիլոմետր, ինչը հավասար է Վատիկանի, Մոնակոյի, Նաուրուի և Տուվալուի տարածքին ընդհանուր վերցրած։
Հեղինակ՝ Ռոբի Զարիձե