Վրաստանի կառավարությունը գյուղատնտեսական մթերքներով երկրի ինքնաբավությունը բարձրացնելու նպատակով փոփոխություններ է կատարել արտոնյալ ագրովարկերի ծրագրում։ Գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, ֆերմերները հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով վարկ ստանալ միամյա բույսեր աճեցնելու համար։
«Արտոնյալ վարկի շրջանակներում ֆերմերները կկարողանան ֆինանսավորել շրջանառու կապիտալի համար անհրաժեշտ դրամական միջոցները, ինչպիսիք են օրինակ սերմնանյութերը, վառելիքը, տեխնիկայի վարձակալությունը և այլ ծախսեր։ Նման վարկի շրջանակներում պետությունը կսուբսիդավորի տոկոսադրույքի 9 տոկոսը»,- ասել է Շամուգիան։
Նախարարի պարզաբանմամբ՝ բանկի կողմից տրվող ագրովարկի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 18 տոկոսը․
«Մենք կսուբսիդավորենք տոկոսադրույքի առնվազն կեսը։ Կարծում ենք, որ դա էապես կնպաստի էժան դրամական ռեսուրսների հասանելիությանը՝ երկրում միամյա բույսերի արտադրության համար»։
Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ այսօր տեղի ունեցած նիստում կառավարության կողմից ընդունած երկրորդ կարևոր որոշումը վերաբերում է գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցությանը և ենթադրում է 80 տոկոս համաֆինանսավորում բանջարեղենի պահեստավորման տնտեսությունների ստեղծման համար։
«Բանջարեղեն մշակող ֆերմերները կարող են միավորվել կոոպերատիվ ստեղծելու համար և եթե նրանք բավարարեն կառավարության կոնկրետ որոշմամբ սահմանված պայմանները, ապա բանջարեղենի պահեստավորման տնտեսությունների ստեղծման համար դրամաշնորհի տեսքով կստանան համաֆինանսավորում պետությունից՝ ընդհանուր արժեքի 80 տոկոսի չափով։ Իհարկե, այս ամենը միտված է նրան, որ մեր ֆերմերները կարողանան իրենց արտադրանքը պահպանել բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան և պարբերաբար մատակարարել շուկա՝ այնպիսի պայմաններով, որոնք նրանց համար ավելի ձեռնտու կլինեն և կպահպանեն արտադրանքի որակը»,- կառավարության այսօրվա նիստից հետո ասել է Շամուգիան։
Կառավարության այսօրվա որոշմամբ «Արտոնյալ ագրովարկեր» ծրագրին ավելացվում է ենթաբաղադրիչ, որի համաձայն Գյուղի զարգացման գործակալությունը 12 ամսով համաֆինանսավորելու է ագրովարկի տոկոսադրույքի 9%-ը միամյա բույսերի աճեցման ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար:
Վարկի տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանվել է 18%: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի համար վարկի չափը սահմանվել է 5 000-100 000 լարի:
«Գյուղատնտեսական կոոպերատիվների պահեստային տնտեսությունների համաֆինանսավորման» պետական ծրագրով Գյուղի զարգացման գործակալությունը համաֆինանսավորելու է պահեստավորման և սառնարանային ենթակառուցվածքների կառուցումը, որոնք կօգտագործվեն միայն բանջարեղենի և կարտոֆիլի պահեստավորման համար։ 500 տոննա ծավալով պահեստային տնտեսության համաֆինանսավորման ծավալը կազմում է ոչ ավելի, քան դրա ընդհանուր արժեքի 80%-ը և ոչ ավելի, քան 450 000 լարի։