Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո վառելիքի գներն ամբողջ աշխարհում բարձրացել են: ԱՄՆ-ում բենզինի և դիզվառելիքի գները հասել են ռեկորդային մակարդակի։ Գները բարձրանում են Եվրոպայում, Հնդկաստանում և այլ երկրներում։
Կտրուկ աճ է սկսվել նաև Վրաստանում։ Փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր գներն աճել են ավելի քան 20%-ով և այժմ հասել են պատմական առավելագույնին։
Վառելիքի թանկացումը ոչ միայն ավտոմեքենա ունեցողներին է ազդում, ովքեր բենզին կամ դիզել են լցնում, այլ նաև նպաստում է այլ ապրանքների թանկացմանը։
Թանկացման պատճառները
Այս հարցով «Ռեգինֆոն» դիմել է Նավթամթերք արտադրողների և ներմուծողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլիին։ Վերջինս թանկացումները բացատրում է միջազգային շուկայում նավթի գների աճով և լարիի արժեզրկմամբ։
«Մեր երկիրը լրիվությամբ կախված է ներմուծումից, հետևաբար ներմուծումն իրականացվում է միջազգային բարձր գներով։ Պատերազմի սկզբից մինչև այսօր բենզինի միջազգային գինը բարձրացել է մոտ 20%-ով, իսկ դիզելինը` 42%-ով։ Հենց այդ պատճառով է վերջին մեկ ամսում դիզվառելիքը գերազանցել է 4 լարին ու թանկացել է 80 թեթրիով։ Նավթի գնի վրա ուղղակիորեն ազդում են աշխարհաքաղաքական իրավիճակն ու սպասումները։ Ռուսաստանը աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է։ Շատ երկրներ պատժամիջոցներ են կիրառում և հրաժարվում ռուսական նավթից, ուստի մատակարարման ակնկալիքները փոխվել են, և նավթի գինը կտրուկ բարձրացել է։ Այս բացասական հետևանքներն ուղղակիորեն կապված են Ռուսաստանից արտահանման ծավալների կրճատման հետ։ Մինչև պատերազմը նավթի պահանջարկն ավելի մեծ էր, քան առաջարկը, իսկ հիմա այս ամենն է ավելացել դրան»,- մեզ հետ զրույցում ասաց Վանո Մթվրալաշվիլին։
Մարտի սկզբին հում նավթի գները 2008 թվականի ճգնաժամից ի վեր առաջին անգամ գերազանցեցին բարելի դիմաց 130 դոլարը։ Այսօր նավթի գներն իջել են, օրինակ՝ Brent տեսակի նավթի գինը մինչև 115 դոլար է, սակայն Վրաստանում վառելիքի գնի վրա դեռևս միայն թանկացումն է ազդում և ոչ թե էժանացումը։
Երիտասարդ ֆինանսիստների և գործարարների ասոցիացիայում կարծում են, որ խոշոր ընկերությունները ստեղծված իրավիճակն օգտագործում են ի շահ իրենց և սեփական բիզնես շահերի. «Ներկայիս միտումները թույլ են տալիս այն հնարավորություննը, որ գները սկսեն նվազել։ Դրա օրինակն են փոքր ընկերությունները, որոնք արդեն սկսել են գներն իջեցնել։ Եթե փոքր ընկերությունները կարող են դա անել, մեծ ընկերությունները առավելևս ունեն դրա ռեսուրսները: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք հիմքեր ունենք ասելու, որ ընկերությունները չեն օգտագործում այն գործիքները, որոնք ունեն գնի իջեցում ուղղությամբ»,- «Ռեգինֆո»-ի հետ զրույցում ասում է ասոցիացիայի փոխնախագահ Պաատա Բայրախտարը։
Այս կարծիքի հետ համաձայն չէ Վանո Մթվրալաշվիլին, ով համոզված է, որ ընկերություններին առանց այդ էլ ձեռնտու չէ թանկացումները, քանի որ թանկացումները նվազեցնում են սպառումը․ «Սխառողը այդ դեպքում դժգոհում է ու սկսում օգտվել այլ ոչ բրենդային ընկերություններից, որոնք շատ ավելի էժան են։ Հաճախորդները ընտրության հնարավորություն ունեն և գնում են այնտեղ, ուր ցանկանում են գնալ: Ինչու՞ պետք է բարձրացնեն գինը։ Դրանով իրենց են վնասելու ու սպառողներ են կորցնելու»։
Որտեղից և որքան վառելիք է ներմուծվում Վրաստան
Վրաստանը տարեկան գնում է միջինը 1․2 մլրդ տոննա նավթ և նավթամթերք (բենզին և դիզել), որի համար վճարում է շուրջ 750 մլն դոլար։
2021 թվականին վառելիքի ներմուծումը երկիր նախորդ տարվա համեմատ աճել է 3․9%-ով։ Ներմուծումը 2019 թվականին նախահամաճարակային ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել է 4․8%-ով, ինչը վկայում է սպառման աճի մասին։
Երկրում ամենապահանջվածը ռեգուլյար տեսակի բենզինն և ամենամեծ քանակությամբ (64%) այս տեսակն է ներկրվում է։ Այնուհետև գալիս են պրեմիումը (34%) և սուպերը (2%):
Ռուսաստանը Վրաստանի համար նավթի գլխավոր մատակարարներից է։
Վառելիք մատակարարող 5 հիմնական երկրները
- Թուրքմենստան – 244․6 հազար տոննա
- Ռուսաստան -221․2 հազար տոննա
- Ադրբեջան – 215․8 հազար տոննա
- Ռումինիա – 204․6 հազար տոննա
- Բուլղարիա -167․7 հազար տոննա
Չնայած որ 2021 թվականի տվյալներով՝ վառելիքի ներկրմամբ Ռուսաստանը երկրորդ տեղում է, 2018-2020 թվականներին այն զբաղեցնում էր առաջին տեղը։
Ռուսաստանից ներմուծումը սկսել է զգալիորեն աճել 2013-14 թվականներից հետո, և վերջին 5 տարում Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է միջինը 23%։
Նավթարտադրողների և ներկրողների միությունում նշում են, որ վառելիք ներկրողները շուտով ստիպված կլինեն փոխարինել ռուսական շուկան։ «Դեռևս սահմանված պատժամիջոցները զգալի ազդեցություն չունեն, սակայն շուտով խնդիրներ կառաջանա ներկրողների համար և հավանաբար, առաջիկայում էլ ավելի կդժվարանա ներմուծումը և նրանք ստիպված կլինեն այլընտրանքային շուկաներ փնտրել Բուլղարիայում, Ռումինիայում կամ Հունաստանում։
Մեծ հնգյակի ծագումը
Վրացական շուկայում նավթամթերքի 5 խոշոր ներկրող և իրացնող կա, որոնցից երկուսի հետևում ռուսական ընկերություններ են կանգնած։
SOCAR Georgia Petroleum
Վրացական շուկայում ամենամեծ ընկերությունը SOCAR Georgia Petroleum-ն է, որի 100%-ը պատկանում է SOCAR Energy Georgia-ին։ SOCAR Energy Georgia-ն երկրի նավթի և բնական գազի կոմունալ ծառայությունների ոլորտում մոտ 30 ընկերություն ունի և վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։
2020 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը կազմել է 600․9 մլն լարի, ակտիվները՝ 291․3 մլն, զուտ վնասը՝ 145․5 մլն։
Gulf Georgia
Վրաստանում Gulf-ը 2010 թվականից ներկայացնում է San Petroleum Georgia-ն, որը վերահսկվում է Petroca Energy International Limited-ի կողմից, որի 49%-ը պատկանում է ռուսական պետական նավթային Rosneft ընկերությանը և 38%-ը՝ վրացի միլիոնատեր Դավիթ Իակոբաշվիլիին: Գործարարի գործունեությունը նույնպես սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։
Petroca Energy International Limited-ին է պատկանում նաև Վրաստանում գտնվող Petroca Fuel Services Georgia-ն, որը երկրում ավիացիոն վառելիքի վաճառքով է զբաղված։
2020 թվականին Gulf Georgia-ի եկամուտը կազմել է 535․3 մլն լարի, ակտիվները՝ 229,4 մլն, իսկ զուտ շահույթը՝ 1․9 մլն լարի։
Rompetrol Georgia
Rompetrol-ը Վրաստանում գործում է 2005 թվականից։ Ընկերության վերջնական սեփականատերը ղազախական պետական ներդրումային Samruk-Kazyna ընկերությունն է։
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 432 մլն լարի, ակտիվները՝ 146․4 մլն, իսկ զուտ վնասը՝ 7 մլն։
Wissol Petroleum Georgia
Wissol Petroleum Georgia-ն պատկանում է Wissol Group-ին, որի սեփականատերերի ցանկը հետևյալն է՝
Լեևան Փխակաձե՝ 35․77%, Սոսո Փխակաձե՝ 30․98%, Գիորգի Ռամիշվիլի՝ 15․50%, Նուգզար Աբրամիշվիլի՝ 8․25%, Ալեքսի Թոփուրիա՝ 7․12%, Դեյվիդ Բորգեր՝ 2․38%։
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 353․3 մլն լարի, ակտիվները՝ 225․4 մլն, զուտ շահույթը՝ 3 մլն։
Wissol Group-ը նաև ունի երեք ցամաքային նավթային տերմինալներ և դուստր ձեռնարկություններ՝ Smart, Wendy's Georgia, Dunkin', Vianor Georgia, MP Development և Alma:
Lukoil Georgia
Lukoil Georgia-ի սեփականատերը ռուսական PJSC Lukoil Group-ի անդամ է։ Ընկերությունը մի քանի միլիոն լարիի պարզեցված գնումների պայմանագրեր ունի պետության հետ և հաճախ հաղթում է նաև մրցույթներում։ Transparency International-ի վերջին հետազոտության համաձայն՝ 2012-2022 թվականներին «Լուկօյլ-Վրաստանը» պետական գնումներից ստացել է մինչև 200 մլն լարի։ Մասնավորապես, ընկերությունն ընդհանուր առմամբ 61 մլն լարիի պայմանագրեր է կնքել էլեկտրոնային մրցույթներից, 11 մլն լարիի` պարզեցված գնումներից, 129 մլն լարիի` կոնսոլիդացված գնումներից:
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 239․3 մլն լարի, ակտիվները՝ 74․7 մլն, զուտ շահույթը՝ 1․2 մլն։
Ռուսական նավթի հիմնական գնորդներն են ԵՄ անդամ երկրները և Չինաստանը։ Վառելիքի գների փոփոխությունները ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում ապագայում կախված կլինեն միջազգային քաղաքականության հիմնական խաղացողներից։ Ուկրաինա ներխուժելուց հետո շատ երկրներ որոշեցին նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգետիկայից։ Ռուսաստանից ներմուծումն արդեն արգելել են ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան։ Մինչև տարեվերջ ռուսական նավթից պատրաստվում է հրաժարվել նաև Մեծ Բրիտանիան։