«Հասարակական տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունն այս փուլում կպահպանվի»,- ասել է hամակարգող խորհրդի ներկայացուցիչ ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Բացի այդ, քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների, այդ թվում՝ սոցիալական միջոցառումների համար։
«Հեռավար աշխատողները կվերադառնան իրենց աշխատանքին, Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք երկիր կվերադառնան առանց PCR թեստի, կվերացվի ինքնամեկուսացման պարտավորությունը։ Գործնականում բոլոր սահմանափակումները, բացառությամբ փակ տարածքում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորության, այս փուլում վերացվում են»,- ասել է Ղիբրաձեն։
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1053 մարդու մոտ։ 24 ժամվա ընթացքում վիրուսից ապաքինվել է 2067 մարդ, գրանցվել է մահվան 7 նոր դեպք։
Այսօր երկրում հայտնաբերված վարակի 1053 նոր դեպքից 447-ը՝ Թբիլիսիում է, իսկ ըստ շրջանների վարակվածների քանակը հետևյալն է՝
- Աջարիա - 34,
- Իմերեթի - 143,
- Քվեմո Քարթլի - 37,
- Շիդա Քարթլի – 65
- Գուրիա - 84,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 99,
- Կախեթի - 76,
- Մցխեթա-Մթիանեթի - 28,
- Սամցխե-Ջավախեթի - 13,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի- 27:
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին այսօր հայտարարել է, որ Վրաստանն արդեն այս շաբաթ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ կստանա։ Նախարարը hամակարգող խորհրդի նիստից հետո ասել է, որ այս դեղորայքն անվճար կլինի բոլոր պոտենցիալ ծանր հիվանդների համար։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ապրիլի ընթացքում կշարունակվի պատվաստումների խրախուսման ծրագիրը, ըստ որի՝ 50 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստանյութի առաջին դեղաբաժնի համար կստանան 200 լարի, իսկ խթանիչ երրորդ դոզայով պատվաստման դեպքում՝ 100 լարի։
Վրաստանում մարտի 22-ի տվյալներով լրիվ պատվաստվել է չափահաս բնակչության 43,6 տոկոսը։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն այսօր հայտարարել է, որ շուրջ 400 հազար դեղաչափ պատվաստանյութի ժամկետը մարտի վերջին լրանում է։ Նրա խոսքով՝ դժվար է, սակայն մինչև հուլիս ամիս պետք է չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվի։